HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական գահի բանագնացները Երեւանում -2

Սկիզբը

Օտարալեզու դպրոցների շուրջ կրքերից մինչեւ հումանիտար ոլորտում համագործակցության համաձայնագիրը  

Կ. Կոսաչեւի հետ հանդիման մասին Կրթության ու գիտության նախարարարության տարածած հաղորդագրությունից  ակնհայտ է դառնում, թե ինչպիսի մեծագույն ջանք ու նախաձեռնություններ են պատրաստվում ներդնել ռուսական եւ հայկական իշխանությունները կրթական ու գիտական հաստատություններում ռուսական լեզվի, մշակույթի ու փորձագիտության տարածման եւ առաջխաղացման, ինչպես նաեւ այդ ոլորտներում ռուսական մասնակցության կշիռը զգալի չափերի հասցնելու  վրա (http://www.edu.am/index.php?id=-5438&topMenu=2&menu1=-1&menu2=2&arch=0): Թե տարիների ընթացքում քաղաքական ու տնտեսական ինչպիսի էֆեկտներ կտան Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանին` ազգային գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ շնորհելը, կամ` Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ հիմնելն ու ռուսական գիմնազիա բացելը, ինչպես նաեւ` համատեղ կրթական ծրագրերի իրականացումն ու ուսուցիչների որակավորումը ռուսական ծրագրերով, մնում է միայն թվարկել ու պատկերացնել… 

Կոնստանտին Կոսաչեւի այցից բացահայտ դարձածը լույս է սփռում «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում օտարալեզու դպրոցներ բացելու արգելքը վերացնող կառավարության օրենսդրական նախաձեռնության դրամատիկ ընթացքի վրա, որոնք ՀՀ կառավարությունը նախաձեռնեց 2010թ. գարնանը, իսկ Ազգային ժողովում էլ օրենսդրական փաթեթը վերջապես հաջողվեց ընդունել տալ 2010թ. տարեվերջին:  

Նախաձառնությունը շրջանառության մեջ դնելուց հետո Հայաստանում ու Սփյուռքում բարձրացած հասարակական-քաղաքական ընդվզումը հարկադրեց անգամ ՀՀ նախագահին վերաբերմունք արտահայտել դրա նկատմամբ: Նախ 2010թ. հունիսի 9-ին նրա մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը «Առավոտ» թերթի հարցին ի պատասխան. շարադրեց նախագահի վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ. «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը, եւ Հայաստանի Հանրապետության նախագահը դրան դրական է վերաբերվում» (http://www.panorama.am/am/education/2010/06/09/armen-arzumanyan/): 

Ապա 2010թ. հունիսի 21-ին Բեռլինում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ամենից ավելի լավ ճանապարհն այն է, որ մենք կարողանանք կարճ ժամանակահատվածում բարձրացնել մեր բոլոր դպրոցների մակարդակը, որպեսզի այդ դպրոցներում մեր երեխաները կարողանան ստանալ ժամանակակից մրցունակ գիտելիք: Բայց դրա հետ զուգահեռ մենք ինչո՞ւ պիտի բացառենք միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի մասնավոր դպրոցների առկայությունը»: Ապա Նախագահը հավելել էր, որ այդ մի քանի մասնավոր դպրոցներում որոշ առարկաների ուսուցումը, ինչպիսիք են հայոց պատմությունը, կրոնի պատմությունը եւ այլն, պարտադիր է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար. «Խոսքը, նորից եմ ասում, մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որոնց պետական բյուջեից մեկ դրամ էլ չենք հատկացնելու»,-մեկնաբանել էր Սերժ Սարգսյանը (http://www.tert.am/am/news/2010/06/22/school/):  

Եթե ՀՀ նախագահի ու կառավարության դիրքորոշումը օտարալեզու դպրոցների վերաբերյալ այն էր, որ խոսքը սահմանափակ թվով մասնավոր, նրանց թվում` սակավաթիվ ռուսալեզու դպրոցների մասին է,  ապա ռուսական կողմի ակնկալիքները երկարաժամկետ կտրվածքով շատ ավելին էին ու են, քան սոսկ մի քանի դպրոցում ռուսերեն լեզվով կրթությունը: Հայաստանում ռուսերեն լեզվի տարածման նպատակների վերաբերյալ առավել քան աղմկարահույց հայտարարությամբ հանդես եկավ «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության հայաստանյան կենտրոնի ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդատու Վիկտոր Կրիվոպուսկովը, ով Կոնստանտին Կոսաչեւի այցի ընթացքում ուղեկցում էր նրան: 

2010թ. նոյեմբերի 12-ին Երեւան-Կիեւ-Քիշնեւ հեռուստակամուրջի ընթացքում Կրիվոպուսկովը մասնավորապես հայտարարել էր. «Русский язык является языком модернизации российско-армянских экономических отношений... И, наконец, русский язык является языком безопасности Армении, с учетом ее членства в ОДКБ и КСОР —Ռուսաց լեզուն ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների արդիականացման լեզուն է: Եվ վերջապես, ռուսաց լեզուն հանդիսանում է Հայաստանի անվտանգության լեզու, հաշվի առնելով նրա անդամությունը ՀԱՊԿ-ին եւ ՕԱՀՈՒ-ին (օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր)» (http://newsarmenia.ru/arm1/20101112/42341498.html): 

Այս հայտարարությունից հետո օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձառնություններն էլ ավելի կենտրոնացան ռուսալեզու դպրոցների բացման հնարավոր հեռանկարի վրա, որն այդ մտքի հնչեցումից հետո շատ ավելի իրատեսական էր թվում, քան անգլիալեզու կամ որեւէ այլ լեզվով դպրոցի կամ կրթական հաստատության իրական հեռանկարը: Եթե հասարակական, վերլուծական ու քաղաքական շրջանակներն արված հայտարարությունը առավելապես քննարկում էին օտարալեզու դպրոցներ բացելու ու դրանով հայոց լեզվի հիմքերին հարված հասցնելու տեսանկյունից, քչերը նկատեցին, որ այն ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում (http://www.lragir.am/armsrc/comments40767.html): Փասատացի, ՌԴ դեսպանատան խորհրդատուն հայտարարում է, որ ռուսերենը ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների լեզուն է, այլեւ Հայաստանի անվտանգության ու հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների արդիականացման լեզուն, ասել է թե` նաեւ տնտեսության մեջ դոմինանտ լեզու: Այս առումով բավականին ուշագրավ են նույն հայտարարության մեջ Կրիվոպուսկովի տված հիմնավորումները (http://newsarmenia.ru/arm1/20101112/42341498.html):        

Ինչպես հայտնի է, օտարալեզու կրթական հաստատություններ հիմնադրելը հետայսու թույլատրող օրենադրական փաթեթն ընդունվեց 2010թ. դեկտեմբերի 22-ին, իսկ նախագահի կողմից ստորագրվեց 2011թ. հունվարի 15-ին: Օրենքի ընդունումից շուրջ 6 ամիս անց` 2011թ. հուլիսի 1-ին Հայաստանում ՌԴ դեսպանի եւ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվեց համագործակցության վերաբերյալ արձանագրութունը, որով Կապանում ռուսաց լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել: 

Եթե ՀՀ Կառավարությունը հարկադրված էր «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցապնդմանը ի պատասխան հաստատել, որ այդ արձանագրությունը  ստորագրվել է ի խախտումն «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ապա Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայաստանյան լրատվամիջոցներից մեկին պարզաբանում էր տվել` նշելով. «Որքանով ես տեղյակ եմ, արձանագրությունը ցանկությունների կուտակում է եւ միջազգային կրթական ծրագիրը Հայաստանում կարող է իրականացվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ոչ մի ուրիշ այլ կերպ։ Հետեւաբար ակնհայտ է նաեւ այն մարդկանց համար, որ այս արձանագրությունը չի կարող հիմք ծառայել նման միջազային կրթական ծրագիր իրականացնելու համար»: Ապա նախարարը հավելել էր. «Եթե ռուսական կողմը Կապանում ավագ դպրոց բացելու ցանկություն է հայտնում եւ Կապանի տեղական իշխանությունները համաձայն են դրան, ապա դա ցանկությունների ինչ-որ թուղթ է, որի տակ ստորագրում են երկու մարդիկ» (http://news.am/arm/news/65402.html): 

Պետք է արձանագրել, որ կառավարության դիրքորոշումը խնդրո առնչությամբ միանգամայն իրավաչափ էր, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի  համաձայն նման ուսումնական հաստատություն «կարող է ստեղծվել բացառապես կառավարության որոշմամբ կամ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ` միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններում»: 

Շտապողականություն ցուցաբերած ռուսական կողմին ոչինչ չէր մնում անել, քան դադար վերցնել եւ աշխատել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ հումանիտար ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի մշակման ուղղությամբ, որը պետք է ստորագրվեր 2011թ. հոկտեմբերի 24-ին եւ թույլ տար այն դիտարկել որպես միջկառավարական համաձայնագիր ռուսական գիմնազիան ու այլ ռուսալեզու կրթական հաստատությունները արդեն Հանրակրթության մասին օրենքի պահանջների կատարմամբ բացելու համար: 

2011թ. հոկտեմբերին պետական այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանը իր ռուս պաշտոնակցի հետ միասին ոչ միայն ստորագրեց այդ համաձայնագիրը (http://www.president.am/hy/press-release/item/2011/10/24/news-1874/), այլեւ նշեց. «երկու ժողովուրդների պատմական հիշողության մեջ կան քաղաքական, ռազմական եւ հումանիտար բարեկամության շատ փառավոր ավանդույթներ: Մենք պարտավոր ենք ոչ միայն խնամքով պահպանել այդ անգնահատելի ժանագությունը, այլ նաեւ միասին փնտրել համագործակցության հետագա զարգացման նոր հնարավորություններ: Դրանում եմ ես տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերությունների հիմքը՝ իրական դաշնակցային եւ կառուցողական գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են կայունության եւ անվտանգության պայմաններում մեր երկրների բարգավաճմանն ու մեր ժողովուրդների բարեկեցությանը» (http://armenpress.am/arm/print/666852/):

Նախագահ Սարգսյանը իր ելույթում նաեւ շեշտել էր հումանիտար համագործակցության մասին համաձայնագիրը. «Մեզ հաջողվեց ապահովել զարգացման կայուն աճ բոլոր ուղղություններով. շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, մենք ձեռնամուխ ենք եղել տնտեսական նոր նախագծերի իրականացմանը, ընդլայնել ենք հումանիտար ոլորտում շփումները եւ միջտարածաշրջանային կապերը: Դա կարեւոր է, քանի որ ցույց է տալիս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխհարաբերությունների ամրապնդման ընդհանուր տրամադրվածությունը: Այդ գործի շարունակությանը կծառայի հենց նոր ստորագրված հումանիտար մեծ Համաձայնագիրը, որը առաջիկա տասնամյակների հեռանկարով կստեղծի գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հնարավորություններ» (http://www.president.am/hy/press-release/item/2011/10/24/news-1874/):

Ըստ այդմ, 2012թ. հունիսի 4-ին Կոսաչեւի հետ հանդիպման ժամանակ հենց իր այդ այցի մասին էր հիշատակում Սերժ Սարգսյանը` միաժամանակ նույնատիպ ձեւակերպումներով վերահաստատելով հումանիտար ու այլ ոլորտներում հայ-ռուսական հարաբերություններն ընդլայնելու եւ նախաձեռնությունները կյանքի կոչելու իր հանձնառությունը:  

Ուստի առաջիկայում միարժեք պետք է սպասել ՀՀ Կառավարությունում այդ համաձայնագրի հղմամբ ռուսալեզու կրթական հաստաւությունների հիմնադրման որոշումներին, որոնք հիշատակված են Կ. Կոսաչեւի ու Ա. Աշոտյանի հանդիպման մասին հաղորդագրության մեջ: Բայց դա մի խնդիր է, որը պետք է լուծվի կառավարության, ասել է թե` վարչապետի մակարդակով, ում հետ նույնպես հանդիպեց Կ. Կոսաչեւը…    

(Շարունակելի) 

Ստյոպա Սաֆարյան,

Վերլուծաբան,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter