HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սուսաննա Հարությունյան. «Մտավախություն կա, որ եթե մի հայկական ֆիլմ գնա միջազգային մրցույթ, կկորչի և մրցակցությանը չի դիմանա»

«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի արդյունքները փորձել ենք ամփոփել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանի հետ: 

Նախորդ տարիների համեմատ՝ ինչպիսի՞ն էր «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնը:

Ինձ համար տարբերությունն ամփոփված է մեր սիմվոլի՝ ստորակետի մեջ. մի կողմից ներկայացնենք այն լավը, որ մենք կուտակել ենք, մյուս կողմից՝ հայացք գցենք կողքից՝ տեսնելու, թե ինչ ունենք: Մի պահ հապաղենք՝ ստորակետ դնենք, որ շարժվենք դեպի 10-րդ փառատոն՝ արդեն հասկանալով կարևորագույն նշակետերը, թեմաներն ու ֆորմատները: Մեզ համար 9-րդը կարծես թե նախապատրաստությունն էր 10-րդի, որը պետք է լինի մեր հոբելյանական փառատոնը: Այն պետք է ներկայացնի այն ամենը, ինչին հասել ենք կամ չենք հասել (սակայն հիմնականում հասել ենք – ծիծաղում է) այս 10 տարվա մեջ:

Ինչի՞ կողքին եք ստորակետ դնում, ի՞նչ ունեք ստորակետից առաջ:

«Խելառություն» է ունենալ կինոփառատոն մի երկրում, որը երբևէ միջազգային կինոփառատոնի փորձ չի ունեցել և ունի շատ փոքր մասշտաբով կինոարտադրություն: Փառատոն կայացնել, զարգացնել և հասցնել 9-րդի, այդ թվում՝ կարողացանք այս 9 տարիների ընթացքում բերել լավագույն անունները և կինոյի մեծերին, Հայաստանը որպես կինոյի երկիր հնչեցնել, կինոքարտեզում այդ կետը ակտիվացնել: Իսկ մեր փառատոնը կարող է աչքի ընկնել միայն ծրագրերով՝ պահպանելով նշաձողը, կինոյի որակը, ընտրության բարձր չափանիշները և անուններով՝ ոչ միայն հնչեցված անուններով, այլ այն երիտասարդների անուններով, որոնց գիտեն փառատոների մակարդակով:

«Հայկական համայնապատկեր» մրցութային բաժնի շրջանակներում հայ ռեժիսորները շատ էին անդրադարձել Ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի խնդիրներին՝ փորձելով վերադառնալ իրենց արմատներին: Փառատոնում դա օրինաչափությո՞ւն է:

Դա մեր ցավն է, այն հարցը, որը դեռ եփվում է: Մենք չենք կարող հանգստանալ, մինչև ինչ-որ լուծում չտրվի: Դա բնական վիճակ է. եթե ազգի համար դա ցավոտ կետ է, կինոն պետք է անդրադառնա դրան, պետք է ինչ-որ ձևով ոչ միայն դարման դառնա, այլև փորձի առաջ տանել այդ հարցը և հնչեցնել այն միջազգային մակարդակով: Կարևոր է, որ այդ թեմաները հնչեցվեն, բայց նաև կարևոր է՝ ինչպես են հնչեցվում: Կինոն արվեստի տեսակետից պետք է համոզիչ լինի, ժանրի, տեսակի մեջ համապատասխանի այն չափանիշներին, որը հենց մեր փառատոնն է ուրվագծել: Եթե այդ թեմաները շատ են, ուրեմն մեր հայ ռեժիսորները շատ մտահոգ են:

Չեմ կարծում, որ դա նորություն է: Որքան հիշում եմ՝ «Հայկական համայնապատկեր» բաժինը միշտ ունեցել է այդ տենդենցը: Մասնավորապես՝ սփյուռքահայ ցանկացած ռեժիսոր իր մեջ կրում է ընտանեկան այդ տրավման, ընտանիքի պատմությունը. չես կարող ձերբազատվել դրանից: Առաջ անցնելով ասեմ, որ 2015 թ.-ին՝ Ցեղասպանության 100-ամյակին, փառատոնը պետք է ունենա առանձին մեծ ծրագիր՝ լավագույնն ընտրելով նախորդ ծրագրերից: Հուսով եմ, որ դեռ շատ ազդեցիկ ֆիլմեր կստեղծվեն, որովհետև այդ ցավը մեր մեջ կա:

Այնպես է ստացվում, որ հայ ռեժիսորները ներկայացված են միայն «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում, որտեղ, փաստորեն, մրցակցում են միմյանց հետ: Ի՞նչն է պատճառը, որ հայկական ֆիլմերը ներկայացված չեն նաև միջազգային խաղարկային մրցույթում:

Դա հայկական կինոյի թերագնահատում չէ, այլ ընդունված միջազգային ֆորմատ է. կա ազգային և միջազգային մրցույթ: Այդ ֆորմատի նպատակն է հնարավորինս շատ ազգային ֆիլմեր ցուցադրել:

Իսկ չկա՞ այնպիսի հայկական խաղարկային ֆիլմ, որը համապատասխանի միջազգային չափանիշներին և ընդգրկվի միջազգային խաղարկային մրցույթում:

Ըստ իս՝ ճիշտ էր հայկական խաղարկային ֆիլմերն ընդգրկել «Հայկական համայնապատկերի» մեջ, որ այդ ֆիլմերը ցուցադրվեն: Մեր ստրատեգիան է՝ բարձրացնել ազգային մրցույթը մեր ունեցած հնարավորություններով: Ամեն կերպ փորձում ենք լավագույն պայմանները ստեղծել, որ հայկական ֆիլմերը ներկայացվեն: Կա մտավախություն, որ եթե մի ֆիլմ գնա միջազգային մրցույթ («Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային բաժին), պարզապես կկորչի և մրցակցությանը չի դիմանա: Դա պետք է հասկանան նաև մեր ռեժիսորները, որ ֆիլմը «Հայկական համայնապատկերի» շրջանակներում ներկայացնելը միայն լավագույն մղումներով է՝ լավագույն պայմանները ստեղծել հայկական կինոյի համար: Ապացույցը «Եթե բոլորը» ֆիլմն է, որը մրցանակը ստանալուց անմիջապես հետո (այս տարի «Ոսկե ծիրանում» ճանաչվել է լավագույն հայկական խաղարկային ֆիլմ) մի քանի կարևորագույն փառատոների հրավեր ստացավ:

Այդ դեպքում ի՞նչն է խանգարում մեր կինոյի զարգացմանը:

Մենք չունենք կինոյի ինդուստրիա, մենք չենք կարողանում ապահովել կինո ասված օրգանիզմի լիարժեք ֆունկցիան: Կինոն շատ բարդ օրգանիզմ է, որը տարբեր մասերից է կազմված: Արտադրությունը կարևոր է, բայց դա միայն մի մասն է: Ֆիլմը պետք է դուրս գա, ցուցադրվի, մենք չունենք լիարժեք հետադարձ կապ՝ հանդիսատես-կինո, որը շատ կարևոր է: Մենք չունեինք կապը հայկական և համաշխարհային կինոյի հետ՝ հայկական կինոյի ներգրավվածությունը միջազգային կինոպրոցեսում, որ հայ կինեմատոգրաֆիստը հասկանա՝ ինչ տենդենցներ կան, ուր է գնում կինոն, ինչ լեզվով է խոսում, ինչ թեմաներ են շրջանառվում:

Կինոքննադատությունը ևս այդ օրգանիզմի մի մասն է, որը մեզ մոտ թերի է: Կինոն մի ամբողջ համակարգ է: Եթե մի շղթան բացակայում է կամ թերի է, արդեն լիարժեք չի գործում: Ցավոք, հայկական կինոն իր շղթաներով թերի է: Բայց քայլ առ քայլ ես տեսնում եմ զարգացումը, միտումը՝ գնալու և միանալու այդ ընդհանուր հոսքին:

Ադրադառնանք կազմակերպչական հարցերին: Ի՞նչն էր պատճառը, որ Ա. Սոկուրովի «Արև» ֆիլմի ցուցադրության ժամանակ խնդիրներ եղան՝ ֆիլմը մինչև վերջ չցուցադրվեց, մարդիկ ստիպված լքեցին դահլիճը, և անգամ Ա. Սոկուրովը չցանկացավ մեկնաբանել տեղի ունեցածը:

Այստեղ փառատոնի մեղքը բացարձակ չկա: Ամեն ինչ նախօրոք ստուգվել էր՝ ձայնը, գույնը: Բայց ո՞վ կարող էր մտածել, որ ֆիլմի վերջը պարզապես ձայնագրված չէ: 9 տարվա մեջ նման դեպք չէր եղել: Սոկուրովի ստուդիայի կողմից ուղարկված սկավառակում ֆիլմի վերջը ձայնագրված չէր: Մեծ հարգանքով վերաբերվելով Սոկուրովին ու հասկանալով իր վիճակը՝ ինքն էլ մերը պետք է հասկանար, մենք մեկ օրվա մեջ կազմակերպեցինք նոր կրկնօրինակի տեղափոխումը Հայաստան՝ մեծ գումարների հաշվին, որ կիրակի օրը ցուցադրենք, որպեսզի մեր ռեյտինգը չգցենք:

Մեկ այլ կազմակերպչական խնդիր էլ ծագեց փառատոնի ավարտին՝ փակման «Սեր» ֆիլմի ցուցադրության հետ կապված: Մարդիկ տոմս էին գնել ժամը 18:00-ի համար, սակայն այդ ժամին գալով՝ պարզեցին, որ ցուցադրությունը տեաղփոխվել է 20:30, իսկ ժամը 18:00-ին ֆիլմը դիտելու են հրավիրատոմսեր ունեցողները:

Դա տեխնիկական թերացում էր, որի համար շատ ցավում եմ: Ժամը 18:00-ի ցուցադրության համար բաժանվել էին հրավիրատոմսեր, իսկ «Մոսկվա» կինոթատրոնը տոմս էր վաճառել:

Այսինքն՝ կինոթատրոնը սխալմա՞մբ է տոմս վաճառել:

Ես տեղյակ չեմ: Չեմ ուզում ասել, որ «Մոսկվա» կինոթատրոնն է թերացել, բայց ինչ-որ մի բան չի աշխատել, որ այդպես է եղել: «Մոսկվա» կինոթատրոնը սխալմամբ ժամը 18:00-ի համար տոմս է վաճառել: Այս սեանսի համար ընդհանրապես պետք է տոմս չվաճառվեր: Հետո մենք փորձեցինք գտնել լուծումը: Քանի որ հրավիրատոմսերով մարդիկ հետո պետք է գնային փակման արարողությանը, 2-3 օր առաջ և «Մոսկվա» կինոթատրոնում, և մեր կայքերում դրված էր հայտարարությունը, որ 18:00-ի համար վաճառված տոմսերով մարդիկ ֆիլմը կնայեն 20:30-ին: Մենք մեկ լրացուցիչ սեանս դրեցինք, փորձեցինք այդ սխալն ուղղել: Հասկանում եմ հանդիսատեսի զայրույթը, բայց երկու օր առաջ «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր պատերին հայտարարությունը փակցված էր:

Ի՞նչ ակնկալենք 10-րդ հոբելյանական կինոփառատոնից:

Պետք է լավագույնը լինի: Դեռ ոչինչ չեմ կարող կանխատեսել, բայց գումարելով այն ամենը, ինչ կարողացել ենք կուտակել, ձեռք բերել անունի, ռեյտինգի, հեղինակության առումով, պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք, որ այդ փառատոնը լինի իսկապես փայլուն և լավագույնը թե կազմակերպչական, թե հյուրերի և ֆիլմերի տեսակետից:  

Լուսանկարը՝ oneworld.cz կայքէջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter