HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է հատուցելու «Գիլան» արգելոցի շինության համար

«Թող այդ շինությունը մնա օգտագործվի, մենք կարևոր շատ հարցեր ունենք, թանգարան կստեղծենք բնության մեջ: Ես քանդելուն դեմ եմ: Կառույցը օգտագործվի տնտեսության նպատակների համար, մատաղ սերդնի գեղագիտական դաստիարակության համար»: Այս կարծիքն էր պնդում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօերն Վարանցով Բարսեղյանը՝ երեկ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպան-ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ:

Խոսրովի արգելոցում ճանապարհի կառուցման, էկոտուրիզմի զարգացման, այդ թվում նաև «Գիլան» արգելոցում կառուցված շինության հարցը մտահոգել էր բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներին և բնապահպան-ակտիվիստներին, որոնք բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի հետ երեկ այցելել էին արգելոց` տեղում ծանոթանալու իրավիճակին: 

Հիշեցնենք, որ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ թույլատրվել էր «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել վարձակալության մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար` մինչև 10 տարի ժամկետով: Հիմք ընդունելով այս որոշումները` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը «Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականի հունվարի 14-ին վարձակալության և կառուցապատման իրավունքով  տրամադրել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր կողմից ներկայացված «Կենդանական և բուսական աշխարհի օբեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման կազմակերպման» ծրագիրն իրականացնելու նպատակով:

«Եկեք գիլանի կառույցը վերացնենք, հետո նստենք քննարկման»,- առաջարկեց բնպահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:

«Մեկը մյուսին չի խանգարնում»,- պատասխանեց նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյան:

««Գիլանն» ու էկոտուրիզմը փոխկապակցված են»,- միջամտեց «Հայաստանի թռչունների պահպանման միության» հիմնադիր և տնօրեն Մամիկոն Ղասաբյանը՝ պաշտպանելով ակտիվիստի տեսակետը:

Եղիան այս շինությունը ցավոտ ատամի հետ համեմատեց, և նշեց, որ նյարդը բորբոքված ատամը հեռացնում են, այնուհետև անցնում մյուսների բուժմանը:

ՀԿ-ների ներկայացուցիչները և բնապահպանները նշեցին, որ տարիներ առաջ գրչի մեկ հարվածով բացված արգելոցի նկատմամբ բոլորը ախորժակ ունեն: Սակայն հանրությունը չի մասնակցել պետական արգելոցի տարածքին առնչվող որոշումներին: «Կառուցվել է շենք, հետո նոր հասարակությունը  փաստի առաջ է կանգնել, հիմա քանդե՞նք, թե՞ չէ: Ինչո՞ւ շենքը կառուցելուց առաջ հասարակությունը տեղյակ չի եղել»,- նկատեց ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը:

««Գիլանի» արգելոցը պետք է քանվի»,-նշեց Եղիա Ներսիսյանը:

«Արդյոք դա մենք չե՞նք կարող օգտագործել ավելի լավ նպատակներով»,- նորից հարց ուղղեց արգելոցի տնօրենը:

«Ոչ, գեղեցիկ չէ»,-նախագահ Սարգսյանի՝ Մաշտոցի պուրակի մասին ասված խոսքերով պատասխանեց Եղիա Ներսիսյանը:

Այնուամենայնիվ, բնապահպան-ակտիվիստների պդնեցին, որ բետոնապատ կառույց արգելոցի տարածքում չպետք է լինի:

Հիշեցնենք նաև, որ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ` «Գիլան» պետական արգելավայրում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներն, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող «Գիլան» կոչվող գյուղատեղում առկա տնտեսությունների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի գլխավորությամբ շինության հարցի ճակատագիրը որոշող հանձնաժողովը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Նախարարի առաջին տեղակալը հայտնեց, որ քննարկվող տարբերակներից մեկը շենքի սեփականատիրոջը հատուցելն է կամ էլ շինությունն ինչ-որ ձևով օգտագործելը: Թե փոխհատուցման, թե շինության օգտագործման տարբերակներին երիտասարդ բնապահպանները դեմ էին. հիմավորումը պարզ էր՝ ինչու պետք է կառուցապատողին պետությունը հատուցի. «Ո՞վ է փոխհատուցելու» տնօրենի հարցին պատասխանները շատ էին. «Ոչ մեկ, իրենք պետք է փոխհատուցեն էս ժողովրդին, մենք իրենց փոխհատուցելու չունենք»,-ասաց Եղիա Ներսիսյանը:

 «Ով որ փաստաթղթի տակ ստորագրել է, թող ինքն էլ փոխհատուցեն»,-միջամտեց Գևորգ Սաֆարյանը:

«Դրա շինարարական աղբը մի քանի անգամ ավելի վնաս կպատճառի, քան թե դրա մնալը»,- ասաց տնօրենը:

«Բեռնատարներով կհանենք: Տեխնիկան կմտնի, ոնց մտավ սարքելու ժամանակ, կքանդի, կհանի: Եթե պետք է, ձեռքերով կքանդենք, ձեռքերով քարերը կլցնենք»,-պատասխանեց Եղիա Ներսիսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter