HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչո՞ւ է ԵՊՀ իրավաբանականում վարձավճարն այդքան բարձր. Արամ Սիմոնյանի բացատրությունը

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) ամենաթանկ մասնագիտությունը իրավագիտությունն է՝ 700 հազար դրամ տարեկան վճարով: ԵՊՀ-ում ամենացածր վճարը 280 հազար դրամն է, ինչը համապատասխանում է պետպատվերի վճարի չափին: Բուհում էժան վարձավճարներով մասնագիտություններից են երկրաբանությունը, մեխանիկան, ռուսաց լեզու և գրականությունը, ռադիոֆիզիկան, ջրաօդերևութաբանությունը:

«Երևանի պետական համալսարանում, ինչքան որ ես եմ տեղեկացված, վարձերը շատ դեպքերում ավելի ցածր են, քան համանման մասնագիտությունը մյուս պետական բուհերում: Մեզ դա լրիվ ձեռք է տալիս»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:

Հունիսի 26-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ իր համար ուսման վարձի հաշվարկման սկզբունքները շատ դեպքերում անհասկանալի են:

«Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ որևէ մասնավոր բուհում բարձրագույն իրավաբանական կրթություն պետության կողմից երաշխավորված դիպլոմով կարելի է ստանալ՝ վճարելով տարեկան 180 հազար դրամ, իսկ Երևանի պետական համալսարանում նույնի համար պետք է վճարել, օրինակ, 800 հազար դրամ: Ակնհայտ է, որ այստեղ խնդիր ունենք՝ հասկանալու՝ որն է տվյալ մասնագիտության համար արժանահավատ գնագոյացումը, խնդիր ունենք նաև սահմանելու ուսման վարձի վերին շեմ»,- նշել էր Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով նախարարի այս դիտարկմանը՝ Արամ Սիմոնյանն այսօր ասաց, որ Հայաստանում գոյություն չունի հստակ մեթոդաբանություն, որով և կառավարությունը, և բուհերը որոշեն, թե տվյալ մասնագետին պատրաստելու համար որքան գումար պետք է ծախսել, ինչպես որոշել տվյալ մասնագիտության գինը:

«Դա արվել է խիստ մոտավոր,- նշեց ԵՊՀ ռեկտորը և հավելեց:- Օրինակ՝ Պոլիտեխնիկի՝ Ճարտարագիտականի և Երևանի պետական համալսարանի կամ Ճարտարապետաշինարարականի մասնագիտությունները, Երևանի պետական համալսարանի բնագիտական թևը շատ թանկ մասնագիտություններ են»:

Ասածը հիմնավորելու համար Արամ Սիմոնյանը օրինակ բերեց կենսաբանությունը և քիմիան: Կենսաբանություն մասնագիտությամբ ուսուցման համար պետք են լաբորատորիա, սարքավորումներ, փորձերի համար կենդանիներ, ծախսվում են էլեկտրաէներգիա, ջերմություն: Քիմիայի ֆակուլտետում տարբեր փորձեր անելու համար պետք են վառարաններ, սարքավորումներ: Հետևաբար, կենսաբաններ ու քիմիկոսներ պատրաստելու համար շատ գումար է պետք:

Շատ ավելի քիչ ռեսուրսներ են պահանջում, հետևաբար ավելի էժան են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են, օրինակ, իրավագիտությունը և տնտեսագիտությունը, քանի որ դրանց ուսուցման ժամանակ պետք են միայն գիրք, գրիչ, թուղթ, համակարգիչ:

«Բայց շուկայի պահանջներից ելնելով՝ վարձերը հակառակ պատկերը ունեն: Այսինքն՝ բնագիտական թևում վարձերը ավելի ցածր են՝ այն թանկ մասնագիտությունները, որտեղ մեկ ուսանող պատրաստելու համար պահանջվում է ավելի շատ գումար, քան, ասենք, Տնտեսագիտական համալսարանում, որտեղ ուսանողին կրթելը շատ էժան է նստում պետության և բուհի վրա, բայց որտեղ վարձերը բարձր են: Դա թելադրում է շուկան»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Նա նշեց, որ ԿԳ նախարարի նախաձեռնությամբ արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի գնագոյացումը որոշելու մեթոդաբանության հարցերով, և կառավարությունն էլ շուտով որոշում կընդունի դրա վերաբերյալ: Արամ Սիմոնյանը կարծում է, որ հանձնաժողովում կընդգրկվեն նաև բուհերի ներկայացուցիչներ, և կորոշվի, թե վճարի չափը ինչպես է որոշվում, ինչ արժեն գիտելիքը, հմտությունը տվյալ մասնագետին պատրաստելիս:

«Եթե կդրվեն ինչ-որ չափանիշեր, կամ ինչ-որ մակարդակ վերևից և ներքևից կսահմանափակվի, ուրիշ խնդիր է: Բայց այնուամենայնիվ, շուկան ինքն է որոշում, թե այս մասնագետը ինչ գնով պետք է պատրաստվի կամ ինչ կարժենա»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Մեկնաբանություններ (6)

vd
haa mek el hashvapahakan hashvarum ev audit bajin herakana ejan 367000dram et el kasen ejana
Ուսանող
Օրինակ, իմ ծանոթը սովորում է Անանիա Շիրակացի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ունի շատ բարձր գիտելիքներ, մուծում է ընդամենը հարյուր ութսուն հազար դրամ
tereshkova
irenq irenc tarorinak varcerov u tarorinak qnnutyunnerov , ova tesel hunaren bajni hamar 3 miasnakan qnnutyun hayeren haskacanq angleren u ruseren ,evropakan lezun inch kap uner rusereni het
Վահե-2010
,,Դա թելադրում է շուկան»,- ասաց Արամ Սիմոնյանը: Խորհրդային ժամանակներում չնայած վարձավճար չկար իսկ շուկա արտահայտությունը արգելված էր արտասանել, սակայն բոլորն էլ լավ գիտեին, որ հատկապես իրավաբանների և բժիշկների ծառայության դիմաց ոչ թե աշխատավարձ էին տալիս այլ շուկայական գներով պայմանավորված կաշառք:
Վարդան
Հայաստանու շուկան ունի հետեվյալ պատկերը... ես ավարտել եմ երկու տարի առաջ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վճարելով տարեկան 850 հազար դրամ(որպես օտարերկրյա քաղաքացի), այսինքն ՝ 4 տարում վճարել եմ 3,4 milion դրամ. Եվ ամենահետաքրքիրը . նորավարտ իրավաբանին( առանց ծանոթ բարեկամի )առաջարկում են 60-80 հազար դրամ աշխատավարձ. այսինքն առնվազա 4 տարի պետք է աշխատեմ ծախսածս գումարը հետ բերելու համար,մի չորս տարի ՝ապրուստիս գումարը հետ բերելու համար, մի չորս տարի էլ ծերը ծերին հասցնելու համար... մի խոսքով «Հայկական շոկայում» տակ են տալիս բարձրագույն կրթություն ունեցողների մեծ մասը........
Վահե-2010
Պարոն Վարդան, Դուք երևի չգիտեք, որ իրավաբանականն ավարտածի համար Հայաստանում աշխատանք չկա մինչ այն պահը, երբ ստիպված մինիմում 30000 դոլլար կաշառք չմուծեք առաջին,` մեկնարկային չնչին աշխատավարձով աշխատանքի համար: Այդ աշխատանքում մի քանի տարում լավ հասունանալով կարելի է նաև հայացքը դեպի դատավորի աստղաբաշխական գին ունեցող աթոռին էլ նետել, եթե իհարկե Ձեր հեռախոսը ցանկանում եք մնա շղթայված շատ վերադասի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter