HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայում վախենում են խոսել

Փետրվար 3-ին Ախթալայում լարված իրավիճակ էր: Լրագրողների ձայնագրիչների և ֆոտոախցիկների առջև ախթալեցիները իրենց պահում են չափազանց զգուշավոր: «Մեթըլ Փրինս» կորպորացիայի տնօրինությունը բնակչության շրջանում տարածել է լուրեր, թե Ախթալայից Սերոբ Տեր-Պողոսյանի հեռանալու դեպքում տեղացիները կզրկվեն իրենց աշխատանքից և կմատնվեն սովի:

Կոմբինատի ղեկավարները մարդկանց փորձում են նաեւ հավատացնել, թե հայաստանաբնակ որևէ գործարար չի կարող աշխատեցնել լեռնահարստացման կոմբինատը:

Կոմբինատի «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպանությունը կազմակերպելու գործում ակտիվ են ընկերության այն պաշտոնյաները, ովքեր ստանում են բարձր աշխատավարձ:

Լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունը հատուկ հսկողություն է սահմանել Ախթալայի հրապարակում կանգնող բնակչության նկատմամբ: Իսկ Արամ Մարգարյանը, ումից հունվարի 29-ին տեսագրության մեջ պատկերված անչափահաս տղայի տան տեղն էինք ուզում ճշտել, այս անգամ Ախթալայի հրապարակ մտնող  ճանապարհին ինձ նկատելով, վրդովված ասաց. «Գիտես` էն օրը տան տեղը ցույց տալու համար գլխիս ինչ են դրել: Հմի, որ Սերոբը գնա, ժողովուրդը սովից կոտորվի, լավ կլինի: Էլ չեմ ուզում Ձեզ հետ խոսել»:

«Սերոբ Տեր-Պողոսյանի վարքագծի մասին զրույցներ Ախթալայում միշտ էլ լսել եմ, բայց ես չեմ կարող դրանց գնահատականներ տալ: Դրանց մասնագետները պետք է գնահատական տան: Բայց որ Ախթալայում շատ փսլնքոտ լակոտներ հանկարծ լորդեր են դառնում, դա էլ ակնհայտ է»,- «Հետքին» ասաց Հ.-ն, ով խնդրեց իր անունն ամբողջապես չհրապարակել:

Ախթալայում մեզ նաև տեղեկացրին, որ իրավապահները փետրվարի 3-ին Վանաձոր հարցաքննության են տարել այլ անչափահասների: Մեզ հայտնի է դարձել նաեւ այն տղայի անունը, ով նկարահանել է այս օրերին քննարկման թեմա դարձած տեսագրությունը: Մենք առայժմ չենք հրապարակում այլ մանրամասներ` սպասելով իրավապահ մարմինների քայլին:

Ախթալայի Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանի հետ մեր զրույցից պարզվեց, որ տեսանյութում պատկերված անչափահասը 2010 թ.-ի հունվար ամսից դպրոց չի հաճախել:

«Ձեր նշած աշակերտը դպրոց չի հաճախել շուրջ 300 և ավելի ժամ: «Հանրակրթության մասին» օրենքն ասում է հետևյալը. «Ուսումնական տարվա ընթացքում 160 ժամ ուսումնական պարպմունքներից բացակա  ունեցող աշակերտները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու: Այդ աշակերտը եղել է 9-րդ դասարանում, նա ավարտական քննություններին չի մասնակցել, մնացել է նույն դասարանում: Երեխան, ծնողի բացատրությամբ, դասերից բացակայել է դպրոց հաճախելու ցանկության բացակայության պատճառով»,- ասաց  տնօրենը:

Լեռնիկ Ճիճիլյանը մեծ դժվարությամբ խոստովանեց, որ մանկապղծության մասին լուրեր լսել է նաև ինքը, սակայն պարզվեց, որ որպես դպրոցի տնօրեն նրան հետաքրքրել է երեխան` իր կարգապահական վիճակով դպրոցի ներսում և այդ թեմայով չի խոսել:

Ըստ Լ. Ճիճիլյանի 2010 թ.-ին իր ղեկավարած դպրոցն ավարտած մեկ այլ աշակերտ (անունը չենք նշում-հեղ.), ով նույնպես Սերոբ Տեր-Պողոսյանի «տղաներից» է, ունեցել է գրեթե նույնքան բացակայություններ: Նրա ծնողը տարեվերջին դիմել է ՀՀ կրթության և գիտությանը նախարարություն, նախարարի տեղակալներից մեկի` Ա. Ավետիսյանի հանձնարարականով էլ տղան ավարտել է դպրոցը:

Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանի հետ զրույցում «Հետքը» խնդրեց մեկնաբանել Սերոբ Տեր-Պողոսյանի այն հայտարարությունները, ըստ որի` իրեն մեղադրողները Ախթալայում իրեն նախանձողներն են:

«Լեռնահարստացման կոմբինատի զարգացումը մեր բոլորի խնդիրն է, ինչո՞ւ պետք է նախանձենք: Ես անձամբ Վահրամ Փարսադանյանի հետ ոչ մի կապ չունեմ, նույնիսկ չգիտեմ, թե վերջին անգամ երբ եմ տեսել նրան: Հնարավոր համարում ե՞ք, որ ես նրան դրդեի ինչ-որ տեսագրություն հանձնել իրավապահներին: Վահրամը 30 հազար դոլարի պարտք է ունեցել: Տեղը նեղ մարդ է եղել, իր վիճակից դրդված քայլեր է կատարել: Ես սովորական համայնքապետ եմ, ընտրովի պաշտոն է, կարող է և հաջորդ ընտրությանը չընտրվեմ: Ինչ է, Սերոբի մտքով  կարո՞ղ է անցնում է, որ մենք լեռնահարստացման կոմբինատը առնելու միտք ունենք: Նախ այդ հնարավորությունները մենք չունենք, հետո` դա նրա երևակայության արդյունքն է»,- ասում է քաղաքապետը:

Հայկ Խաչիկյանն ասաց, որ ինքը չի հասկանում, թե Սերոբ Տեր-Պողոսյանը ինչու է շահարկում Խաչիկյանների անունը: «Հնարավոր է, որ ինքը չի շահարկում, շահարկողներն իրեն թիմակիցներն են»,- ասաց նա:

Ախթալայի քաղաքապետը կարծում է, որ քննարկվող հարցը պետք է լուծում ստանա. «Ոստիկանությունը, կարծում եմ, Ախթալայի անցուդարձին տեղյակ է եղել: Հոմ միայն հավ գողացողներին չեն բռնելու: Ես չեմ կարծում, թե այս հարցը վերջնական լուծում կստանա: Դրա համար մարդիկ խուսափում են այս թեմաներով խոսել, մանավանդ լեռնահարստացման կոմբինատի աշխատողները»,- ասաց քաղաքապետը:

Հ. Խաչիկյանը նաև նշեց, որ ցավ է ապրում իր ծննդավայրի և իր ղեկավարած համայնքի անունը այս կերպ շոշոփվելու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter