HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վառելիքի ոլորտի գերիշխողների թիկունքում Ռուսաստանի նախկին վարչապե՞տն է

«Հետքը» որոշ մանրամասներ է իմացել վառելիքի ոլորտի հայաստանյան խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Քաղ Պետրոլ Սերվիս» («CPS») կոոպերատիվի եւ դրա նախագահ Աշոտ Սալազարյանի մասին: Հիշեցնենք, որ նա նաեւ հիմնադրել է «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն, որն այսօր Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունից հետո թե բենզինի (41,76 տոկոս), թե դիզվառելիքի (40,8) դաշտում համարվում է երկրորդ գերիշխող կազմակերպությունը:

Մամուլը գրել է, որ, ըստ լուրերի, ռուսական հատուկ ծառայությունների նախկին գեներալ համարվող Սալազարյանը նույն ռուսական բիզնես-միջավայրի ներկայացուցիչներից է Հայաստանում: «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ խոսակցություններ կան, որ Սալազարյանի թիկունքում կանգնած է ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն կամ նրա շրջապատը:

Ըստ պետռեգիստրի տվյալների՝ «Քաղ Պետրոլ Սերվիս» արտադրական կոոպերատիվը հիմնադրվել է 1989-ին: «Հետքին» հաջողվել է պարզել, որ բնակչության եւ ձեռնարկությունների սպասարկման կոոպերատիվի սկզբնական անունը եղել է «Որակ», որը հիմնադրվել է իբրեւ շինվերանորոգում եւ մոնտաժային աշխատանքներ կատարող ընկերություն: Այն գրանցվել է նախկին Մյասնիկյանի շրջխորհրդի գործկոմի 1989-ի որոշումով՝ նույն վայրում, որտեղ հաշվառված է եղել հիմնադիր Աշոտ Սալազարյանը՝ Լերմոնտովի 1, բն. 18:

Կոոպերատիվը, ըստ իր կայքի տեղեկությունների, 1992-ին բենզինի ու դիզվառելիքի ներկրման պայմանագրեր է կնքել Ռուսաստանի, Բուլղարիայի ու Ռումինիայի հետ, իսկ 1994-ից դիզվառելիքի ոլորտում սկսել է համագործակցել նաեւ Թուրքմենստանի հետ:  Նույն թվականին ընկերությունը սկսել է բենզալցակայանների ցանց ստեղծել: 1995-ին ԱԿ-ն գրանցվել է պետռեգիստրում:

Ներկայումս մեծածախ բազաների եւ սեփական ու այլ ընկերությունների բենզալցակայանների տիրապետող կազմակերպությունը, ըստ «Հետքի» տեղեկությունների, սկսել է վառելիքի ոլորտում կայուն դիրքեր գրավել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-ից հետո: Հենց 1998 թ.-ի ապրիլ-օգոստոս ամիսներին է Սերգեյ Կիրիենկոն աշխատել ՌԴ վարչապետ (մարտ-ապրիլ ամիսներին՝ վարչապետի պաշտոնակատար): Պակաս հետաքրքիր չէ այն, որ 1997-ի նոյեմբերից մինչեւ 1998-ի մարտ, երբ ՀՀ վարչապետը Քոչարյանն էր, Կիրիենկոն ՌԴ վառելիքի եւ էներգետիկայի նախարարն էր: Ներկայումս Կիրիենկոն «Ռոսատոմ» պետական ընկերության գլխավոր տնօրենն է. կառույցը ղեկավարում է 2005-ից:   

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Ռ. Քոչարեանն ու Սերժիկը մեր Անկախ Հայրենիքը դարձուցին Ռուսական Կայսերապաշտութեան սեփականութիւն և օտար յատուկ ծառայութիւններու ասպատակութիւններուն համար հեշտօրէն խոցելի փորձադաշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter