HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի կոմբինատը 50 տոկոսով կրճատել է խտանյութի արտադրությունը

«Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերության Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը  աշխատում է վնասներով և հայտնվել է դժվարին վիճակում: Կոմբինատում 50-60 տոկոսով  նվազել է պղնձի  խտանյութի արտադրությունը, այն հասել  է 500-600 տոննայի: Այս  տարվա մայիսին «Մեթըլ Փրինցը» «Առէկսիմ» բանկից 2 մլն դոլար վարկ է վերցրել:  Ընկերությանը պատկանող շենքերն ու շինությունները, ինչպես նաև  լեռնահարստացման կոմբինատը, վարկի դիմաց գրավ է դրված բանկում:  

ԼՀԿ-ի աշխատողները մեզ հետ զրույցում  կոմբինատի գործերի վատ լինելը կապում են հիմնական սեփականատերերից մեկի եւ գլխավոր տնօրենի Մադլեն Թաշճյանի հետ: Նա մասնագիտությամբ հոգեբան է:  «Տիկին  Մադլենը  ԼՀԿ-ի  գործադիր  տնօրեններին արդեն մեկ տարի է` զրկել է իրենց լիազորություններից»,- ասում է նրանցից մեկը` չցանկանալով նշել իր անունը:

«Հետքի» աղբյուրը հայտնեց նաեւ, որ  առաջիկա օրերին ԼՀԿ-ի արտադրության  գծով տնօրեն  Լյովա  Վարդանյանը կազատվի իր զբաղեցրած պաշտոնից: Ախթալայում գաղտնիք չէ, որ Մադլեն Թաշճյանը ԼՀկ-ի պատասխանատու աշխատողների հետ    իր հարաբերությունները կարգավորում է անվտանգության գծով իր խորհրդական  Գրիշա Դավթյանի և լեռնահարստացման կոմբինատի անվտանության ծառայության պետ  Արսեն Չիթչյանի (մականունը Բոդոլ) խորհուրդներով:

«Գերազանացելով իր պաշտոնական պարտականությունները` Արսեն Չիթչյանը   կոմբինատի ջարդման արտադրամասի համար 100 000 դոլարով գնել է նոր ջարդիչ, որը շուկայում հնարավոր է ձեռք բերել 50 հազար դոլարով: Արսեն Չիթչյանը դեռ 3 ամիս առաջ որպես մետաղի  ջարդոն վաճառել է ԼՀԿ-ի էքսկավատորներից մեկը, որը հնարավոր էր  վերանորոգել և շահագործել: Անմխիթար վիճակում են հանքի տրանսպորտային միջոցները: Հանքափորները փակ  հանքում չեն կարողանում աշխատել աշխատանքային գործիքներով ապահովված չլինելու պատճառով: Նրանց  աշխատավարձը 250-300 հազար դրամից հասել է 100-150 հազար դրամի»,- հայտնում է «Հետքի» աղբյուրը:

Լեռնահարստացման կոմբինատից նաև տեղեկացնում են, որ  տարեսկզբին  բանվորների հավելավճարները  չվճարելու մասին բողոքը «Հետքում»  հրապարակվելուց  հետո Մադլեն Թաշճյանի ցուցումով կատարվել է հավելավճարների վճարման  ֆինանսական փաստաթղթերի կեղծումներ. «Բանվորները չգիտեն, որ ԼՀԿ-ում փաստաթղթեր են փոխվել, և  իրենք  իբրեւ ստացել են իրենց հասանելիք հավելավճարների կեսը»,- հայտնում է  «Հետքի» աղբյուրը:  

Այս փաստերի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ կոմբինատի արտաքին կապերի գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանից: ԼՀԿ-ում վերջին տարիներին կատարված ներդրումների մասին մեր հարցին  տնօրենը պատասխանեց. «Հաշվապահը հիմա այստեղ չէ, Երևանում է, երբ կգա, ներդրումային թվերը վաղը Ձեզ կներկայացնեմ»: ԼՀԿ-ի տեխնոլոգիական վերազինման հետ կապված  Գագիկ Շահնազարյանն ասաց. «Մեզ մոտ խնդիրը դրված է եղել վերականգնել արտադրությունը: Ինչ վերաբերում է նոր տեխնոլոգիաներին, ես Ձեզ ասեմ`  հանքարդյունաբերության բնագավառում չկա նոր բան, էսօր մի քանի նորություններ են ընդամենը»:

Վարկի հետ կապված  մեր հարցին`  ԼՀԿ-ի տնօրենը պատասխանեց. «Եթե դուք այստեղ եք,  նշանակում է ձեռնարկությունում պրոբլեմ կա: Եթե ձեռնակությունը վարկ է վերցրել, դա չի նշանակում, թե ամեն ինչ վերջացած է»: Բաց հանքի  տրանսպորտային միջոցների մասին Գագիկ Շահնազարյանը հայտնեց, որ այս պահին Շամլուղի բաց հանքում աշխատում է «Վիտաչի» մակնիշի մեկ էքսկավատոր և  «Դ-9» էքսկավատոր. «Մեր 19 միավոր տրանսպորտային միջոցներից աշխատում են 9-ը. 5 ավտոմեքենաների վերանորոգման համար ձեռք է բերել պահեստամասեր»,- ասաց նա:  

Արսեն Չիթչյանի կողմից վաճառված էքսկավատորի ու գնված ջարդիչի մասին Գ. Շահնազարյանն ասաց, որ  դրանց առքուվաճառքին ֆիզիկապես չի տիրապետում:  Կճշտի և կհայտնի: Պղնձի խտանյութի արտադրության  ծավալի մասին էլ տնօրենը հայտնեց. «Ես ասում եմ, որ արտադրության ծավալների անկում կա, ԼՀԿ-ի որոշ արտադրական պլաններից հետ ընկնելու խնդիրների լուծումը հետաձգվել է:  Նման կարգի կազմակերպչական աշխատանքների հետաձգելը բերել է նրան, որ այդ Ձեր ասած անկումը եղել է: Հիմա ամեն ինչ իր ճանապարհով գնում է»:

Գագիկ Շահնազարյանը ԼՀԿ-ի բնապահպանական ծրագրերին եւ ներդրումներին նույնպես չէր տիրապետում.  «Այդ թվերին ֆիզիկապես չեմ տիրապետում դրանք  նույնպես վերցնելու եմ հաշվապահից»: Խոստացավ այդ թվերը հաղորդել հաջորդ օրը`  հունիսի 26-ին:  Նա իր խոստումը նույնպես չկատարեց: Ընկերության արտաքին կապերի հարցերով տնօրենից խնդրեցինք համաձայնություն ԼՀԿ –ի ջարդման արտադրամաս  մտնելու համար: Գագիկ Շայնազարյանը համաձայնեց:

Մեզ ուղեկցող տրամադրելու համար նա դուրս  եկավ աշխատասենյակից, վերադարձավ  30 րոպե հետո և հայտնեց, որ  ԼՀԿ-ի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանը մեզ չի թույլատրում մտնել ջարդման արտադրամաս:  Ջարդման արտադրամասի «Հետքի» աղբյուրն էլ հայտնեց, որ արտադրամասում ընդամենը 2 ամիս առաջ տեղադրված օդազտիչն իրեն չի արդարացնում, որի  պատճառով արտադրամասը փոշու մեջ է միշտ, եւ մարդիկ  աշխատում են իրենց  կյանքի համար խիստ վտանգավոր պայմաններում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter