HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Իտալացի գրավաճառի ֆիլմը` «Ոսկե ծիրանում»

Իտալացի Տոմմազո Կոտրենեիի «Տղամարդկանց դպրոց» (2011) ֆիլմը պատմում է աղքատ ընտանիքից սերող պատանիների մասին, որոնք ստիպված են վաղ տարիքից աշխատել և հոգալ իրենց կարիքները: Մի բան, որ պարտադրում է նրանց կյանքը, սակայն իրականում նրանք կարիք ունեն ուսման, շփման, նոր մշակույթի: Ֆիլմում ներկայացված են խնդիրներ, որոնք բնորոշ են աշխարհի գրեթե բոլոր երկրներին և արդիական են:

Ռեժիսորն իր ֆիլմում պատմում է իր ընկերոջ ընտանիքի մասին, ներկայացնում նրանց խնդիրները: Իսկ վերջիններս փորձում են նրա միջոցով լսելի դարձնել իրենց բողոքի ձայնը: Տ. Կոտրոնեիի կարծիքով` այժմ վավերագրողներից ոմանք խնդիր ունեն, քանի որ նկարահանելով ֆիլմ աղքատների մասին, նրանց նայում են վերևից: Իր դեպքում ինքը կարիք չունի հատուկ ուսումնասիրել այդ մարդկանց, որպեսզի հասկանա նրանց, ինքը շատ լավ գիտի այդ կյանքը. ժամանակին ինքն ապրել է այդ կյանքով, եղել է աղքատ:

«Ես պատմում եմ իմ խնդրի, իմ հոգեկան դրամայի մասին», - ասում է ռեժիսորը:

Այստեղ արդեն ի հայտ է գալիս ռեժիսորի անձնական դրաման և պարզ է դառնում, որ ֆիլմի միջոցով ինքը բարձրացնում է նաև իր խնդիրները: Տ. Կոտրոնեին ևս վաղ տարքից սկսել է աշխատել անտառներում` օգնելով հորը: Լինելով բանվորական միջավայրում` իտալացի երիտասարդը միշտ կարիք է ունեցել մշակութային միջավայրի և հաղորդակցության: Այդպես են նաև իր ֆիլմի պատանիները, որոնք չունեն այդ մշակույթը, ճիշտ շփումն անգամ իրենց ծնողների հետ: Իսկ հաղորդակցման մշակույթի բացակայությունը մարդուն տանում է դեպի մենակություն և մելանխոլիա:

20 տարեկանում Տ. Կոտրոնեին փախչում է տնից, 5 տարի շրջում Եվրոպայում` ձեռքի տակ ունենալով միայն ֆոտոխցիկ: Պատահականորեն նա հայտնվում է կինոմատոգրաֆիստների միջավայրում և շփվելով նրանց հետ հասկանում, որ ինքը ևս կարող է ֆիլմեր նկարահանել: Շուտով ընկերոջ միջոցով գործ է գտնում գրախանութում, որոշակի գումար վաստակում և ձեռնամուխ լինում ֆիլմերի նկարահանմանը` դառնալով իր ֆիլմերի ռեժիսորը, սցենարիստը, օպերատորը և մոնտաժողը:  «Տղամարդկանց դպրոցը» նրա 6-րդ ֆիլմն է:

«Ինձ համար տարօրինակ է, որ ինձ անվանում են ռեժիսոր: Ես պարզապես գրախանութի աշխատող եմ: Ինձ համար մեծ հաջողություն էր բացահայտել գրքերի աշխարհը, որը փրկեց իմ կյանքը»,- խոստովանում է Տ. Կոտրոնեին:

Նրա համար ռեժիսորի մասնագիտությունը շատ բարդ է, իսկ ինքը պարզապես փորձում է գտնել և հասկանալ մարդկանց հոգու կարիքներն ու խնդիրները: Նրա խոսքերով` աղքատներին նայում են որպես ցածր խավ, մարդկանց, ովքեր կարիք ունեն աշխատելու, և չեն թափանցում նրանց հոգու խորքը, որոշներն էլ նրանց վերաբերում են որպես կենդանիների, որոնց միակ կարիքը աշխատանքն է:

Ռեժիսորի համար շատ արդիական է մշակույթի բացակայության խնդիրը, որ առկա է տարբեր տեղերում: Եթե չկա մշակույթ, մարդը կործանվում է և չի հասկանում կյանքի և մահվան էությունը: Մշակույթի բացակայությունը վերաբերում է ոչ միայն գյուղերին, այլև մեծ քաղաքներին, և անգամ հարուստները կարքի ունեն կրթվելու և զարգանալու:

Տ. Կոտրոնեին վստահ է, որ գիրքը կփրկի աշխարհը: Սակայն խնդիրն այն է, որ իշխանությունները դա չեն ցանկանում. եթե բոլորը լինեն կրթված և զարգացած, այդ դեպքում ով պետք է պանիր պատրաստի:

Ռեժիսորը խոստովանում է, որ իր ֆիլմը ներկայացվել է տարբեր փառատոներում, սակայն իր հայրենի Իտալիայում այն չեն ցանկանում դիտել, քանի որ բախվում են իրենց իրականությանը:

Այժմ Տոմազզո Կոտրոնեին շարունակում է աշխատել Հռոմի հրապարակում գտնվող գրախանութում` միաժամանակ սովորելով Հռոմի փիլիսոփայության համալսարանում: Սակայն գործի ծանրաբեռնվածության պատճառով այդպես էլ չի կարողանում մեծ ուշադրություն դարձնել ուսմանը և ավարտել այն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter