HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Գրողները «Ոսկե ծիրանում». Սարգիս Հովսեփյանի «Դոմինո» ժողովածուն

Դոմինոն ունի շարժման էֆեկտ, երբ մի հպումից շարժում է սկսվում, որը սպառնում է վերածվել հսկայական ալիքի. կարծում է երիտասարդ արձակագիր Սարգիս Հովսեփյանը, ում ստեղծագործությունների անդրանիկ՝ «Դոմինո» ժողովածուի շնորհանդեսն անցավ «Ոսկե ծիրան» իններորդ միջազգային կինոփառատոնի «Կինոն և գիրքը» արտամրցույթային ծրագրի շրջանակներում:

Ժողովածուն բաղկացած է առաջաբան էսսեից, 9 պատմվածքից և մեկ պիեսից: Պատմվածքներից մեկի անվանումն էլ ընտրվել է որպես ժողովածուի վերնագիր: Այն նվիրված է «արաբական գարնանը», սակայն աղերսներ ունի մեր իրականության հետ:

«Պատմվածքը քաղաքական ենթատեքստեր է պարունակում և մեսիջ ունի ուղղված մերօրյա քաղաքացուն,- «Հետքին» ասում է Սարգիսը,- այն դեպքը, երբ Թունիսի հրապարակում մի տղա իրեն վառեց՝ սկիզբ դրեց հասարակական շարժումների ակտիվության, որն, իմ կարծիքով, դոմինոյի էֆեկտ ունի»:

Սարգիսը հասարակապես ակտիվ քաղաքացի և կարծում է, որ մեր խնդիրների մեծ մասը գալիս են անտարբերությունից և հարմարվողականությունից: «Պատմվածքում իրադրությունից  լուծում որպես այդպիսին՝ չկա, սակայն  այն խորհելու տեղիք է տալիս,- ասում է հեղինակը,- եթե մարդը չի հարմարվում և փորձում է վերանայել իր վերաբերմունքը  տիրող իրավիճակի նկատմամբ, դա էլ է լուծում: Եվ եթե իմ ստեղծագործությունը առիթ հանդիսանա ինչ-որ մարդկանց համար առ այն, որ ժամանակն է վերջ տալ անտարբերությանը՝ դա արդեն լուծում է»:

Սարգիսին հուզում է սերնդափոխության խնդիրը և նրա կարծիքով հասարակության զարգացման հիմնաքարերից մեկն այն է, երբ երիտասարդ սերունդը՝ նոր գաղափարներով և մաքսիմալիստական կոնցեպտներով հայտ է ներկայացնում և ակտիվ քայլեր է ձեռնարկում իրականությունը փոխելու ուղղությամբ:

«Իմ խորին համոզմամբ՝ բոլոր հզոր երկրներում զարգացման նախապայմաններից մեկը սերնդափոխության մեխանիզմն է, երբ երիտասարդ միտքը՝ նոր մոտեցումներով մուտք ունի երկրի ինչ-ինչ ոլորտներ,- մեկնաբանում է նա,- այդ երիտասարդը ինչ-որ մեկի ազգականը կամ ծանոթը չէ, ինչպես ընդունված է մեր մոտ, այլ մեկն է, որն ունի գաղափար և եկել է նորարարություն մտցնելու այդ ոլորտում»:

Սարգիսի կարծիքով՝ հայ երիտասարդ միտքը գրեթե ճահճային վիճակում է, երիտասարդությունը հիմնականում կարիերիստ է ու հարմարվողական, ոչ մի նոր բան չի բերում իր գործունեությամբ և հետապնդում է զուտ նեղ անձնական շահեր՝ բացառությամբ այն փոքրաթիվ խմբի, որը հասարակական ակտիվություն է ցուցաբերում:

Այս մտահոգությունները հեղինակն արտահայտել է «Համբարձման գիշեր» պիեսում, որի հերոսը Փոքր Մհերն է, ով հայտնվել է մեր ժամանակներում և ջինսը հագին շվեյցար է աշխատում հյուրանոցներից մեկում:

«Մենք կրում ենք Փոքր Մհերի ժառանգությունը, ով փակվեց քարանձավում և անգործության մատնվեց,- մեկնաբանում է Սարգիսը,- Չի կարելի մնալ հին սերունդի ազդեցության ներքո, դա ավելի շատ խանգարում է, քան թե օգնում: Յուրաքանչյուր սերունդ պետք է իր հերոսությունն ապացուցի»:

Սարգիսի լեզուն տարբեր է՝ կախված ստեղծագործության թեմատիկայից: «Եթե գրում ես թմրամոլությունից,ապա անհեթեթ կհնչի, եթե այն գրես մաքուր գրական լեզվով,- ասում է նա,- ես չեմ խորշում ժարգոնից և հայհոյանքներից և լեզվական տարբեր մաքրության գործեր ունեմ»:

Սարգիսը 35 տարեկան է, սակայն  գրել սկսել է 5 տարի առաջ և չի կարողանում մեկնաբանել, թե ինչու սկսեց գրել:

«Հավանաբար, ավելի շատ կյանքս փոխելու համար,- անկեղծանում  է նա,- ես համոզված եմ, որ գրականությունը հենց ինչ-որ բան փոխելու համար է, և առաջին հերթին՝ հենց ինքդ քեզ»:

Առաջին ժողովածուից հետո երիտասարդ արձակագիրն իր առջև դրել է մեծ կտավի գործ և ավելի լավ գրականություն ստեղծելու խնդիրը: «Ես չեմ կարող չափորոշիչներ ասել, թե որն է լավ գրականությունը, բայց ես ձգտում եմ դրան,- ասում է նա,- դա, իհարկե, մարտահրավերի պես բան է, բայց ես շուտ հիասթափվողներից չեմ, և եթե  ինչ-որ ճանապարհն եմ ընտրել, ապա կգնամ այդ ուղղությամբ»:

Սարգիսին չի հիասթափեցնում նաև ընթերցողների փոքրաթիվ բանակն ու այն, որ, փաստորեն, գիրքը Հայաստանում  շատ վատ է վաճառվում:

«Երբ իմ գործերից կայքերում տեղադրվեցին, ես մեկնաբանությունների և նամակների միջոցով հասկացա, որ ընթերցողների որոշակի շրջանակ կա, որն ինձ կարդում է, և դա հուսադրող է»,- ասում է նա:

Հայաստանը գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում առաջին անգամ անցկացվեց «Գիրք և կինո» արտամրցույթային ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվեցին գրքի շնորհանդես-վաճառքներ: Սարգիս Հովսեփյանի «Դոմինո» ժողովածուից բացի, ներկայացվեցին նաև Վահրամ Մարտիրոսյանի «Չարենց» կինովեպը և Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter