HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսրովի արգելոցում մատաղ են անում, կրակ վառում ու խորոված պատրաստում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում վերանորոգվում է մեքենայի համար նախատեսված երթուղին: Խոսրովի արգելոցի տնօրեն Վարանցով Բարսեղյանը դա հիմնավորում է նրանով, որ ճանապարհը հակահրդեհային նպատակ է հետապնդում: «Ինձ ունեմ հանձնարարական, ֆինանսավորում 8 կմ երկարությամբ հակահրդեհային նշանակություն ունեցող ճանապարհի վերանորոգման, մաքրման աշխատանքների համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա համարվում է էկոտուրիզմի համար 1-ին երթուղին և գալիս է դեպի Հավուց թառ վանական համալիրը, բնականաբար մարդիկ հիմնականում ոտքով, հազար անգամ տեսել ենք, թեկուզ համայնքի անդամները, ամենքն իրենց մատաղացուն թևի տակ թխած գալիս է»,- պատմում է Վարանցով Բարսեղյանը: 

Մատաղացուն դառնում է միս, այցելուները կրակ են անում, խորովածի համար նախատեսված քարերն էլ պատրաստի դրված են: Երբեմն հրդեհ է բռնկվում:

«Սա շատ կարևոր նշանակություն ունի արգելոցի համար որպես հակահրդեհային նշանակություն ունեցող ճանապարհ»,- ասում է արգելոցի տնօրենն ու հավաստիացնում, որ շրջակա տարածքներն ամբողջությամբ հրկիզված են, լանդշաֆտը հրկիզված է, իսկ վերջին հրկիզումն արել է Երևանի պետական ճարտարապետական համալսարանի դոկտորը.

Արգելոցի տնօերն Վ. Բարսեղյանն ու Կաքավաբերդի տեղամասի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու բնապահպան-ակտիվիստները

«Աքլորը մորթել կերել է, թողեց կրակը էդպես, հսկայական վնաս պատճառվեց, և սուտկեքով մենք տանջվում ենք: Արդյոք ի՞նչ վատ բան ենք արել, երբ որ ճանապարհ ենք հանել: Մի հատ ճանապարհ եմ ես հանել, որպեսզի կարողանամ էս ամբողջ լանդշաֆտները պահպանել. ինձ պլանավորված է, պետության կողմից ֆինանսավորված է, ես էս գործունեությունը կատարել եմ»,-արդարացավ Վարանցով Բարսեղյանը: 

Խոսրովի արգելոցում ճանապարհի կառուցման հարցը մտահոգել էր բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներին և բնապահպան-ակտիվիստներին: Այսօր նրանք բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի հետ այցելել էին արգելոց` տեղում ծանոթանալու իրավիճակին: 

Արգելոցի ու երթուղիների քարտեզը  և ցուցանակը

Թե ինչու է թույլատրվում արգելոցում կրակ վառել կամ խորոված անել, պատասխան չհնչեց. «Գալիս է այցելուի անվան տակ և էս գործունեությունը կատարում է»,- ասաց տնօերնը և հավելեց, որ ճանապարհի կառուցումը հնարավորություն կտա առավել խիստ վերահսկություն իրականացնել և ստուգումները մատչելի դարձնել: Բնապահպան-ակտիվիստների դիտարկմանը, թե ոչ թե հետևանքներն է պետք վերացնել, այլ պատճառները` թույլ չտալ կրակ վառել տարածքում խորովածի համար, տնօրենը հիմնավորումներ չկարողացավ ներկայացնել. հսկում են, բայց միշտ չէ, որ կարողանում են բոլորին հետևել: 

ԵԱՀԿ-ի ծրագրով հրավիրված փորձագետը, որը հակահրդեհային աշխատանքների և կառավարության աջակցության նպատակով անցյալ տարի եկել էր Հայաստան, ծանոթանալով Խոսրովի արգելոցում հրդեհների հաճախականությանը, նշել է, որ Խոսրովի արգելոցը հրդեհավտանգ չէ, և վերջին հրդեհը եղել է 1960-ականներին: Թե ինչու է ճանապարհի կառուցման անհրաժեշտություն առաջացել այս պայմաններում, տնօրենը կարճ պատասխանեց. «Սա պետական պլանային առաջադրանք է, որը ես կատարել եմ»: 

Ճանապարհի համար ծախսվել է 400 հազար դրամ: Բնապահպան ակտիվիստների հարցին, թե արդյոք արգելոցում ճանապարհ կառուցելու համար հանրային լսումներ կատարվե՞լ են, Վարանցով Բարսեղյանի պատասխանը բացասական էր: «Դուք շատ ուժեղ սողանքի վտանգ եք առաջացրել էս լանդշաֆտի հետ կապված: Մի քիչ լավ հեղեղ կամ անձրև եկավ կարող է ամբողջ լանդշաֆտը սողանք լինի»,- նշեց Եղիա Ներսիսյանը: 

Հավուց թառ վանական համալիրը

«Էլիտար» տուրիստական կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Հովեսյանը, ով գերմանացիների խմբին էր ուղեկցում արգելոց և Հավուց թառ, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ  եվրոպացիները գալիս են այստեղ կուսական բնությանը ծանոթանալու համար: «Ասում են` ճանապարհ են ուզում սարքեն, ավելի լավ է էս շրջակայքը մաքրեն, կանաչապատեն, ազատեն, կեղտերից մաքրեն, թույլ չտան այստեղ գան անասուն մորթեն, ուտեն, տենց թողնեն»,- նշեց Նարինե Հովեսյանը:  Նրա փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների ցանկությունը ավելի շատ չտրորված խոտերով ու արահետներով քայլելն է, քան մեքենայի ճանապարհով հասնելն ինչ-որ տեղ: Նրանց հենց կուսական բնությունն է դուր գալիս: «Հմայքը հենց էդ արահետի մեջ է և ոչ թե մեքենայի բացված ճանապարհի»,- ամփոփեց Նարինե Հովեսյանը: 

Հավուց թառից զրկել շրջակա համայնքների բնակիչներին չեն կարող, մարդիկ դարերից ի վեր գալիս են այստեղ մատաղ անելու: Սակայն երթուղին բավարար էր, որպեսզի նրանք այցելեն ուխտատեղի: Կամ` բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները և բնապահպան-ակտիվիստները այս ամենը կանխելու համար մեկ պնդում-առաջարկ արեցին. փակել արգելոցը: Նրանք խնդրեցին տրամադրել ճանապարհի կառուցումը հիմնավորող բոլոր փաստաթղթերը, որոնց ցույց տալը տնօրենը ամեն կերպ խուսափում էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter