HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Հարությունյանի պատասխանը՝ «Բանակում անարդարություններին՝ ոչ» նախաձեռնությանը

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին «Բանակում անարդարություններին՝ ոչ» «նախաձեռնության» անունից, որոնց թիրախում իմ անձն է՝ որպես պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: Նշվում է, թե  զորամասերից մեկում ստուգումներ իրականացնելու ընթացքում հասարակական խորհրդի հանձնախումբն իմ գլխավորությամբ պարզել է, որ զինվորներին անորակ սնունդ է հրամցվում, ինչի մասին ես լռել և չեմ զեկուցել պաշտպանության նախարարին:

«Նախաձեռնությունն» այդ «դրվագը» գնահատում է որպես հասարակական խորհրդի նախագահի հանցավոր անգործության և ապա՝ կոռուպցիոն գործարքի մեջ մտնելու ապացույց: Զարգացնելով միտքը, վերջին հրապարակման մեջ նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության բոլոր կառույցներին կոչ է անում բոյկոտել հասարակական խորհրդի նոր կազմի ձևավորումը՝ հիմնավորելով այդ կոչը իմ անձի՝ այդ կառույցի ղեկավարը մնալու հավանականությամբ:

Այս ամենի իրական շարժառիթը նախաձեռնության ետևում կանգնած մարդկանց հավակնոտ նկրտումներն են պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նկատմամբ, որի հետ կապված, խորհրդի վերակազմավորման այս օրերին, նրանք կորցրել են բանականության և բարոյականության վերջին նշույլները:

Հնչեցվող կոչերի և մեղադրանքների հետ կապված հարկ եմ համարում նշել հետևյալը.

1. Հայտարարությունները, որոնք տարածվում են հիշյալ «նախաձեռնության» կողմից, փաստացի անստորագիր են, քանի որ որպես «նախաձեռնության անդամներ» ներկայացվող մարդիկ, նման անուն-ազգանուններով, ուղղակի գոյություն չունեն: Հայտարարությունները լրատվամիջոցներին ուղարկվում են ոչ թե ներկայացուցիչների միջոցով, այլ էլեկտրոնային տարբերակով և հայտնի չէ, թե ումից են ստացվել այդ հայտարարությունները: Կան ընդամենը էլեկտրոնային հասցեներ, որտեղից եկել են դրանք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ «բարդությունների» հետ է կապված ցանկացած քանակությամբ նման էլեկտրոնային հասցե բացելը՝ մնալով «անտեսանելի»:

2. «Նախաձեռնության» կողմից ներկայացվող դեպքը, թե իբր զորամասերից մեկում, մասնավորապես Մարտունի 2-ում, մեր հանձնախումբը սննդի հետ կապված ապօրինություն է հայտնաբերել և չի զեկուցել նախարարին՝ բացարձակ սուտ է: Հասարակական խորհուրդը, որը պարբերաբար ստուգայցեր է անցկացրել զորամասերում, ի թիվս այլ հարցերի՝ ուշադրություն է դարձրել նաև սննդի հարցերին: Մենք հանդիպել ենք նաև դեպքերի, երբ զինվորները լավ չեն օգտվել այս կամ այն ճաշատեսակից: Այդ դեպքերը մեր կողմից արձանագրվել և ներկայացվել են պաշտպանության նախարարին:

Բոլոր դեպքերում էլ հասարակական խորհրդի զեկուցագրերին նախարարի կողմից ընթացք է տրվել, ուսումնասիրվել և վերացվել են պատճառները, իսկ առանձին դեպքերում մեղավորները պատասխանատվության են ենթարկվել: Հետևաբար, ներկայացվող՝ գոյություն չունեցող պատմությունը մեկնաբանել որպես հասարակական խորհրդի նախագահի «կոռումպացվածության» ապացույց պարզագույն հիմարություն է, առավել ևս՝ անիրական մարդկանց անունների ետևում թաքնվող անձանց պարագայում, երբ չկա նույնիսկ նրանց օրինական կարգով պատասխանատվության կանչելու և զրպարտության համար դատական հայց ներկայացնելու տարրական հնարավորություն, ինչը պատրաստվում եմ անհապաղ անել՝ «նախաձեռնության» իրական որևէ անդամի հայտնության դեպքում:

3. Հասարակական խորհուրդը, ինչպես միշտ, բաց է համագործակցության համար: Ցանկացած կազմակերպություն, որը առաջարկներ, հարցեր կամ պարզաբանումների կարիք կունենա, ազատ է դիմելու մեզ: Հետևաբար, եթե «Բանակում անարդարություններին՝ ոչ» «նախաձեռնությունն» իսկապես ցանկություն ուներ պարզել իր կողմից նշված «փաստը», կարող էր դիմել հասարակական խորհրդին կամ պաշտպանության նախարարությանը և ամեն ինչ պարզ ու հասկանալի կդառնար: Դրա փոխարեն «նախաձեռնությունը» գնում է ստալինյան ժամանակներում ընդունված մեթոդաբանությամբ՝ անստորագիր նամակներ հրապարակելով և ենթադրելով, թե դրանք կարող են արդյունքի հանգեցնել և ստիպել կա՛մ պաշտպանության նախարարին միջոցներ ձեռնարկել հասարակական խորհրդի նախագահին փոխելու ուղղությամբ, կա՛մ ինձ՝ հրաժարվել պաշտոնից:

Այս մտածողությունն ուղղակի աբսուրդային է, քանի որ կեղծ «նախաձեռնությունների» զրպարտիչ հայտարարությունների հիման վրա որոշումներ ակնկալելն ուղղակի ցնորամտություն է:

Ամփոփելով, մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ «նախաձեռնության» մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլև այն պահին, երբ ի հայտ կգա դրանք ներկայացնողներից գոնե մեկը, նույն պահին ես դատական հայց կներկայացնեմ՝ զրպարտության ու վիրավորանքի համար:

Եվ վերջում՝ կոչ եմ անում լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ կեղծ, գոյություն չունեցող անուն-ազգանուններով մարդկանց անունից նախաձեռնված ցանկացած տիպի մեքենայությունների և սև քարոզչության մասնակից լինելուց:

Հարգանքով՝ Գեղամ Հարությունյան
ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական

Մեկնաբանություններ (1)

«Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնություն
Հայտարարություն Երեկ Tert.am և մի քանի օր առառջ Asekose.am կայքերին տված իր հարցազրույցում Գեղամ Հարությունյանը հայտարարել էր, որ իր դեմ նախաձեռնության տակ ստորագրած մարդիկ գոյություն չունեն, որ իր դեմ գործում են շահագրգիռ մարդիկ: Ընդ որում Asekose.am կայքերին տված իր հարցազրույցում Գեղամ Հարությունյանը չէր հերքել այդ մարդկանց մեղադրանքները, որոնք ներկայացվում են իրեն: Իսկ երեք օր առաջ մեր հրապարակումների հետ կապված Ազգ օրաթերթի լրագրողի հարցին Գեղամ Հարությունյանը հայտարարել է, թե ինքը չի ուզում որևէ բան ասել: Բերենք Ազգ օրաթերթի կայքից բառացի հղումը. «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 18-07-2012: Ինչու Գեղամ Հարությունյանը այդ ժամանակ չհայտարարեց, թե մեր տեղեկությունները սուտ են: Պարզապես Գեղամ Հարությունյանը խիստ անհանգստացած է հասարակական խորհուրդը բոյկոտելու մեր կոչից: Գեղամ Հարությունյանը շատ լավ գիտե. ոչ մի վկա, առավել ևս զինվորական, ով մի կերպ իր ընտանիքն է պահում բացահայտ վկայություն չի տա, իրեն գլխացավանքի մեջ չի գցի: Գեղամ Հարությունյանը շատ լավ հասկանում է, որ ավելին քան այն ինչ անում է հիմա մեր նախաձեռնությունը անել չի կարող, քանի որ իրավական առումով անթերի ապացույցներ բերել մենք չենք կարող, առավել ևս երբ մեր դեմ աշխատում է ՊՆ-ի պես հզոր պետական կառույց: Սակայն մենք ներկայացնում ենք փաստեր, որոնք ցանկության դեպքում հաստատելը շատ հեշտ է, պետք է պարզապես ցանկություն, որը չկա: Այս խնդրին մեր նախաձեռնությունը դեռ անդրադառնալու է: Բայց այս հայտարարությամբ մենք դիմում ենք Գեղամ Հարությունյանին: Պարոն Հարությունյան Երբևէ համտեսել եք գոմեշի միս: Դե իհարկե Ձեզ երկրորդ աստիճանի մարտական խաչի ասպետին հարիր չէ ծանրաբեռնել սեփական ծնոտը այդ անտանելի ձիգ միսը ծամելով, նամանավանդ որ ձեզ ձեր ստուգումների ընթացքում պատվում են ռեստորաններով, և առավել ևս երբ այդ ծնոտը հարկավոր է բարձր մատերիաների, զինվորների իրավունքների վերաբերյալ երկար ու ձիգ ճառեր ասելու համար: Մենք՝ մարդիկ հրապարակային կարգով ուղղում ենք Ձեզ ընդամենը մեկ հարց, որը վերաբերում է ձեր կենսագրության գոյություն չունեցող կողմին: Պարոն Հարությունյան դուք պարգևատրված եք երկրորդ աստիճանի մարտական խաչով: Կարելի է իմանալ այդ որ մարտական սխրանքի համար: Երկրորդ աստիճանի մարտական խաչով պարգևատրված չեն բազմաթիվ լրջագույն մարտական կենսագրության տեր ազատամարտիկներ: Գուցե դուք շատ ավելի լուրջ կենսագրություն ունեք, գուցե խելահեղ գրոհներ եք առաջնորդել, բայց այդ մասին մենք տեղյակ չենք: Խնդրում ենք հանրությանը տեղեկացրեք թե որտեղ, երբ, որ ջոկատի կազմով եք մասնակցել Արցախյան ազատամարտին, որ բնակավայրերի պաշտպանությանը, և որոնց ազատագրմանն եք մասնակցել: Անհամբերությամբ սպասում ենք Ձեզնից պատասխան՝ հարգելի Գեղամ Հարությունյան: Լավ հնարավորություն է ապացուցել զորքերին, որ դուք մարտի դաշտում եք վաստակել բանակում հասարակական վերահսկողություն կատարելու իրավունքը: Հարգանքներով՝ նախաձեռնություն Հովհաննես Սարգսյան՝ պահեստազորի փոխգնդապետ Արա Թադևոսյան՝ պահեստազորի փոխգնդապետ Գարեգին Սերոբյան՝ ազատամարտիկ Սամվել Վարդանյան՝ ազատամարտիկ Հրանտ Դանիելյան՝ ազատամարտիկ Արմեն Գաբրիելյան՝ ԼՂՀ ԲՆ N զորամասի նախկին զինծառայող Արտյոմ Սահակյան՝ ԼՂՀ ԲՆ N զորամասի նախկին զինծառայող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter