Մեդիա |
12:21, 28 հուլիսի, 2012Հուլիսի 27-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը անցկացրեց ակցիա՝ հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության դեմ:
Ակցիայի սկզբում կազմակերպության անդամները բաժանեցին տեղեկատվական թռուցիկներ՝ «Դժվար ապրուստ» սերիալում գենդերային տեսանկյունից իրականացված վերլուծության մասին, անցորդներին նվիրեցին թևնոցներ և հուշանվերներ, որոնց վրա գրված էր «Տարբեր սեռեր, հավասար հնարավորություններ»:
Միևնույն ժամանակ սկսվեց ստորագրահավաք հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնությունը, սեքսիստական և խտրական դրսևորումները վերացնելու պահանջով: Մեկ ու կես ժամվա ընթացքում հավաքվեց ավելի քան 200 ստորագրություն: Ստորագրահավաքի սեղանիկի մոտ առաջին իսկ պահից հերթ էր գոյացել, և անցորդները ստիպված էին սպասել ստորագրելու համար:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի վերլուծության համաձայն՝ ուսումնասիրվել է «Դժվար ապրուստի» 730 րոպե, կանանց մասնակցությամբ տեսարանները կազմել են 550 րոպե: Կանանց նկատմամբ բռնությունների, լացի և ընկճվածության տեսարանները 550 րոպեի մեջ կազմել են 328 րոպե (60%), կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը՝ 34 րոպե (6.2%), հոգեբանական բռնությունը՝ 120 րոպե (22%), սեռական բռնությունը՝ 4 րոպե (0.7%), կանանց լացն ու ընկճվածությունը՝ 170 րոպե (31%):
Ուսումնասիրված 10 կին գլխավոր հերոսուհուց տասն էլ ենթարկվում է բռնության, ոչ ոք չի աշխատում՝ բացառությամբ մեկ հերոսուհու, ով կարճ ժամանակահատվածով աշխատել է որպես սպասուհի և հյուրանոցում մաքրող: Ուսումնասիրված 10 կին գլխավոր հերոսուհուց ոչ ոք չունի սեփական որոշում կայացնելու իրավունք:
Բացի դրանից՝ կազմակերպության անդամները իրականացրին ֆլեշմոբ: Մասնակիցներից յուրաքանչյուրը մարմնավորում էր սերիալի գլխավոր հերոսներից մեկին: Ամեն մի հերոսի կողքին գրված էր համապատասխան կարգախոս, ինչպես օրինակ՝ «Ծեծելով մորը չեն մեծարում», «Բռնությունը հանդուրժող մոր կերպարը ընտանիքին նվիրվածության նշան չէ», «Ծեծող ամուսինը լավ հայր չի կարող լինել», «Դրական կերպարը բռնարար չի լինում», «Կնոջ սխալները ծեծելով չեն հարթում» և այլն:
Ակցիայի ընթացքում ցույց տրվեց նաև հոլովակ, որը ներկայացնում էր «Դժվար ապրուստ»-ից տեսարաններ և վիճակագրական տվյալներ: Հոլովակը ակցիայից անմիջապես հետո տեղադրվեց համացանցում և կարճ ժամանակում հավաքեց դիտողների բավականին մեծ թիվ:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հուլիսի 30-ից սկսելու է նաև առցանց ստորագրահավաք: Ստորագրահավաքի հաղորդագրությունը լինելու է հետևյալը. «Ներկայում հայաստանյան հեռուստաընկերությունների եթերը մեծ մասամբ հեղեղված է կանանց նկատմամբ բռնության ընդգծված դրսևորումներ պարունակող սերիալներով: Եթե կարծում եք, որ ժամանակն է եկել վերջ տալու հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության տեսարաններին, սեքսիստական արտահայտություններին, խտրական վերաբերմունքին, կանանց մշտական լացին ու ընկճվածությանը, ապա միացեք մեզ՝ ստորագրելով ներքոհիշյալը. ԵՍ ԴԵՄ ԵՄ, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ դադարեցնել կանանց նկատմամբ բռնության քարոզչությունը եթերով»:
Հավաքված ստորագրությունները պաշտոնական նամակի հետ միասին ուղարկվելու են «Արմենիա» հեռուստաընկերություն: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հայտնում է, որ հետևողական է լինելու և լայնամասշտաբ աշխատանք է կատարելու՝ գենդերային հիմքով բռնությունները հեռուստաեթերում նվազեցնելու ուղղությամբ:
Մեկնաբանված
Կարդացված
22.05.2013
դիտվել է 3615 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 3007 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2391 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2330 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
21.05.2013
դիտվել է 1187 անգամ
Լոռիում հողի տակից հանում են ջրատար խողովակները
20.05.2013
դիտվել է 1185 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ