HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թունաքիմիկատի վնասը մինչև ծնկներն է, օգուտը՝ մինչև պարանոցը»

Նման կարծիք ունի մեղրեցի ֆերմեր Աշոտ Ասլանյանը: Նա հավելում է, որ նկատի ունի միայն արդյունավետ և ոչ անհայտ ծագում ունեցող բուժանյութերը:

Նրա խոսքով՝ արդեն երեք տասնամյակից ավելի է, ինչ պտղաբուծությամբ է զբաղվում և նկատում է, որ տարեցտարի օգտագործվող անհրաժեշտ դեղամիջոցներում ազդող նյութի արդյունավետությունը նվազում է, հաճախ նախատեսված մեկ-երկու միջոցառումից հետո անգամ արդյունքը չի գոհացնում:

Աշոտը այգու համար անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները ձեռք է բերում հիմնականում Երևանից. «Թունաքիմիկատների, բուժանյութերի վաճառքով մասնագիտացված խանութից եմ գնում: Այստեղ էլ, սակայն, երկակի վերաբերմունք կա հաճախորդների նկատմամբ: Եթե տեսնում են՝ գործից հասկանում ես, ծանոթ ես դեղամիջոցի գոնե արտաքին տեսքին, այլ կերպ են սպասարկում, բայց շատերից եմ դժգոհություն լսում ձեռք բերված դեղամիջոցների պակաս արդյունավետության մասին. մանավանդ միջատասպան դեղամիջոցները հիմնականում նպատակին չեն ծառայում»:

Աշոտի տեղեկությամբ՝ Մեղրիում 1300 գյուղացիական տնտեսությունների հազիվ 2-5 տոկոսն է միայն, որ հնարավորություն ունի բուժանյութերը ձեռք բերել մասնագիտացված վաճառակետերից, մյուսները դրանք գնում են հիմնականում Երևանից եկած շրջիկ վաճառողներից, ովքեր աշնանը և գարնանը, երբ թունանյութերի ամենամեծ քանակն է իրացվում, մի-մի կլորիկ գումար են աշխատում:

«Առանձնապես եկամտաբեր գործ էլ չի, ոնց որ թվում է, որովհետև ամենքը 100-200 գրամ թույն են առնում, էն էլ՝ մեծ մասը պարտքով: Ձեռքով տալիս եմ, ամիսներով ոտքով ընկնում հետևներից, որ մի քանի հազար դրամ պարտքս վերցնեմ»,- ասում է շրջիկ վաճառողներից մեկը, ով բուժանյութը /դեցիս/ վաճառում է սովորական բժշկական ներարկիչներով: «Ով քանի գրամ ուզում է, շշից քիչ- քիչ քաշում եմ, տալիս»,-բացատրում է «բույսերի բուժակը» և ավելացնում, որ նաև խորհուրդ է տալիս, թե երբ և ինչպես սրսկեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ Մեղրիի տարածաշրջանի խորհրդատու Գևորգ Մարգարյանի կարծիքով՝ իսկապես հաճախ է պատահում, որ վաճառվող թունաքիմիկատները որակի և անվտանգության առումով չեն համապատասխանում սահմանված չափանիշերին և տեղի են տալիս լուրջ կասկածների։

Դա է պատճառը, որ եթե նախկինում ֆերմերներն անհրաժեշտ բուժանյութերն ավելի հաճախ ձեռք էին բերում շրջիկ վաճառողներից, ապա հիմա նախընտրում են ծանոթ-բարեկամի միջոցով մասնագիտացված խանութներից գնել կամ գոնե այն մարդկանցից, ովքեր, վստահ են, որ չեն խաբում, որովհետև թունանյութեր իրացնողները հաճախ շփոթության մեջ են գցում ֆերմերներին: «Պատահում է, օրինակ, խաղողի կեղծ ալրացողի համար նախատեսված դեղամիջոցի փոխարեն ալրացողի դեմ պայքարի բուժանյութ են տալիս, որը ոչ միայն արդյունավետ արդյունք չի ապահովվում, այլև հնարավոր է, հակառակ ազդեցությունն ունենա»,- ասում է նա:

Ի տարբերություն Մեղրիի, որը գրեթե կրկնակի հեռու է Երևանից՝ Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում թունաքիմիկատներ (քիմիական և կենսաբանական պատրաստուկներ, որոնք օգտագործվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտեսական արտադրանքի վնասատուների դեմ պայքարի, բույսերի աճի կարգավորման համար), անհրաժեշտ բուժանյութեր հիմնականում վաճառվում են տեղում՝ առանձին կրպակներում, արդյունաբերական և մթերային խանութներում, ավելի հաճախ՝ տներում, անգամ դեղատանը և, բնականաբար, վաճառվում են՝ չկիրառելով 2005թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության ընդունած «Թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման դրույթները, որոնցով սահմանվում է, որ թունաքիմիկատների վաճառք իրականացնող խանութներում գնորդներին տեսանելի տեղում պետք է փակցվի հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը, վաճառքն իրականացվի միայն կշռափաթեթավորված, դրանք պետք է ունենան պիտակներ, որոնց վրա նշվեն ապրանքի անվանումը, արտադրող ու մասնագիտացված կազմակերպությունների և վաճառողի անվանումները, գինը, ազդող նյութի խտությունը, վտանգավորության դասը, արտադրման ամսաթիվը, պիտանիության ժամկետը և թունավորման ժամանակ առաջին բուժօգնության մասին տեղեկություններ:

Չկիրառելով այս կանոնները՝ ցավոք, որևէ մեկը պատասխանատվություն չի կրում թունանյութերի և այլ պատրաստուկների չկանոնակարգված օգտագործման համար: Մինչդեռ անորակ, կասկածելի ծագում ունեցող դեղամիջոցների օգտագործման պատճառով վնաս է հասվում ոչ միայն շրջակա կենսաբազմազանությանը, այլև տուժում են ամենից առաջ հենց ֆերմերային տնտեսությունները: «Պատահական մարդկանցից ձեռք բերված անարդյունավետ ու աներաշխիք թունաքիմիկատների ոչ ճիշտ չափաբաժիններով օգտագործման պատճառով հնարավոր է, որ տասնյակ հեկտարներով ցանքատարածություններ վնասվեն»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Լենո Բակունցը՝ նշելով, որ տարիներ առաջ Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղում պատահական մարդկանցից ձեռք բերված «Սիմազին» դեղամիջոցի պատճառով ոչնչացավ 300 հեկտարից ավելի հացահատիկի դաշտ՝ վտանգելով նաև նույն տարածքում հաջորդ տարում բարձր բերք ստանալու երաշխիքը:

Թունանյութերի խանութներ Սյունիքում

Նման դեպք է արձանագրվել նաև Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում, որտեղ բույսերին թունաքիմիկատ տրվել է ջերմոցում, որի պատճառով դրանք վարակվել են և հետագայում վարակված սածիլների հետ դաշտ տեղափոխվել, վարակը տարածել ամբողջ դաշտի բույսերի շրջանում: Բացի դրանից՝ որոշ դեղամիջոցներ, ինչպես, օրինակ, կարտոֆիլի՝ կոլորադյան բզեզի դեմ օգտագործվող թունաքիմիկատը, յուրաքանչյուր տարի պետք է փոխարինվի այլ դեղամիջոցով, սակայն ֆերմերները հիմնականում կիրառում են նույն դեղամիջոցը, քանի որ նոր պատրաստուկներ ձեռք բերելու հնարավորություններ չկան:

Երբեմն էլ ֆերմերներն օգտագործում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք գործածությունից դուրս են եկել, ինչպես, օրինակ, գրանոզա կոչվող դեղամիջոցը, որը կիրառվում էր հացահատիկի սերմերի ախտահանման համար, բայց այժմ, չնայած ընդգրկված չէ հանրապետությունում գրանցված և օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում, այնուամենայնիվ, պատահական մարդիկ մեծ ծավալներով շարունակում են իրացնել հատկապես գյուղական համայնքներում:

Այս պարագայում բնական է, որ չի ապահովվում «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են հողը թունանյութերի և կենսապատրաստուկների և թունանյութերի վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջացառումներ իրականացնել:

Բացի դրանից՝ շրջակա կենսաբազմազանությանը վնաս հասցնելու հետ միասին վտանգվում է նաև մարդկանց առողջությունը: «Վերջին տարիներին նկատվում է մաշկային հիվանդությունների աճ, որի պատճառներից մեկն էլ ավելի հաճախ և ոչ սահմանված կանոններով թունանյութերի օգտագործումն է գյուղացիական տնտեսություններում»,- ասում է մաշկավեներաբան Լևոն Հարությունյանը:

Նրա կարծիքով, մասնավորապես գյուղաբնակները համոզված են, որ թունաքիմիկատների կիրառումը բավարար է ցանկալի արդյունքների հասնելու համար և մտահոգվելով իրենց սոցիալական պայմանների բարելավման համար հողից առավելագույնը ստանալու խնդրով, չափից շատ են թունանյութեր կիրառում և քանի որ դրանք ձեռք են բերում ոչ մասնագիտացված խանութներից, որտեղ նաև դրանք օգտագործելու կարգը նշված կլիներ, առանց ձեռնոցների շփվելով թունաքիմիկատի հետ, հաճախ սննդի հետ դրանք անցնում են օրգանիզմ՝ բացի մաշկային հիվանդություններից, առաջացնելով նաև անպտղություն, ուռուցքներ:

Այն փաստը, որ Սյունիքը քաղցկեղածին հիվանդությունների թվի առումով հանրապետությունում առաջիններից է, հնարավոր է, որ ուղղակիորեն կապված է նաև այդ հանգամանքի հետ: Գրանցվել են նաև թունաքիմիկատների սխալ օգտագործման հետևանքով մահվան դեպքեր:

Նշված խնդիրների մեծ մասն անշուշտ կլուծվեր, եթե 18026 գյուղացիական տնտեսություն ունեցող Սյունիքի մարզում գոնե մեկ մասնագիտացված խանութ լիներ, որտեղից ֆերմերները կկարողանային անհրաժեշտ դեղամիջոցներ ձեռք բերել: Սյունիքի մարզում, օրինակ, միայն 12.851 հա աշնանացան հացահատիկի համար մեկ դեղամիջոցի՝ ռաքսիլ ախտահանիչ նյութի պահանջարկը կազմում է 1 տոննա 542 կգ:

«Գորիսի տնկարան» ՓԲԸ տնօրեն Սամվել Դավթյանի խոսքով՝ իր տնտեսությունում ագրոտեխնիկական պահանջվող բոլոր միջոցառումների իրականացման համար թունանյութեր ձեռք բերելու համար ծախսվում է 300-320 հազար դրամ: Եվ եթե երկրորդ դեպքում ֆերմերն ինքն է անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք բերում մայրաքաղաքի մասնագիտացված խանութներից, ապա առաջինի պարագայում չկա երաշխիք, որ հացահատիկի մշակությամբ զբաղվողներն այդ հնարավորությունն ունեն, և այս դեպքում, բնականաբար ստիպված են վերավաճառողներին ավելին վճարել՝ միաժամանակ համոզված չլինելով, որ այն կասկածելի ծագում չունի:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «ՇԵՆ» ԲՀԿ-ի և շվեյցարական HELVETAS Swiss Intercooperation կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի շրջանակներում այս տարվա ապրիլին Մեղրիում կազմակերպվել էր գյուղատնտեսական միջոցների ցուցահանդես, որը նպատակ ուներ Մեղրիի տարածաշրջանի ֆերմերային տնտեսություններին ներկայացնել արտասահմանյան և տեղական արտադրության պարարտանյութեր, սերմանյութեր, թունանյութեր:

Ծրագրի համակարգող Արթուր Հայրապետյանի խոսքով՝ օրվա ընթացքում «Արտ Ագրո», «Սիս 95», «Հրաշք այգի» և այլ ընկերությունների ներկայացուցիչներից 150-ից ավելի մեղրեցիներ հնարավորություն ունեցան ձեռք բերել բարձրորակ բուժանյութ:

Բուժանյութերի վաճառքով զբաղվող «Հրաշք այգի» ՍՊԸ մենեջեր Հայկ Իվանյանի կարծիքով՝ ցուցահանդեսն աջակցում է ոչ միայն ֆերմերներին, որ կարողանան մատչելի գներով անհրաժեշտ թունանյութեր ձեռք բերել, այլև իրենց ընկերությունն իրացման նոր հասցեներ է գտնում: Նման նախաձեռնությունները,ըստ «Սիս-95» ՍՊԸ ներկայացուցիչ Սարգիս Ցականյանի, օգտակար են նաև այն առումով, որ կապված կոնկրետ արտադրանքի իրացման հետ՝ տեղում գնված նյութերի օգտագործման կանոնների մասին ֆերմերներին տրամադրվում են խորհրդատվություն, տեղեկատվական թերթիկներ:

Խնդիրը սակայն միայն թունաքիմիկատների և այլ պատրաստուկների որակն ու անվտանգության ապահովումը չէ: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների /այդ թվում և թունաքիմիկատներ/ արտադրություն և (կամ) վաճառքը կազմակերպելու համար տնտեսավարողն անպայման պետք է ունենա գյուղատնտեսության նախարարության տրամադրած հատուկ արտոնագիր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Լիցենզավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Համբարձումյանի տեղեկությամբ՝ 2012 թ. հունիսի 8-ի դրությամբ արտոնագիր է տրվել 93 տնտեսավարողի, որոնցից ոչ մեկը Սյունիքի մարզից չէ: «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի արտոնագիրը տրվում է նախատեսված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում անժամկետ»,-տեղեկացնում է պարոն Համբարձումյանը և հավելում, որ արտոնագիր ստանալու համար պահանջվում է ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթություն, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ նաև համապատասխան մասնագիտությամբ մեկ աշխատակից:

Ա. Համբարձումյանի խոսքով՝ Սյունիքի մարզից 2007թ.-ից ի վեր արտոնագիր ստանալու որևէ դիմում չի ստացվել, և ինքը տեղեկություն չունի այն մասին, որ ինչ-որ մեկը երբևէ արտոնագիր է ստացել: Այս դեպքում առնվազն տարօրինակ է, որ մինչև սույն հրապարակումը տարբեր առիթներով մարզի Սիսիանի տարածաշրջանում գործող «Մակիչ և Մաչո» ՍՊԸ-ն մշտապես վկայակոչում էր թունաքիմիկատ իրացնելու արտոնագիրը՝ նշելով նաև, որ ընկերությունը Սիսիան քաղաքում ունի ընդամենը մեկ խանութ, և մասնաճյուղերի բացումը մարզի այլ տարածաշրջաններում ընկերության տնօրեն Սևադա Իվանյանը համարում էր «ոչ շահավետ ու աննպատակահարմար»:

Այսօր արդեն, երբ «Մակիչ և Մաչո» ընկերությունը դատական գործընթացների արդյունքում սնանկ է ճանաչվել, հայտարարում է, որ այլևս նման արտոնագիր չունի, մինչդեռ ըստ Լիցենզավորման վարչության պաշտոնակատարի՝ Սյունիքի մարզում թունանյութ իրացնելու համար որևէ իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց գրանցված չէր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուժասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի կարծիքով՝ թունանյութերի իրացման արտոնագրի տրամադրման պայմանները խստացված են: Լիցենզիա ստանալու համար պահանջվում են արտադրական և (կամ) վաճառքի տարածքներ, որոնք պետք է համապատասխանեն առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին, ըստ որոնց՝ վաճառակետերի համար սահմանված բնակելի տարածքներից 50մ անվտանգության գոտու և բուն վաճառակետի համար 35 քմ մակերես պայմանի ապահովման դեպքում՝ արտոնագիր ունեցողը պարտավոր է 1 հա տարածք նախատեսել վաճառք կազմակերպելու համար, ինչը, նրա կարծիքով, անիրատեսական է:

Ա. Նիկոյանը, սակայն, կարևոր է համարում վաճառողի մասնագիտական որակավորման անհրաժեշտությունը: Նա նաև չի բացառում, որ այսօր տարբեր բնակավայրերում ապօրինի վաճառակետեր են գործում, որովհետև կոնկրետ Սյունիքի մարզում միայն շրջիկ վաճառողների առկայությամբ հնարավոր չէ բավարարել հողագործների պահանջները։ Այս պարագայում հնարավոր են նաև, որ վաճառքի հանվեն կեղծ ու ժամկետանց թունաքիմիկատներ, որոնք ոչ միայն գյուղացիական տնտեսությունների, այլև մարդկանց առողջության համար կարող են խիստ վնասակար լինել:

Արթուր Նիկոյանի տեղեկացմամբ՝ 2011թ. Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 736տ 882կգ թունանյութ, որի իրացումը, վաճառքը վերահսկելու համար բույսերի վրա տարեկան պլանային 600 փորձաքննություն է իրականացվում, որոշվում վաճառվող թույների մեջ ազդող նյութերի պարունակությունը, հայտնաբերում վնասատուներ ու կարանտին օրգանիզմներ: Ինչ վերաբերում է առանց արտոնագրի, թունանյութերի վաճառքի կազմակերպմանը, ապա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի ստորաբաժանման գլխավոր տեսուչ Արայիկ Ղազարյանը տեղեկացնում է, որ իրենց կառույցը վերահսկողական գործառույթ է իրականացնում՝ ստուգում է հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցներից դուրս թունաքիմիկատի վաճառքի կազմակերպումն ու արտոնագրի թույլատրելի պայմանների ապահովումը, նմուշառումներ է կատարում:

Այս դեպքում տարօրինակն այն է, որ եթե Սյունիքի մարզում թունանյութերի և այլ բուժանյութերի վաճառքի կազմակերպման համար որևէ իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց չունի համապատասխան արտոնագիր, որտեղից են կատարվում նմուշառումները, ինչպես են պարզում թունաքիմիկատների տեսակը, բաղադրությունը, որակը, ժամկետանց չլինելը:

Հավանաբար պիտի ենթադրել, որ վերոնշյալ կառույցը որքան էլ դեռևս կազմավորման ընթացքի մեջ է, պետք է զբաղվի միայն մարզի տարածքում առհասարակ թունանյութերի վաճառքն արգելելու խնդրով. մի գործառույթ, որը լիարժեք չի իրականացվում՝ ոչ այն պատճառով, որ ՀՀ կառավարության որոշմամբ արգելված է մինչև 70 միլիոն շրջանառություն ունեցող ձեռնարկությունների ստուգումը, այլև պարզ տրամաբանությամբ, որ մի կողմից ինչպես գլխավոր տեսուչն է նկատում, չեն ուզում վատամարդ լինել, մարդկանց զրկել երկու կոպեկ աշխատելու հնարավորությունից, մյուս կողմից համոզված են, որ այդ դեպքում մարզի հարյուրավոր գյուղացիական տնտեսություններ պարզապես կկանգնեն փաստի առջև՝ չկարողանալով իրականացնել հողի մշակության, պարարտանյութերի, թունանյութերի օգտագործման, մոլախոտերի դեմ պայքարի, սերմացուների ցանքային պիտանիության, տնկանյութի արտադրության, իրացման, ինչպես նաև որակի ապահովման ագրարային կանոններին համապատասխան միջոցառումներ:

Եվ կրկին եթե մարզի տարածքում չկան օրենքով թույլատրված վաճառակետեր, այդ դեպքում որտեղի՞ց են կատարվում նմուշառումներ, որպեսզի հսկիչ թունաբանական լաբորատորիայի միջոցով եզրակացություններ կազմեն: Արդյոք դա ենթադրո՞ւմ է, որ յուրաքանչյուր տարի բույսերի պաշտպանության կազմակերպմանը պետության ուղղած 150 միլիոն դրամից Սյունիքի մարզի համար նախատեսված մասնաբաժնից նվազեցում է կատարվում:

Մանկապարտեզի հարևանությամբ գտնվող բնակելի շենք:
Շքամուտքում վաճառվում է կարտոֆիլի հիվանդությունների դեմ
կազմակերպվող թունանյութ:

«Անասնաբուժասանիտարական և բուժասանիտարական լաբորատոր ծառայության կենտրոն» ՊՈԱԿ- Սյունիքի մարզային կենտրոնի ղեկավար Էդգար Թոխսանցը նշում է, որ իրենց կառույսցը պարբերաբար ստուգումներ է իրականացնում, պարզում տարբեր սննդանյութերի մեջ թույների քանակությունը: «Կառույցը նոր է ստեղծվել, մշտապես վերահսկողություն է իրականացվում, թունավորման տարբեր պատճառներ ենք բացահայտել, սակայն թունանյութեր դեռևս չենք հայտնաբերել: Ամենավերջին լաբորատոր հետազոտությունից պարզվեց, որ հավերը թունավորվել էին մկնդեղից: Նախկինում երբ Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի /այն այժմ կառուցվածքային փոփոխություն է կրել/ պետն էի, ստուգումներ էինք իրականացնում և հաճախ էինք հանդիպում, երբ սննդամթերքի խանութում թունաքիմիկատ էին վաճառում: Նման ամենաարտառոց դեպքը գրանցվեց Հարժիս գյուղում»:

Ընթացիկ տարում տեղացող անձրևները, խոնավ եղանակը վնաս են հասցնում այգեգործության ու բանջարաբոստանային կուլտուրաներին, արդեն իսկ գլուխ են բարձրացրել հիվանդությունները, պտղատուների վնասատուները: Դրանք կանխելու ուղղությամբ գյուղացիական տնտեսությունները ստիպված են լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, բուժամիջոցներ օգտագործել, որոնք, ինչպես և մինչ այդ, հնարավոր է, որ հակառակ ազդեցությունն ունենան՝ ոչ միայն այն պատճառով, որ ֆերմերները պակաս տեղեկացված են դրանց օգտագործման կարգի մասին, այլև երաշխիք չկա, որ դրանց մեջ անօրինական ճանապարհով իրացված թունաքիմիկատներ չեն հայտնվի, որոնց որակը և բաղադրությունն ընդհանրապես չեն ստուգվել, բայց որոնք հայտնվել են շուկայում և իրացվում են բարձր գնով։

 
 

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ երբեմն հողատերերը ճիշտ ժամանակին չեն օգտագործում անհրաժեշտ թունանյութերը, ինչպես նաև պայքարի նպատակներին չհամապատասխանող պատրաստուկներ են հաճախ կիրառում, կարևոր է նաև, թե որքանով են նույն մարդիկ տեղեկացված առանց արտոնագրի վաճառվող թունանյութի հնարավոր վնասակար ազդեցության մասին, արդյոք բավարա՞ր տեղեկատվական միջոցներ են օգտագործվում՝ իրազեկելու մասնավորապես մարզի հողօգտագործողներին: Այս առումով Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատուները ծառայություն են իրականացնում, սակայն չունեն տեսչական իրավասություն՝ արգելելու ֆերմերին օգտագործել չարտոնված բուժանյութ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, հրապարակելով իր գնահատականը Գյուղատնտեսության նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ, դրական է գնահատել այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնության միջոցով, ի թիվս գյուղատնտեսական այլ միջոցների, թունաքիմիկատների ներմուծումը, ինչպես նաև ներքին շուկայում իրացումն ավելացված արժեքի հարկից ազատվել են, ինչը կարող է «նպաստել այդ ռեսուրսների՝ գյուղատնտեսությունում տնտեսվարողների կողմից ձեռք բերման մատչելիությանը»:

Արդյոք կարիք չկա՞ նման մի նախաձեռնության շրջանակներում որոշակի արտոնություններ սահմանել թունաքիմիկատների իրացման, վաճառքի կազմակերպման պայմանները մեղմացնելու ուղղությամբ, որը, բնականաբար կարող էր խրախուսել ձեռնարկատերերին, գործող կարգին և օրենքի պահանջներին համապատասխան, արտոնագիր ստանալու, դրանով նաև մարզի 18 հազար գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բավարարելու համար:

Մեկ այլ խնդիր ևս. եթե մարզում դեռևս չկան արտոնագիր ունեցող կազմակերպություններ, որոնք օրենքով նախատեսված կարգով պատասխանատու կարող էին լինել նաև չիրացված թունանյութերի մնացորդների վտանգավոր ազդեցությունը նվազագույնին հասցնելու համար, ապա այդ դեպքում որտե՞ղ է սպառվում չօգտագործված բուժանյութերի մնացորդը: Արդյոք համայնքի ղեկավարները մտահոգվա՞ծ են իրենց տարածքներում կեղծ թունաքիմիկատների վաճառքն արգելելու, ինչպես նաև տվյալ բնակավայրում վաճառվող թունանյութի ավելորդ քանակը սահմանված կարգով ոչնչացնելու խնդրով, իրազեկվա՞ծ են, որ թունաքիմիկատներից արտանետվող գազերը բացասաբար են անդրադառնում իրենց համայնքի մարդկանց առողջության վրա:

Եթե արևմտյան երկրներում 1 կգ թունաքիմիկատի վնասազերծման ծախսը կազմում է 3-5 ԱՄՆ դոլար, արդյոք համայնքային բյուջեների կազմման ժամանակ որևէ համայնքի ղեկավար այդ նպատակի համար գումար նախատեսո՞ւմ է: Եթե ոչ, նշանակում է՝ մենք, առանց որևէ հանցանք գործելու, ստանում են այն թունանյութը, որը մահապատժի կիրառման համար ներարկում են մարդուն որոշ պետություններում:

Հոդվածը պատրաստվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:

Մեկնաբանություններ (1)

flora
savaksum em,srtanz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter