HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ պատգամավորների հարցերը կառավարությանը և գլխավոր դատախազությանը

ՀՀ կառավարություն

ՀՀ գլխավոր դատախազություն

2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, դաժան և անմարդկային հաշվեհարդարի հետևանքով, սպանվեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի բնական այս հետևանքը հասարակության մեջ առաջացրել է լարված իրավիճակ:

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնկարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետով և 7-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով Ազգային ժողովի պատգամավորների նախատեսված լիազորություններով՝ ստորև ներկայացնում ենք մի շարք հարցեր և ակնկալում ենք օրենքով նախատեսված ժամկետում դրանց պատասխանները.

1. Ե՞րբ և ու՞մ կողմից է ոստիկանությունում ահազանգ ստացվել դեպքի մասին: Ինչո՞ւ մի քանի օր ծանր վնասվածք ստացած սպայի գործով անհապաղ չի հարուցվել քրեական գործ, իսկ նյութերը մի քննչական մարմնից մյուսն է դեգերել:

2. Հայտնի՞ են «Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցները, կա՞ն դեպքի այլ ականատեսներ, որոնք դեռ հարցաքննված չեն:

3. Հարուցված քրեական գործի շրջանակներում ձևակերպվա՞ծ են ապացուցման առարկա հետևյալ հարցերը.

3.1 ո՞ր ժամանակահատվածում է տեղի ունեցել միջադեպը, և որտե՞ղ է տեղի ունեցել դեպքի հիմնական մասը: Արդյոք այդ վայրում, բացի դեպքի մասնակիցներից, եղե՞լ են այլ քաղաքացիներ, և ի՞նչ վարքագիծ են նրանք դրսևորել,

3.2 ու՞մ հրահանգով են ծեծի ենթարկվել Վահե Ավետյանը և մյուսները, մեղադրյալններից ո՞վ կամ ովքե՞ր են առավել ակտիվ եղել ծեծի ժամանակ,

3.3 «Հարսնաքար» ռեստորանի կալանավորված աշխատակիցների հեռախոսազանգերը առնչություն ունե՞ն դեպքի հետ, և ու՞մ անուններն են նշվում,

3.4 ծեծի ժամանակ հայհոյանքներ հնչե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ առարկաներ և/կամ գործիքներ են օգտագործվել,

3.5 մեղադրյալների և նրանց հագուստների վրա եղե՞լ են ֆիզիկական ուժի, բռնության գործադրման հետքեր,

3.6 հատկապես ո՞վ կամ ովքե՞ր են Վահե Ավետյանին հասցրել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

4. Հանցագործության կատարման տեղանքներում կա՞ն տեսանկարահանման սարքավորումներ, որոնք արձանագրել են դեպքը: Եթե չեն պահպանվել տեսագրությունները, ապա ինչպե՞ս է դա բացատրվում:

5. Բացի Վահե Ավետյանից և նրա ընկերներից՝ ռեստորանը նույն ժամանակահատվածում այլ այցելուներ ունեցե՞լ է, ճշտվա՞ծ են այցելունների տվյալները: Ինչպես ռեստորանի այցելուները, այնպես էլ աշխատակիցները փորձե՞լ են սրահի ներսում կանխել միջադեպը, անհատապես ովքե՞ր:

6. «Հարսնաքար» ռեստորանի կալանավորված 7 աշխատակիցները ունեցե՞լ են աշխատանքային պայմանագրեր, և այդ պայմանագրերով սահմանված եղե՞լ է նրանց ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակը:

7. Ի՞նչ իրավական հիմքերով է ապահովվում «Հարսնաքարի» և ընդհանրապես հանրային սննդի նմանատիպ օբյեկտների, դրանց աշխատակիցների ու հաճախորդների անվտանգությունը, ովքե՞ր են պատասխանատուները, ի՞նչ պահանջներ են սահմանված նրանց համար (նկատի առնելով այն հանգամանքը, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու միայն 2013թ. հունվարի 1-ից), արդյոք այդ անձինք կամ կազմակերպությունները ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ այլ միջոցների գործադրման իրավասություններ ունե՞ն և ո՞ր դեպքերում:

8. Արդյոք վարվո՞ւմ է հասարակական վայրերում պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների կամ նրանց «թիկնազորի» մասնակցությամբ կատարված ծանր հանցագործությունների հաշվառում-վիճակագրություն: Մինչև այժմ քրեաիրավական ինչպիսի՞ պատասխանատվության ու պատժի են ենթարկվել մեղավոր անձինք:

9. Արդյոք համապատասխան առաջարկություններ մշակվե՞լ են «Հարսնաքար»-ում և նմանատիպ այլ հաստատություններում բռնության երևույթները կանխելու, քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանություն իրականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ չէ՞ արդյոք այդպիսի տարածքների տեղակայման և տարածքներում պարտադիր տեսանկարահանման սարքավորումների կիրառման և այլ պահանջներ սահմանելը:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ պատրաստ ենք նաև հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:

Հ.Յ. Դաշնակցություն           Ա. Ռուստամյան
«Ժառանգություն»               Ռ. Հակոբյան
Հայ ազգային կոնգրես        Ա. Մանուկյան

Մեկնաբանություններ (2)

Yntercox
Ba Bargavach@ inchu chi miacel?
sergik
harz petq e tal, te inchi hamar en etqan anvtangutjan ashxatoghnere, ete voch sra nra het hashvehardar tesnelu hamar chen, inchi en pahum....endamene petq e lini 1,2 ashxatakiz , isk erb depq e teghi unenum ev verahskoghutjuniz durs e galis kanch tan vostikanutjane.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter