HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստները առաջարկներ են ներկայացրել Թռչկանի վերաբերյալ

Ինչպես գիտեք, ՀՀ բնապահպանության նախարարությունը իր կայքում տեղադրել էր Թռչկան ջրվեժ բնության հուշարձանի անձնագրի նախագիծը, որին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://www.mnp.am/?aid=496:
Մեր նախաձեռնությունը իր առաջարկներն ու դիտողությունները ուղարկել է նախարարություն, որի տեքստը տրամադրում ենք հանրայնացման նպատակով:
 
Առաջարկներ Թռչկան ջրվեժի անձնագրի նախագծի վերաբերյալ
 
Նախագծում հուշարձանի անվանումն ուղղել` ոչ թե Թռչկանի, այլ Թռչկան ջրվեժ:
 
Նախագծի 5-րդ կետում տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները թերի են նշված, հարևան համայնքի անվանումը նշված չէ, պետք է նշել, որ Թռչկան ջրվեժը գտվում է Մեծ Պառնի և Շիրակամուտ համայնքների վարչական սահմանագծում, ամբողջությամբ ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի վարչական սահմանում, Չիչխան գետի վրա...
 
Նախագծի 6-րդ կետում նկարագրությունը բաժնում նշված է, որ ջրի շիթի բարձրությունը կազմում է 20-22 մետր: Մեր կարծիքով, ջրվեժի բարձրությունը փաստացի չի չափվել մասնագետի կողմից, այլ գրվել է մոտավոր, իսկ մենք մեր նախաձեռնությամբ ջրվեժի վերևի հատվածից իջեցնելով չափանշված ճոպան պարզել ենք, որ նրա բարձրությունը 23,5-24 մետր է: Առաջարկում ենք կամ ուղղել կամ համապատասխան մասնագետներ ուղարկել և չափել ջրվեժի բարձրությունը ու անձնագրում նշել ճիշտ չափը:
 
Նախագծի 7-րդ կետում քարտեզ-հատակագծի բաժնում` պահպանման գուտու մակերեսը նշված է մեկ հեկտար (1հա), որը մեր կարծիքով շատ քիչ է, իսկ A հանգուցակետի վայրի ընտրությունը անհասկանալի: Մեր կարծիքով A հանգուցակետը պետք է գտնվի Չիչխան գետի այն կետում, որտեղ կատարվում է Շիրակամուտի ջրանցքի ջրառը, քանի որ  գետահովիտի այդ հատվածը ներդաշնակ միասնության մեջ է ջրվեժի հետ ու հիմնականում ծառապատ է և նույնպես ունի պահպանման կարիք: Բացի այդ քարտեզ-սխեմաների մեջ մասշտաբները նշված չեն, որը մեր կարծիքով շատ կարևոր է:
 
Նախագծի նույն 7-րդ կետում` նշված է Գետիկ գետի անունը որպես Չիչխանի վտակ, սակայն մեզ չհաջողվեց գտնել որևէ տվյալ` այդպիսի անունով վտակի մասին: Հետաքրքիր է, թե որտեղից է վերցված այդ տեղեկությունը:
Առաջարկում ենք նախագծի 7-րդ կետում հանել «Թռչկանի ջրվեժի շրջակա տարածքներում հանդիպում են սահմանափակ տարածքներով ծառախմբեր» նախադասությունը:
 
Հաշվի առնելով, որ Թռչկան ջրվեժը Հայստանի ամենաբարձր և ամենաջրառատ գահավիժող ջրվեժն է՝ առաջարկում ենք տալ հանրապետական նշանակության բնության հուշարձանի կարգավիճակ, այլ ոչ թե տեղական՝ ինչպես նշված է նախագծի 10-րդ կետում:
 
Նախագծի 12-րդ կետում առաջարկվող օգտագործման ձևերը նշված են տուրիստական և ռեկրեացիոն նպատակներով: Առաջարկում ենք դրա փոխարեն օգտագործել «էկոզբոսաշրջություն» բառը: Բացի այդ, նշված չէ տվյալ տարածքում էկոզբոսաշրջության զարգացման հնարավորությունները, կանոնները և սահմանափակումները. օրինակ` Թռչկան ջրվեժին մոտեցող արահետների ուղղությունները, որը մեր կարծիքով խիստ կարևոր է և անհրաժեշտ է ներառել սույն հուշարձանի անձնագրում:
 
Առաջարկում ենք նաև նախագծում նշել նաև, թե Թռչկան ջրվեժը երբ է գրանցվել որպես բնության հուշարձան, որոշման ամսաթիվն ու համարը (ՀՀ կառավարության 14.08.2008թ. «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» թիվ 967-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ջրագրական հուշարձաններ ցանկի 6-րդ կետ):
 
Թռչկան ջրվեժի նկարագրությունը շատ աղքատիկ է, ոչ մի խոսք չկա կլիմայի, կենսաբազմազանության, սեյսմիկ և տեկտոնական առանձնահատկությունների մասին, որոնց մասին անպայման պետք  է նշված լինի բնության հուշարձան համարվող օբյեկտի անձնագրում:
 
«Թռչկան» քաղաքացիական նախառենություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter