Հինգշաբթի, 24 ապրիլի

Նկարել է Մինասը, վերականգնում են տասնյակ արվեստագետներ. ռեստավրացիայի արվեստը (վիդեո)

Մարինե Մադաթյան


21:37, 14 հուլիսի, 2012

1988թ.-ի երկրաշարժը փշրեց Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարը՝ առիթ ստեղծելով, որ այսօր հայ և իտալացի ռեստավրատորները ամիսներ շարունակ վերականգնեն նկարչի` բեկորների բաժանված գործը: «Ռեստավրացիայի ծրագիրը, կարելի է ասել, միջպետական համաձայնություն է, պայմանագիր` կնվքած Իտալիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև,- նշեց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը:-Ռեստավրացիոն աշխատանքները կտևեն մոտ մեկ տարի, ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել իտալական կողմը»: Ծրագրին աջակցելու նպատակով Իտալիայից իր օգնականների հետ Հայաստան է ժամանել Ֆլորենցիայի արվեստի և ռեստավրացիայի ինստիտուտի դասախոս,  իտալացի հայտնի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին:  

Գյումրիի «Քարմշակմեքենա» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը 

Ցուլի ոսկորները եփվում են կաթսայի մեջ, մինչև դառնան սոսնձանման նյութ:  Այս նյութն անուն չունի: Իտալացիները այն նկարագրեցին որպես ռեստավրացիա կատարելու՝ Իտալիայից  ներկրված բաղադրատոմս, իսկ հայ աշխատակիցները կատակեցին, թե  «մեր խաշին է նման, էլի»:  Մի ամբողջ աշխատանքային օր հայերն ու իտալացիները միասին են, մի կողմից աղմկոտ մթնոլորտում փորձի փոխանակում է տեղի ունենում, մյուս կողմից էլ Մինասի որմնանկարի ռեստավրացիան «քանդում է» Հայաստանն ու Իտալիան. հայ ուսանողներն ուզում են գնալ Իտալիա, իտալացի ռեստավրատորներն էլ ուզում են մնալ Հայաստանում:

Հասմիկ Հակոբյան, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

Իտալացիների առաջին հաճոյախոսությունը, որ անում են իրենց հայ գործընկերներին, այն է, որ «հյուրասեր եք»: «Ապշեցուցիչ է Հայաստանում»,- ասում է Ֆիլիպ Քրոն Մորելլին, կողքից նրա մյուս գործընկերն ավելացնում է՝ «անմոռանալի է Հայաստանում»: Նրանց հատկապես դուր է եկել հայկական սնունդն ու հյուրասիրությունը:

Ֆիլիպ Քրոն Մորելլի, իտալացի ռեստավրատոր

Որմնանկարի վերկանգնման աշխատանքները սկսելուց առաջ «Մինաս Ավետիսյան» ֆոնդը հայտարարություն է տարածել և մրցութային կարգով ընտրել ռեստավրատորներին, որոնց մեջ կան նաև մինչ այդ ռեստավրացիայի փորձ չունեցող ուսանողներ. Մինասի որմնանկարը վերականգնելը նրանց համար ոչ միայն արվեստը փրկելու, այլև գործնական գիտելիքներ ձեռք բերելու փորձ է:  «Ես հեռուստատեսությամբ եմ իմացել մրցույթի մասին,- ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի ուսանողուհի Անահիտ Գալստյանը,- վերջնաժամկետը անցել էր: Երկու օր հետո դիմեցի, կարծում էի՝ չեմ անցնի, բայց ընտվեցի: Երկու փուլով էր մրցույթը: Առաջինը կրկնօրինակումն էր, այսինքն՝ նկարը դրված էր, պիտի նույնանման մատիտով նկարեինք: Երկրորդ փուլը հարցազրույցն էր. մեզ հետ կարճ խոսեցին, թե ինչու ենք ուզում, պատրաստ ենք արդյոք մեզ սպասվող աշխատանքին, ինչ է մեզ համար ռեստավրացիան և այլն»:

Դավիթ Սարիբեկյան, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի շրջանավարտ

Ասում է, որ սովորելու տարիների առհասարակ գործնական աշխատանք չի արել, նույնիսկ «գրեթե չի նկարել»: «Մենք իտալացիներից շատ բան ենք սովորում»,- ասում է Անահիտը: Թե հայ, թե իտալացի ուսանողներին աշխատանքի ժամանակ ուղորդում էր Ֆաբրիցիո Յակոբինին: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողուհի Հասմիկ Հակոբյանին այնքան է դուր եկել ռեստավրացիայի իտալական փորձը, որ ուզում է կրթությունը շարունակել Իտալիայում: «Ռեստավրացիա անել ես միշտ սիրել եմ: Բայց Հայաստանում այ ոլորտում ոչ մի ապագա չկա, ցավոք սրտի»,- ասում է Հասմիկը:

Ֆաբրիցիո Յակոբինիի հետ Հայաստան ժամանած խմբում  է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանող Դավիթ Սարիբեկյանը: Վեհափառ հայրապետի հովանավորությամբ  նա ուսանում է Ֆլորենցիայի Ռեստավրացիայի ինստիտուտում, որտեղ նրան դասախոսում է նաև Ֆաբրիցիո Յակոբինին:  «Ֆլորենցիան ռեստավրացիայի կենտրոնն է: 1966թ. ջրհեղեղից հետո քաղաքը ջրի տակ է անցնում, շատ ծավալուն գործեր վերականգնելու խնդիր է առաջանում, և սկսվում է հատուկ որմնանկրչության դպրոցների բացում, որոնք ամբողջովին այլ էին, ինչ մինչ այդ կային՝ 1800-ականներից սկսած»:

Մարիա Քիարա Պիննա, իտալացի ռեստավրատոր

1988թ. երկրաշարժը պակաս ավերիչ չէր, ինչ Ֆլորենցիայի ջրհեղեղը և բեկորների բաժանեց ոչ միայն «Հովվերգություն» որմնանկարը: «Շատ որմնանկարներ ունենք, որոնք շտապ վերականգնման  կարիք ունեն: Այնպիսի կոթողային գործեր, որոնք եկեղեցիներում են պահվում. դրանք ուղղակի փրկել են պետք այսօր,- ասում է Դավիթը,- կարելի է ասել, որ հիմա ամենալավ ինստիտուտում եմ սովորում: Շատ ուրախ եմ, որովհետև արվեստին ավելի մոտ ես գտնվում, հասկանում եմ, թե ինչ ունենք մենք,ինչն ենք բաց թողել, ինչ կա, որ պիտի լրացնենք: Դպրոցը շատ լավ տեղ   է սովորելու համար, բայց պետք անպայման վերադառնալ»:

Մինասի որմնանկարներից մինչ այժմ վերականգնվել են «Թորոս Ռոսլին», «Երկանք», «Գորգ են գործում», «Թել են մանում», «Աղբյուրի մոտ», «Հանդիպում», «Խաչքարի մոտ որմնանկարները»:

Առաջին լուսանկարում՝ Անահիտ Գալստյանը


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Տես նաև՝



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»