HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Նարինե Ավետիսյան. «Ինչո՞ւ «Ֆորտունան» գներն արհեստականորեն իջեցրեց»

Երեկ Վանաձորի «Լոռի» ակումբում քննարկում էր ծավալվել տեղական եւ հանրապետական ԶԼՄ-ների, գովազդային գործակալությունների ու ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմնական թեման վերջին օրերին վանաձորցիների շրջանում խոսակցությունների առիթ դարձած «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանի՝ «Հետքին» տված հարցազրույցն էր՝ տեղական հեռուստաընկերութունների միջեւ մրցակցության, մասնավորապես՝ մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ:

«Ֆորտունայի» տնօրեն Կարեն Արշակյանը քննարկմանը չէր մասնակցում, փոխարենը հաղորդագրություն էր ուղարկել, որում ասված էր. «Միջանձնային հարաբերություններում միանգամայն քաղաքակիրթ շփումների ձեւաչափն է ընդունելի, եւ մենք պատրաստ են քննարկումների մասնակցել՝ չխախտելով նշված նորմերը»:

Շարունակության մեջ պատճառաբանված էր «Ֆորտունայի»՝ քննարկմանը չմասնակցելու հանգամանքը. «Կարեւորելով տարաձայնությունները հարթելու բանակցային տարբերակը՝ նպատակահարմար չենք համարում ներկա գտնվել մամուլի ակումբում կազմակերպված քննարկմանը»:

Նշված էր նաեւ, որ որպես «Ֆորտունայի» հիմնադիր եւ տնօրեն՝ Կարեն Արշակյանը մշտապես պատրաստ է եղել համագործակցության ոչ միայն Վանաձորում գործող, այլեւ հանրապետության մյուս մարզային հեռուստաընկերությունների հետ: Կարեւորելով բնականոն աշխատանքային հարաբերությունների ձեւավորումը՝ նա մշտապես հնարավորինս աջակցել է կոլեգաներին: Արշակյանը մատնանշել էր «Լոռի» TV-ի հարկի տակ բացված մամուլի ակումբի կահավորմանն իրենց աջակցությունը. «Փոքրիկ օգնությամբ «Ֆորտունան» նպաստել է ակումբի կայացմանը», նաեւ պատշաճ լուսաբանել ակումբի բացման արարողությունը:

Ի պատասխան՝ «Լոռի» հ/ը տնօրեն Նարինե Ավետիսյանը հայտարարեց, որ «Ֆորտունայի» եւ նրա տնօրեն Կարեն Արշակյանի կողմից որեւէ աջակցություն չի եղել մամուլի ակումբի կահավորման համար: Կարեն Արշակյանն ընդամենը ավտոմեքենայով տեղափոխել է իրեն ՀՌԱՀ-ից շուկա, այնտեղից էլ՝ Կիլիկիա ավտոկայան:

«Կարենն ասաց՝ տաքսի մի նստիր, ես կտանեմ: Տարավ շուկա, շուկայում էլ ասաց՝ բա ամոթ չի՝ թողնեմ մենակ մնաս, գորգերդ գնիր, տանեմ քեզ ավտոկայան: Գնել եմ մեր հեռուստաընկերության միջոցներով, դրել ենք իր մեքենայի մեջ, բերել ենք ավտոկայան: Եթե դա կոչվում է կահավորել, խնդրեմ: 2000 դրամի ծախս է արել, ինքը շահարկում է դա, ես պատրաստ եմ հաշիվ-ապրանքագրով այդ 2000 դրամը փոխանցել «Ֆորտունա» ընկերությանը»,- ասաց Ն. Ավետիսյանը եւ իր կողմից ներկայացրեց, որ հակառակը՝ 2010-ին «Լոռին» է մոտ 1 մլն 88 հազար դրամի աջակցություն ցուցաբերել «Ֆորտունային», որի վերաբերյալ կա հավաստող փաստաթուղթ:

«Միգի» տնօրեն Սամվել Հարությունյանին վրդովեցրեց Կարեն Արշակյանի՝  հեռուստաընկերությունների հետ համագործակցության պատրաստակամության հայտարարությունը: Նրա խոսքով՝ կնքվել է համագործակցության համաձայնագիր, որով որոշակի պարտավորություններ են սահմանվել այն ստորագրող հեռուստաընկերությունների համար, այդ թվում՝ «Ֆոտունայի», օրինակ՝ գովազդի եւ հեռուստաեթերի փոխշահավետ վաճառք:

«Որ ասում է՝ պատրաստ ենք, դե, պատրաստ ե՞ք: 3 անգամ հանդիպել ենք մեր հեռուստաընկերության 3 աշխատողներով հիմնական ղեկավարների հետ: Միանգամից ոչ վայել ձեւով հրաժարվում են»,-ասաց Ս. Հարությունյանը:

Վերջինս նաեւ նոր բացահայտում արեց, ըստ որի՝ մրցութային առաջարկը, որով «Ֆորտունան» մասնակցել է մարզում թվային հեռարձակման մրցույթին եւ հաղթել, նրա փոխարեն ինքն է գրել: «Առնվազն 80 տոկոսը գրվել է իմ կողմից, իմ ձեռքերով ու իմ գլխով: Իսկ ապահովագրական մասը տեղի ունեցավ, երբ Կարեն Կարապետյանը «Տաշիր Ինվեստի» կողմից տվեց երաշխավորագիր, որը պիտի ապահովեր տեխնիկական միջոցների ձեռքբերման, գույքային եւ այլ անհրաժեշտ սկզբնական ծախսերը»,-ասաց Ս. Հարությունյանը:

Պարզաբանելով «Հետքի» հետ հարցազրույցում իր կողմից հնչած որոշ հայտարարություններ՝  Ն. Ավետիսյանը նախկին մարզպետ Արամ Քոչարյանի՝ «Ֆորտունայի» նկատմամբ հավակնության մասին ասաց, որ անձամբ Կ. Արշակյանն է պատմել իրեն այդ մասին, որ մարզպետը երրորդ անձի միջոցով նույնիսկ կանխավճար է ուղարկել իրեն,  որ ինքն արդեն պատրաստվում էր վաճառել Ստեփանավանի «Ֆորտունա» հեռուստաընկերությունը, երբ «անակնկալ նվեր» եւ առաջարկ է ստացել Կարեն Կարապետյանի կողմից, որ գումարներ կներդրվեն, եւ «Ֆորտունան» կդառնա մարզային:

Քննարկման ընթացքում «Միգի» եւ «Լոռիի» տնօրենները նաեւ շնորհակալություն հայտնեցին վերոգրյալի կապակցությամբ: «Շատ լավ է, որ գտնվել է ընկերություն, եւ շատ ուրախ եմ, որ մարզում «Տաշիր Ինվեստ»-ը ֆինանսավորել է որեւէ լրատվամիջոցի: Ինչ պարտադիր էր լիներ «Լոռին» կամ մյուսը»,- ասաց Ն. Ավետիսյանը:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել Կարեն Կարպետյանին, որ տեխնիկապես հնարավորություն ընձեռնեց այդ սարքավորումները ձեռք բերել: Այստեղ բացի շնորհակալություն ասելուց, «Տաշիր» ընկերությանը ուրիշ բան պետք չէ ասել»,-նշեց Ս. Հարությունյանը:

Քննարկմանը հրավիրված փաստաբան Կարեն Թումանյանը, սակայն, նկատեց. «Ցավում եմ ձեր այդ կարծիքի համար, որ շատ լավ է, որ ֆինանսավորել է Կարեն Կարապետյանը, որը օգտվում է իշխանական լայն ռեսուրեսներից: Եթե իշխանական ռեսուրսներից օգտվում է հեռուստաընկերությունը կամ ցանկացած լրատվամիջոց, ուրեմն այդ լրատվամիջոցի անունը պետք է դնել PR ընկերություն: Եթե փող եմ տալիս ոչ թե չորսին, այլ մեկին, որ բացառապես ինձ համար աշխատի, ուրեմն չի կարող ուրիշ մեկի համար աշխատել: Հակառակ դեպքում կզրկվի այդ միջոցներից: Բայց պետք է ուսումնասիրություն կատարել եւ գնահատական տալ՝ արդյոք լրատվամիջոցը օգտվո՞ւմ է իշխանական ռեսուրսից»:

Հեռուստաընկերությունների տնօրենները հավաստեցին, որ այդ հարցում որեւէ գաղտնիք չկա, քանի որ «Ֆորտունայի» մրցութային ծրագրում «Տաշիր Ինվեստը» նշված է որպես ֆինանսական երաշխավոր:

Քննարկման ընթացքում ներկայացվեց տեղական հեռուստաընկերությունների եւ գովազդային գործակալությունների կողմից Լոռու մարզի 8 քաղաքներում եւ 105 գյուղերում կատարված ուսումնասիրության արդյունքները՝ տեսանյութի ձեւով: Արձանագրվեց, որ «Ֆորտունան» ի սկզբանե օրենքի խախտումով է մտել եթեր: Օրենքով՝  արտոնագիր ստացած հեռուստաընկերությունը պետք է 6 ամսվա ընթացքում իրականացնի արտոնագրի թիվ 1 պահանջը՝ հեռարձակում ամբողջ մարզի տարածքում, ինչը, ըստ ուսումնասիրության, չի արվել: «Ֆորտունայի» ինքանգովազդում ասվում էր, որ «Ֆորտունան», հանդիսանալով մարզային հեռուստաընկերություն, հեռարձակվում է Լոռու մարզի ողջ տարածքում՝ ներառելով 8 քաղաք, 106 գյուղական համայնք, շուրջ 250 հազար հեռուստադիող: Մինչդեռ ուսումնասիրության արդյունքներով՝ նրա սփռման տիրույթը շատ սահմանափակ է. «Ֆորտունան» չի իրականացնում մարզային սփռում, նրա լսարանն էլ ոչ թե 280 հազար 250 է, այլ լավագույն դեպքում՝ դրա կեսը, ու այդ կեսի մեծ մասը՝ Վանաձորում: Հեռուստաընկերությունների  եւ գովազդային գործակալության տնօրենների որակումներով՝ «սուտ», «չարդարացված» եւ «անբարեխիղճ» ինքնագովազդով էլ «Ֆորտունան» գրավում է գովազդատուներին՝ ստեղծելով անառողջ մրցակցություն եւ մյուս հեռուստաընկերություններին դուրս մղում գովազդային շուկայից:

«Համագործակցությունը  «Ֆորտունային» արել եմ ինքս: Բայց ամեն անգամ ափսոսանք եմ ապրել ու ամաչել: Այսքան ժամանակ մտածում էի, որ դեռ նոր է եւ տեխնիկապես պետք է կայանա: Գովազդային դաշտի մասին չեմ էլ ուզում խոսել: 8 տարի գովազդային ոլորտում եմ, 3 մրցակից հեռուստաընկերունների հետ աշխատել եմ, ոչ մի անգամ նման խառնաշփոթ չի եղել, ոչ մի անգամ ստիպված չեմ եղել ինչ-որ բանում արդարանալու գովազդատուի առջեւ: Այսօր ունենք նման խնդիրներ: Առաջին անգամ հասկացա, որ խնդիր ունենք հեռարձակման «No comment»» հաղորդաշարի հերթական թողարկումից հետո, երբ հյուրին ասացի եթեր գնալու ժամը, ասաց, որ մեզ մոտ չկա, չեն նայում: Թումանյանի քաղաքապետը նույնիսկ չեկավ հարցազրույցի, իրեն հետաքրքիր չէր, քանի որ իր քաղաքում իրեն չէին լսելու: Դրանից հետո անընդհատ փորձում էի ճշտել՝ արդյոք կա՞ ալիքը մյուս քաղաքներում: Ստացվում է, որ իր գովազդը տեղադրած գովազդատուն խնդիր ունի մարզի համայնքներում իր գովազդը եթեր հեռարձակելու, որի համար վճարում է: Երեւի հենց այդ պատճառով հարգելի պարոն Արշակյանը ինքնագովազդը փոխեց ու ինքնագովազդում 8 քաղաքների փոխարեն հիմա արդեն 5 են ասում: Բայց արդեն մեկ անգամ խաբված լինելով՝ առաջարկեցի անձամբ ուսումնասիրություններ կատարենք  համատեղ ուժերով»,-պատմում է «Տրոյա Քրեդո» գովազդային գործակալության տնօրեն Դիանա Մարտիրոսյանը, ով նախկինում աշխատել է «Ֆոտունայի» հետ, իսկ այժմ խզել է նրա հետ աշխատանքային հարաբերոթյունները:

«Ինչո՞ւ «Ֆորտունան» գներն արհեստականորեն իջեցրեց: Որպես գովազդային ժամանակ վաճառողներ՝ գովազդն էլ մեր ապրանքն է գովազդային շուկայում: Ինչո՞ւ մեր գները պահպանվեցին, իսկ «Ֆորտունայի» պարագայում գնաց աստիճանական իջեցման, եւ այսօր մեր գներից ավելի ցածր գներ են նրանց մոտ գործում: Ո՞րն է պատճառը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են»,-եզրափակում է Ն. Ավետիսյանը: 

Մեկնաբանություններ (3)

Աշոտ
Նարինե ինչ հեռւ եք հեռւստատեսությունից ? հեռւստատեսության աշխատանքից....
Նարինե***
Վաաայ Աստված իմ և դեռ ինչքան է շարունակվելու այս անհեթեթությունը...հիմա էլ անցաք գներին??? շատ էլ լավ է արել, ում ինչ խնդիրն է ինչքանով է իջեցրել կամ իջեցրել է, թե բարձրացրել...մի տեսակ այն տպավորությունն է, որ ահավոր անգործ վիճակ է ձեզ մոտ, դրա համար սկսել եք ուրիշների աշխատանքի մեջ ձեր քիթը մտցնել....ապրեք էլի հանգիստ ու զբաղվեք ձեր աշխատանքով, ձեր հեռուստատեսության զարգացմամբ, ինչը կարծում եմ երբեք էլ չի լինի....ձեր այս քայլով ընդամենը զզվանք եք առաջացնում ձեր նկատմամբ, թե առաջ ձեզ մեկճմեկ նայում էի, հիմա այդ էլ չեմ անում, որովհետև այնքան էժանագին եք դարձել....
Anahit
Ամաչեք ձեր արածնեից և ասածներից...այսինքն ինչ եմ ասում ,դա ձեզնից շաաաաաաաաաաաաատ հեռու է,,,եթե աշխատողին վճարվում է 20 դրամ ,,,ինչ ընկերության մասին խոսք կարող է գնալ ,,,,,առավել ևս ամոթի ,,ահա ովքեր են պայքարում -ճշմարտության դեմ,,,,,հուսամ կյանքի բումերանգը մի օր լաաաաաաաավ պտույտ կանի դզեզ հիշեցնելով ով եք դուք,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter