HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սերգեյ Լոզնիցան համամիտ չէ Ջորջ Քլունիի հետ

«Կինոն պատրանք է», - կարծում է ռեժիսոր Սրգեյ Լոզնիցան: Նրա «Մշուշում» ֆիլմն այս տարի Կաննի կինոփառատոնում արժանացել է FIPRESCI մրցանակին, իսկ Հայաստանում` «Ոսկե ծիրանի» շրջանակներում ճանաչվել է լավագույն խաղարկային ֆիլմ:

Ռեժիսորը խոստովանում է, որ ֆիլմի սցենարը գրել էր դեռևս 2001 թ.-ին, սակայն այս տարիների ընթացքում հնարավորություն չի ունեցել այդ սցենարը վերածել ֆիլմի: «Մշուշում» ֆիլմը պատմում է Երկրորդ աշխարհամարտի մասին, երբ գերմանացիները շրջափակման մեջ էին գցել Բելոռուսը: Այդ ժամանակ թշնամու կողմից ձերբակալվում է երկաթգծի աշխատող Սուշենյան, որին, սակայն, շուտով ազատում են: Սուշենյայի այս «փրկությունը» կասկած է առաջացնում յուրայինների մոտ, և նրան մեղադրում են դավաճանության մեջ: Իսկ Սուշենյան դեռևս պետք է ապացուցի իր անմեղությունը:   

Հաջորդ ֆիլմը, որի վրա աշխատում է Ս. Լոզնիցան, կրկին անրադառնում է Երկրորդ աշխարհամարտին, մասնավորապես 1941 թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կիևում տեղի ունեցած իրադարձություններին, երբ տեղի ունեցան մասսայական սպանություններ: Պատմության մեջ այս դեպքերն ավելի շատ հայտնի են որպես Բաբիյ Յարի կոտորած: Ս. Լոզնիցայի ֆիլմն էլ ավարտվելու է 30 հազար հրեաների գնդակահարությամբ:

Ռեժիսորը խոստովանում է, որ իրեն առհասարակ հետաքրքրում է ժամանակակից քաղաքակրթության և հոլոքոստի թեման: Նրա համար դա մի թեման է, որին մենք բախվում ենք ամեն օր:

Ս. Լոզնիցայի խոսքով` ինքը մանկուց ունեցել է տարօրինակ զգացողություն, որ ճիշտ տեղ չի ընկել, նա չէր հասկանում` ինչ է կատարվում իր շուրջը, ինչու են մարդիկ ակնհայտ ստում և այլն: Կան նման մի շարք հարցեր, որոնց պատասխանը նա դեռ չի գտել:

«Կետեր կան, որոնց վրայով չեք կարողանա անցնել, կանգնած կմնաք միչև չհասկանաք` ինչ է կատարվում և չասեք ճշմարտությունը, որքան էլ այն դաժան լինի: Հակառակ դեպքում չեք անցնի: Կմտածեք, որ ամեն ինչ լավ է` շարունակելով անել այն, ինչ նախկինում էիք անում, բայց դա սրի նման կախված է մնալու, և այն ընկնելու է», - անկեղծանում է ռեժիսորը:

Ս. Լոզնիցան արվեստը չի ընկալում որպես կյանք, այլ դիտարկում է որպես մոդել, որը մարդիկ ստեղծել են շատ վաղուց: Նրա խոսքերով` կյանքում ինչ-որ բան հասկանալու համար անհրաժեշտ է ստեղծել մի բան, որը կյանք չէ, ապա ուսումնասիրել այն` դուրս գալով կյանքի շրջանակներից: Այնուհետև արդեն կարելի է ստեղծել մի բան, որը հենց կյանք է:

Ս. Լոզնիցան համոզված է, որ այն ամենը, ինչ գրված է ֆիզիկայի կամ քիմիայի օրենքներում, կյանքին չեն առնչվում, այլ բացակայում են կյանքից, և այն ամենը, ինչ սովորեցնում են  դպրոցում, նույնպես գոյություն չունի: Այդ բոլոր օրենքները և կանոնները աբստրակցիա են, մարդու մտքի արգասիքը:

Այն հարցին, թե արդյոք նա համամի՞տ է Ջորջ Քլունիի այն հայտարարության հետ, որ անգամ հեռախոսով կարելի է լավ կինո նկարահանել, Ս. Լոզնիցան սկզբում ծիծաղեց` պատկերացնելով, թե ինչ կպատասխաներ նույն Ջորջ Քլունին, եթե նրան ասեին որ Լոզնիցան համամիտ չէ իր հետ: Այնուհետև Ս. Լոզնիցան պատասխանեց, որ համամիտ չէ այդ մտքի հետ, քանի որ եթե ռեժիսորն ուզում է ունենալ լավ պատկեր, որակյալ մշակված ձայն, ապա դժվար թե նա կարողանա դա ստանալ հեռախոսով: Այն դիտարկմանը, թե Ջ. Քլունին մասնավորապես նկատի է ունեցել ֆիլմի գաղափարը, ոչ թե տեխնիկական որակները, Ս. Լոզնիցան պատասխանեց, որ, անկախ ամեն ինչից, կինոյի համար շատ կարևոր են ֆինանսներն ու ռեսուրսները:

«Արդյոք դուք կարո՞ղ եք նվագել Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան մեկ լարի վրա», - հարցնում է Ս. Լոզնիցան:

Այնուհետև նա հավելեց, որ կինոյում իր համար ընդունելի չէ կոպտությունը, լկտիությունը, ինչն այսօր հաճախ կարելի է տեսնել, և այն ամենը, ինչ անհարգալից է մարդկանց նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter