HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ագնեշկա Հոլանդ. «Հայոց ցեղասպանության մասին անհրաժեշտ է մի լավ ֆիլմ նկարահանել, քանի որ դա մի իրողություն է, որը դեռ ճանաչման կարիք ունի»

«Չեմ կարծում, թե գեղեցկության համար եմ նկարում: Ես այն ռեժիսորներից եմ, ով առաջնային շեշտը դնում է շարադրանքի վրա, որին հաջորդում է պատկերաշարը: Դրանք համադրվում են` ստեղծելով պատմություն և տալիս են այն հարցերի պատասխանը, որոնք ինձ մղել էին ֆիլմ նկարել»,- ասում կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը:

Ա. Հոլանդը, ով հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող իր ֆիլմերով, կարծում է, որ անրադառնալով ցավոտ, խոցելի թեմաների, կարելի է հասնել ինքնամաքրման: Նրա խոսքերով` արդեն կա սերունդ, որն ապրել է մի աշխարհում, որտեղ չէին ցանկանում գործ ունենալ ցավոտ թեմաների հետ` տուրք տալով զվարճանքին, որտեղ վախենում էին խնդիրներից` կարծելով, որ դրանք ձանձրալի կդարձնեն իրենց կյանքը: Արդյունքում` կորում էր կապն իրականության հետ: Այժմ մարդիկ աստիճանաբար արթնանում են` հասկանալով, որ այլևս հնարավոր չէ խույս տալ սոցիալական, քաղաքական խնդիրներից: Ճգնաժամն արևմուտքում ցույց տվեց, որ տնտեսական աճն առաջվա պես այլևս չի աստվածացվում, և այժմ անգամ կիրթ և խելացի մարդիկ չեն կարողանում գլուխ հանել աշխարհում տիրող խնդիրներից: Միաժամանակ, ռեժիսորի մոտ տպավորություն է, որ ստեղծվում է մի նոր լսարան:

Այս տարի Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ներկայացվեց Ա. Հոլանդի «Խավարում» ֆիլմը, որը նաև «Օսկարի» նոմինանտ է: Ֆիլմը, որ հիմնված է իրական փաստերի վրա, պատմում է նացիստական գետտոյից խուսափած հրեա ընտանիքի մասին: Լեհ Լեոպոլդ Սոխան, մեծ գումար պահանջելով, թաքցնում է նրանց իր մոտ` գաղտնի նպատակ ունենալով հետագայում հրեա ընտանիքին հանձնել նացիստներին:

Ա. Հոլանդի կենսագրությունից հայտնի է, որ նրա տատն ու պապը ևս մահացել են գետտոյում, իսկ սա նրա առաջին ֆիլմը չէ, որ պատմում է լեհ-հրեական հարաբերությունների մասին: 

«Ես չեմ ընտրել թեման, թեման է ընտրել ինձ դեռևս տարիներ առաջ, և ես դարձել եմ դրա գերին»,- ասում է Ա. Հոլանդը:

Նա պատմում է, որ երբ այդ թեմայով նկարահանեց իր առաջին ֆիլմը, կարծում էր, որ վերջ, այդ թեման այլևս փակված է իր համար: Նա չէր ուզում կրկին դրան անդրադառնալ` այդպիսով ցանկանալով պաշտպանել իրեն:  Սակայն այնպես է ստացվում, որ նա կրկին ֆիլմ է նկարում այդ թեմայով, և այժմ «այդ թեման դարձել է իմ մի մասը»:

Ա. Հոլանդը կարծում է, որ ի տարբերություն մի խումբ ռեժիսորների, որոնք միշտ չէ, որ արժանահավատ են ներկայացնում այդ թեման, ինքն ավելի լավ է «զինված» և կարող է ներկայացնել այն: Ռեժիսորի համար «Խավարում» ֆիլմում անրադարձը Երկրորդ համաշխարհային պատերազմին և լեհ-հրեական հարաբերություններին սոսկ պատմական իրողությունների արտացոլում չէ, այլ անրադարձ է նաև մերօրյա արդիական խնդիրներին, ֆիլմ, որ խոսում է համամարդկային արժեքների մասին: Ա. Հոլանդի խոսքերով` իր վերջին ֆիլմը էականորեն չէր փոխվի, եթե անգամ այն հիմնված չլիներ իրական պատմության վրա: Սակայն այն կարողացավ միավորել մի խումբ մարդկանց, որոնք նախկինում միմյանց անգամ չէին ճանաչում: Այս դեպքում ֆիլմը կարող է նաև կյանք փոխել:  

Հրեական ծագում ունեցող ռեժիսորի խոսքերով` ցեղասպանությունը լոկ արտացոլումն է այն ամենի, ինչ կատարվում է մարդկության հետ, և դժվար է պատասխան գտնել, թե ազգերն ինչու են այնքան չարանում, որ պատրաստ են ոչնչացնել իրենց հարևանին: Երբ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ, բոլորը միաբերան ասացին` նորից երբեք, սակայն դրան հաջորդեցին այլ ցեղասպանություններ ևս: Անգամ քաղաքակիրթ համարվող գերմանացիները ցեղասպանություն արեցին: Ա. Հոլանդի խոսքերով` դա մարդկային էությանը բնորոշ մի շեղում է, որի դեմ պետք է պայքարել:

«Հայոց ցեղասպանության մասին դեռ անհրաժեշտ է մի լավ և ընդահանրական ֆիլմ նկարել, քանի որ դա մի իրողություն է, որը դեռ ճանաչման կարիք ունի»,- համոզված է կինոռեժիսորը:

Նա նաև պատասխան չունի, թե ինչու 70 տարի ձգվող մարդակային դաժան փորձը իր արժանի արտացոլումը չի գտել կինոյում: Չկա հավաստի ֆիլմ, որը կպատմի ստալինյան ռեպրեսիաների մասին, իսկ եվրոպացիները չեն էլ կարող պատկերացնել, թե իրականում ինչ էր տեղի ունենում այդ ժամանակ Խորհրդային միությունում: 

Միաժամանակ, ռեժիսորին ուրախացնում է այն հանգամանքը, որ իր ֆիլմերը մեծ հաջողությունեն ունեցել հատկապես Լեհաստանում: Դրանք ակտիվորեն նայում են նաև երիտասարդները: Այդ ֆիլմերը նրանց վրա ունենում են զգայական մեծ ազդեցություն և օգնում են հասկանալ, ընկալել լեհ-հրեական հարաբերությունները: Եվ չնայած իր վերջին ֆիլմը ևս բարդ ընկալվող է, սակայն այն մեծ լսարանի պոտենցիալ ունի:

Ֆիլմերին շնորհվող մրցանակները ևս լավ են, քանի որ ռեժիսորի խոսքերով` դրանք նպաստում են ֆիլմի տարածմանը, առավել ևս, որ ապրում ես մի դարում, որտեղ պետք է պայքարես լսարանիդ համար, ճանապարհ գտնես` հասնելու նրանց: Միաժամանակ, այդ մրցանակներից չէ կախված Ա. Հոլանդի կարծիքն ու ընկալումը ֆիլմերի մասին:

«Բայց հաստատ փողի համար չեմ նկարում: Եվ ես միշտ շնորհակալ եմ, որ ինձ լավ վճարում են մի բանի համար, որ ես սիրով անում եմ,- խոստովանում է Ա. Հոլանդը:- Ինձ համար ավելի ընկճող բան չկա, քան նկարել մի ֆիլմ, որը ոչ ոք չի նայելու»: 

Մեկնաբանություններ (1)

Լեվիկ
Ա. Հոլանդի կենսագրությունից հայտնի է, որ նրա ծնողները ևս մահացել են գետտոյում???? ....Ըստ Wikipedia-ին - ՚Her father died under mysterious circumstances during a police interrogation when Holland was only thirteen years old՚

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter