HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարավանը դարձնել Լաս Վեգաս. գյուղի տեսլականը և Ամուլսարի ոսկու հանքը

Վայոց ձորի մարզում Սարավանը լավագույն ցուցանիշ ապահոված գյուղերից մեկն է, ինչի մասին դեռևս իր պաշտոնավարման ժամանակ մեզ հետ զրույցում պարծեցավ արդեն նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Որպես համայնական կյանքի իդեալական մոդել հենց այս գյուղն էր բնութագրում նախկին մարզպետը. «Սարավանը երևի միակ բնակավայրն է, որտեղ բնակչությունն ավելանում է. 9 ընտանիք Եղեգնաձորից, մեկ ընտանիք այլ տեղից տեղափոխվել է Սարավան: Լավ պայմաններից է,- վստահեցնում էր Սերգեյ Բագրատյանը,- հիանալի  արոտավայրեր ունեն, հիանալի պայմաններ կան անասնապահությամբ զբաղվելու, վար ու ցանքով զբաղվելու»: 

Սարավան համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանն ասում է, որ գյուղում արտագաղթը կանգնել է, իսկ գյուղի տների գները` թանկացել. տունը, որը կարելի էր նախկինում 1500-2000 դոլարով գնել, այժմ արժե 10 հազար դոլար: 5 տարի հետո Սարավանը կդառնա Լաս Վեգաս: Սրանում համոզված էր թե նախկին մարզպետ Բագրատյանը, թե Սարավանի համայնքապետ Ս. Բաբայանը: Միայն թե գյուղի զարգացումը ոչ թե գյուղատնտեսության կամ անասնապահության հաշվին է եղել, այլ, պարզվեց, հանքավայրի. Սարավանը հենց այն երեք գյուղական ազդակիր համայնքներից մեկն է, որի արոտավայրերը փռված են Ամուլսարի փեշերին: 1363 հա հող համայնքը տրամադրել է «Գեոթիմ» ընկերությանը` հետազոտական աշխատանքների, 136 հա` որպես հանքավայր շահագործելու համար: 

Գյուղի սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակը բավականին բարվոք բնութագրեց գյուղապետ Սիմոն Բաբայանը: Վերջին 2-3 տարում իրենց համայնքի տարածքի բարձրադիր լեռնային շրջանում հայտնաբերված գունավոր մետաղների հանքավայրի հետախուզական աշխատանքներ իրականացնելու և հողերի  կատեգորիաները` հանքարդյունաբերության համար օգտագործելու դիմաց «Գեոթիմ» ՓԲԸ-ն տարեկան շուրջ 30 մլն վարձավճար է տալիս: Ընկերության մուտքերը համայնքի բյուջե մեծ հույսեր է ներշնչել գյուղացիներին, բացի դրանից` ավելի քան 7 կմ լեռնային հատվածներով գազատարն է ընկերության միջոցներով անցկացվում: Սարավանցիները վստահ են` դեռ բազմաթիվ խոստումներ կան, որ պիտի իրականանան: 

Այս տարի գյուղը մանկապարտեզ նույնպես կունենա, գյուղի վերնամասում ոռոգման հին ջրագիծը պիտի հիմնովին փոխվի, որպեսզի մոտ 250 հա հող ոռոգելի դառնա: Եվս մեկ ծրագիր է նախատեսել գյուղապետը` 15 հա փորձարարական պտղաբուծական համալիրի կառուցում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԻՖԱԴ) հետ, իսկ առաջիկայում գյուղ կներկրվի մի քանի անիվավոր տեխնիկա:

«Էդքանը անելուց հետո մտածում եմ, եթե մի 50 հա կարտոֆիլ մշակվի, այգիներ հիմնվի, էլ չեմ ասում մի փոքր փորձնական անասնապահական ֆերմա ստեղծեն, դա էլ ենք պայմանավորվել, մի քանի խոզամայրեր բերենք ու 10 գլուխ երինջ»,- մանրամասնում է գյուղապետը: 

Սարավանը թուրքական գյուղ է եղել, թուրք բնակիչների հեռանալուց հետո` 1988-ին համալրվել Ադրբեջանից բռնագաղթած փախստականներով, հարևան գյուղերից, Վայքից, Սիսիանից տեղափոխված երիտասարդ ընտանիքներով: Սարավանը  երեք բնակավայրերից է բաղկացած` Սարավան, Սարալանջ և Ուղեձոր: Միասին 346 բնակիչ ունի: Ուղեձորը սեզոնային գյուղ է համարվում, բնակիչները ձմռանը գնում են, ամռանը` վերադառնում իրենց անասուններով: Գյուղի վիճակը ծանր է եղել: Գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ռազմիկ Մանուկյանն ասում է, որ հիմա վիճակն այլ է. գյուղը ոտքի է կանգնել: Նախկինում գյուղում մի կաթիլ ջուր չի եղել, այժմ Սարալանջը ջրամատակարարմամբ ապահովված է, խմելաջրի երու արտաքին ցանցի փոփոխություն են կատարել. «Խմելու ջուրն էնքան շատ է, որ մարդիկ բաղչա են ջրում»,- ասում է Ռ. Մանուկյանը: Հաջորդը գյուղի կոյուղին է, որով արդեն իսկ զբաղվում են: 

Ամուլսարը կդառնա խոշոր հարկատու 

Սարավանից Ամուլսարի մի մասն է երևում` գագաթը, այն էլ շատ հեռվից: Սարավանը ոսկու հանքավայրի ուսումնասիրության և շահագործման համար տրամադրել է մեծ մասամբ հեռագնաց արոտավայրրերը` գյուղից 10-ից մինչև 30 կմ հեռու. տարածք, որը, ըստ գյուղապետարանի աշխատակիցների, չի օգտագործվել, որովհետև գյուղում անասունների այդքան գլխաքանակ չկա, որպեսզի անհրաժեշտություն լինի հասցնել  հեռավոր արոտավայրեր: 

«Հանքին կողմնակից ենք էնքանով, որ մենք ինչպիսի ծախսեր արինք, բայց եթե մնար մեր տեղական մուտքերի վրա, մեր բյուջեի հաշվին, մենք բառիս լայն իմաստով սկի 10 շիֆեր էլ չէինք կարող առնել»,-ասում է Ռազմիկ Մանուկյանը: 

Ամուլսարը 2.5 մլն ունցիա պաշարով ոսկու հանք է, որի ներուժը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը զգալիորեն ավելի մեծ է համարում: Արտադրության գնահատման ծավալների համաձայն` «Ամուլսարը» կդառնա ամենաախոշոր հինգ հարկատուներից մեկը: 

«Գեոթիմ» ՓԲԸ-ն հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Ընկերությունը «Լիդիանին» 95 %-ով պատկանող Հայաստանյան ներկայացուցչությունն է, որը հիմնադրվել է 2005թ.-ին: «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը միջազգային շուկայում գործող բրիտանական կազմակերպություն է: Զբաղվում է հանքերի հետախուզմամբ և մշակմամբ, մասնագիտանում է ոսկու արդյունահանման աշխատանքում: «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ»-ի առավել խոշոր բաժնետերերն են` Միջազգային ֆինանսական կորպորացիան (Համաշխարհային բանկի խումբ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և «Նյումոնթ» լեռնահանքային կորպորացիան (ոսկու արդյունահանման ծավալով աշխարհում երկրորդ ընկերությունը):   

Ամուլսարի հանքավայրը ընկերության նոր նախագիծն է և վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում հայտնաբերված ոսկու նոր հանքավայրը: Տեղակայված է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմանին: 2007-ից «Գեոթիմը» 4 ամառների ընթացքում իրականացրել է հետախուսզական հորատումներ, ստուգել լեռնաշղթայի երկայնքով մակերևույթից մինչև 250մ խորության վրա ոսկու պարունակությունը: 

«Գյուղերի և Ջերմուկի վրա փոշին ազդեցություն չի ունենա` փոշու հեռավորության և նախատեսվող միջոցառումների շնորհիվ»,- շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հիմնավորման մեջ նշում է «Գեոթիմ» ընկերությունը: Ըստ ընկերության հաշվարկների` փոշու 95 %-ը կնստի փոշու աղբյուրից 100 մ հեռու, մնացած 5 %-ը կտարածվի առավելագույնը 1000 մ: Բացահանքից և տարրալվացման հարթակից բնակավայրերը գտնվում են զգալիորեն հեռու: «Գեոթիմը» հայտարարում է, որ մշակելու է փոշու կառավարման նորագույն տեխնոլոգիաներով հագեցված նախագիծ` ջրցան մեքենաներ, փակ կոնվեյեր, ջարդումը փակ շենքում: 

Հիշեցնենք, որ բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարը տրանզիտային այն ուղին է, որը ծառայում է Կարմիր գրքում գրանցված կենդանիների միգրացիային: Այն կենսաբազմազանության կարևորագույն տարածք է համարվում, որտեղ նույնպես Կարմիր գրքում գրանցված բույսեր կան: Սարավանում, սակայն, չգիտես ինչու գյուղացիներին չի անհանգստանում ոչ Կարմիր գրքի բույսերն ու կենդանիները, ոչ էլ հանքի հնարավոր վատ ազդեցությունը գյուղի վրա. հիմնավորումը մեկն ` կարևորը աշխատանք լինի:

«Մենք մեզ մտահոգող բոլոր հարցերը տալիս ենք, իրենք գիտականորեն ապացուցում են, որ դա այդպես չէ, էլ ի՞նչ կարող ենք անել: Տներում դրեցին գործիք, թե ռադոն գազը ինչ տոկոսային հարաբերությամբ կա մինչև հանքի բացելը: Իրենք արդեն որոշակի մասով բացել են հանքը, որ տենան, թե հո էդ գազը չի հասել, եկան, նայեցին, որ բոլոր իրենց դրած փորձարկումները նորմալ են»,-պատմում է Ռ. Մանուկյանը: 

«Եթե հիմա հաշվի առնենք տենց բաները, որ վնաս կա, ինչո՞վ զբաղվի էդ ժողովուրդը, եթե մտածենք, որ հա, էսօր էդ փոշին եկավ, մեզ վնաս տվեց, ինչո՞վ զբաղվենք, եթե արդյունաբերություն չկա, գործարան չի աշխատում,-միջամտում է համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռուզան Ասատրյանը,- Երևանի բնապահպանը ինչ իմացավ` ստեղ ինչ ազդեցություն ունեցավ էդ փոշին սարավանցու համար»: Ռուզանը ցույց էր տալիս «Գեոթիմ» ընկերության տրամադրած արդյունքները և ոգևորված պատմում, որ «Գեոթիմը» Սարավանում տնկարան է ստեղծել, որի ծառերը պետք է հանքի տարածքից ներքև ընկած համայնքներին պաշտպանեն հնարավոր փոշուց, օդը մաքրեն: 

Զառա Գևորգյանը երիտասարդ կենսաքիմիկ է,  ապրում է Սարավանում, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Աշխատում է «Գեոթիմ» ընկերությունում, բնապահպանության փորձագետի օգնական է: Նմուշառումներ է անում` օդի, ջրի, հողի և այլն: Զառան ասում է, որ ինքը շահագրգիռ է, որ հանքավայրն աշխատի, և եթե այն վնասակար ազդեցություն ունենար համայնքի վրա, բնականաբար, ինքն էլ դեմ կլիներ` չէ որ ինքն ու իր ընտանիքն էլ է ապրում Սարավանում:  Զառան պատմում է, որ  ազդակիր համայնքներում սարքեր են տեղադրված (Սարավան, Գնդեվազ, Գորայք) և անընդհատ նմուշառումներ են անում, նույնիսկ ձմռանը: Մի նմուշը ուղարկում են hայաստանյան լաբորատորիա, մյուսը` արտասահմանյան:  

«Մեր տվյալները նույնիսկ միջազգային ստանդարտներից էլ ցածր է, այնպես չէ, որ ասում են` ուրան կա, էս կա, էն կա, էդ ամենը սուտ բաներ են` մարդկանց մեջ խուճապ մտցնելու համար»,- ասում է Զառան:

Նա Ջերմուկից հասնող լուրերը նույնպես սուտ է համարում: Համաշխարհային բանկի «Լիդիան»-ի ներկայացուցիչը գյուղապետարանում կազմակերպված հավաքին, երբ բնակիչները ներկայացրել են բնակչության մտավախությունները ուրանի առկայության շուրջ, խնդրել է փաստացի ապացույցներ ներկայացնել, որ տարածքում ուրան կա: «Բնապահպանական կազմակերպությունները ոչ մի փաստ չունեն, ընդամենը ասում են` էս կա, էն կա»,- ասում է Զառան: 

Այդ լուրերը տեղացիները վերագրում են ԱԺ պատգամավորության թեկնածու Աշոտ Արսենյանին (մականունը` Քլոս), ով «Ջերմուկ գրուպի» սեփականատերն է, և քանի որ զգացել է, որ իր բանվորները դուրս են գալիս ընկերությունից հանքավայրում ավելի բարձր աշխատանքի անցնելու համար (քանի որ պատգամավորը նրանց վճարում էր 60 հազար, իսկ հանքավայրի աշխատողները ստանում են շուրջ 120 հազար դրամ), որոշել է նման լուրեր տարածել: 

Սարավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ռազմիկ Մանուկյանն ասում է, որ գյուղից առայժմ 8 հոգի բանվոր է ներգրավված Ամուլսարի աշխատանքներում, 4 անձանց էլ այլ գործերի համար են վերցրել: Ընդհանուր առմամբ այս պահին շուրջ 130 աշխատակից է ներգրավված հանքի ուսումնասիրության աշխատանքներում: «Ամուլսար» ծրագրի շրջանակներում ընկերությունը խոստանում է վերապատրաստվել և աշխատանքի ընդունել 200-300 մարդու հարակից համայնքներից: 130 հազար դրամի սահմաններում աշխատավարձ են տալիս գյուղացիներին, ինչը ներկայիս գործազրկության պայմաններում հնարավորություն է տալիս գյուղացիներին բարելավել իրենց կենսակերպը: 

Գյուղացիների հիմնավորումները շատ նման են. այսքան տարի գյուղին որևէ աջակցություն չէր ցուցաբերվում, գազի խնդիրը երկար ժամանակ չէր լուծվում, «նույնիսկ մի քանի շիֆեր գյուղին չէր տրամադրվում», իսկ հիմա համայնքը ծաղկում է: Սարավանն էլ պատրաստում է էլի հողեր տրամադրել «Գեոթիմ» ընկերությանը. «Նոր պայմանագիր պիտի կնքնենք իրենց հետ, մոտ 100 հա էլ պիտի ավելացվի հանքարդյունահանման տարածքը, որի շնորհիվ լրացուցիչ մեր բյուջեում 24-25 մլն դրամ գումար կունենանք: Եվ այս գումարները` մոտ 60 մլն դրամ, եթե 5 տարի ներդրվի գյուղի զարգացման համար, կմոտիկանա Լաս Վեգասին»,- ասում է գյուղապետ Բաբայանը: Գյուղապետը միայն ափսոսում է, որ չի նկարել գյուղը նախկին տեսքով, որպեսզի նորի հետ համեմատելու հնարավորություն ունենային: 

Մեկնաբանություններ (5)

gevo
bnakchutyan mej varpetoren sermanel en mortapashtakan, tulapay stanalu hogebenutyun vor@ anxapan gorcum e te qvearkutyan ev te myua paraganerum.bnakchutyan@ mshtakan qarozum en ,vor mer erkir@ axqat e bnakan resursnerov ,vorpeszi och voq chmtaci te um grpann e mtnum azgayin sepakanutyun handisacox voskin pxindzn [email protected] shrjanum hayastanum tarekan ardyunahanvel e 4,5-6tonna voski ,tasnyak hazaravor tonna pxinc n molibden ayjm erb katareagorcvel en hanqardyunaberutyan tekhnologianer@ev krknapatkvel en shahagorcvox hanqeri qanak@ djvar che patkeracnel ardyunahanvox vosku ev ayl metexneri [email protected] bereci bazmativ axbyurneric miayn mek@ vor@ patasxan kta ayn harcin te inchpes e linum vor cak naskinerov ev mashvac trusikov hayastan ekac nakhagahneri tohm@ 1-2 tarum darnum milliardater.isk sharqayin mard@ huys e paypayum ,vor gone mi nvast asxatavarc kstana ev ir erexanerin sovi chi matni.
GOR
RUZANNNNNNN JAN DUQ QANI ANGAM EQ TESEL ET AVTON PETHAMALSARANI DIMAC///??? ETE ETQAN SHATEQ TESNUM ET AVTON MI ANGAM NKAREQ EV I CUYC DREQ.???et avton marzic vochmi angam durs chi ekel u animast meknabautyunerov mi zbaxveq.Մեկնաբանությունը...
Ռուզան
ամեն ինչ շատ գեղեցիկ է նկարագրված, մի բան մոռացել են նշեն միայն, որ Գեոթիմի փոխանցած վարձավճարների հաշվին գյուղապետարանը ձեռք է բերել նոր մեքենա, որը կարելի մշտապես տեսնել պետհամալսարանի բակում
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ դուք Ի՞ՆՉ իրավունքով եք ՁԵՐ անձնական աշխատավարձի ու ՁԵՐ անձնական կյանքը բարելավելու համար ՄԵԿՆԴՄԻՇՏ կործանում տարածքաշրջանի էկոլոգիան: Դուք 50 տարի հետո սկի չեք էլ լինելու,իսկ այդ բնական միջավայրը հազարամյակներ դեռ լինելու է: Իսկ 50 տարի հետո ծնվածնե՞րը: Ավելի լավ է մի 400-500 գյուղացի քիչ,քան թե մեկնդմիշտ կործանված էկո-սիստեմ: Իսկ 20 տարի հետո՞,երբ հանքի ոսկու պաշարը պրծած լինի: Ո՞Վ է մաքրելու հանքի տարածքը:
Minas Simonyan
Varaz, duk inch masnaget ek?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter