HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վկաներն այդպես էլ դատարան չեկան

Հուլիսի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ,շարունակվեց Կամո Շահվերդյանի քրեական գործով դատաքննությունը: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Կամո Շահվերդյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա հայտարարեց, որ իր պաշտպանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-դ մասի 6-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով մեղսագրված մեղադրանքն անհիմն է, քանի որ քրեական գործում չկան վկաների բովանդակային ցուցմունքներ. «Ընթերցում ես ցուցմունքը, ոչինչ չկա, գործի մեջ պարզ չէ, թե ինչու են հրավիրել այդ վկային և ինչ են ուզում վկայից»,-ասաց Հ. Արսենյանը: 

Ըստ վերջինիս՝ վերոնշյալ հոդվածներով մեղադրանքը նախաքննող մարմնի կողմից հարուցվել է ընդամենը քրգործում առկա ոստիկանության և նախաքննող մարմնի միջև տեղի ունեցած փոխադարձ պարզաբանումների և ինֆորմացիաների հիման վրա: Պաշտպանը իր միջնորդություններով պարզել է, որ ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալի ցուցումով է իր պաշտպանյալի վրա դրվել ծանրագույն այդ հոդվածները. «Ենթադրվում է, որ գլխավոր դատախազի առաջին տեղակալը այդ գործի նյութերին չի ծանոթացել: Զեկուցել են վարույթն իրականացնող մարմինը, հնարավոր է Լոռու մարզի դատախազը, կամ քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը»,- հայտնեց Արսենյանը:

Վերջինս շնորհակալություն հայտնեց դատավոր Մարինե Մելքոնյանին, հատկապես վկաների դատարան հրավիրելու գործում շահագրգռություն ցուցաբերելու համար: Հովիկ Արսենյանը նշեց, որ, այնուամենայնիվ, քրեական գործով առկա մակերեսային հարցաքննությունները դատարանում հնարավոր չեղան շտկել: Պաշտպանը նկատեց, որ Հայաստանի դատախազությունը, որպես նախաքննության վրա հսկող գերատեսչություն, դատախազին դատարանում դնում է աշխատանքային անհարմար վիճակում: Վերջինս, հաստատելով մեղադրական եզրակացությունը,  անկախ նրանից, թե դատարանում ինչ նոր հանգամանքեր երևան կգան, կամ ցուցմունքների ինչպիսի փոփոխություն տեղի կունենա, պարտադրված պնդում է իր ստորագրած մեղադրական եզրակացությունը:

Հովիկ Արսենյանը անդրադարձավ մեղադրող Արմեն Շիրոյանի մեղադրական ճառում ներկայացված ապացույցներին: Պաշտպանը անհիմն որակեց մեղադրողի կողմից    ամբաստանյալներ Վրույր Էվոյանին և Ռոմիկ Մոսինյանին ՀՀ քրեական օրենսգրքի  258 հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը և գտնում էր, որ նախաքննող մարմնի կողմից չի բացահայտված հանցագործությանը նրանց մասնակցելու շարժառիթները:

Ըստ պաշտպանին՝ որևէ  ցուցմունք գոյություն չունի, թե Թումանյան քաղաքից Մոսինյանները և իրենց ընկերները, այդ թվում Վրույր Էվոյանը և Ռոմիկ Մոսսինյանը, ինչ նպատակով են գնացել Կամո Շահվերդյանի սեփականությունը հանդիսացող քարի արտադրամաս, ինչու և  որտեղից են ձեռք բերել զենքը, ով գնաց զենքի հետևից և ում մոտ  է եղել այն:

«Որևէ կոնկրետ ցուցմունք դրա վերաբերյալ գոյություն չունի»,- ասաց Հովիկ Արսենյանը: Վերջինս  համաձայն չէր նաև մեղադրողի կողմից Վրույր Էվոյանի և Ռոմիկ Մոսինյանը  հանցանքը  խուլիգանություն որակելու  հետ. «Զենք ու  զրահով գնում են խուլիգանություն անելո՞ւ,-հռետորական հարց ուղղեց  Արսենյանը,- ապա շարունակեց,- ուղղակիորեն Կամո Շահվերդյանից վրեժխնդիր լինելու նպատակով զինվել և ոտնձգություն են կատարել նրա անձի, նրա շրջապատի և նրա սեփականության դեմ»:

Պաշտպանը գտնում էր, որ այս պայմաններում Կամո Շահվերդյանը արել է այն, ինչ կաներ յուրաքանչյուր ոք. «Ես գտնում եմ, որ հանցավոր ոտնձգություն է կատարվել Կամո Շահվերդյանի դեմ և նա իրեն պաշտպանել է»,- ասաց Արսենյանը: Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ  կատարված  հանցավոր ոտնձգության համար ամիսներ շարունակ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել Ալավերդիում:  Թե նախաքննության ընթացքում և թե մեղադրողի կողմից 2010թ.-ին հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22-ին, Կամո Շահվերդյանի քարի արտադրամասում առաջինը կրակողի խնդիր է դրվել: Ըստ նրանց՝ դա եղել է Շահվերդյանը:

Դիմելով մեղադրողին՝ Արսենյանը ասաց. «Ձեր ճառում իբր թե հիմնավորվել է, որ Ռոբերտ Մոսինյանի մոտ եղած զենքից երկու կրակոց է արձակվել, և աջ կողմի փամփուշտը մեջն  է եղել արդեն կրակված, որից հետո իր ձեռքի հրազենից կրակել է Վրույր Էվոյանը: Ես ուզում եմ հասկանալ՝ ուր է այն ապացույցը, որ Շահվերդյանի ձեռքին հրացան է եղել»: Հարցը դատարանում մնաց անպատասխան: Արսենյանը անդրադարձավ նաև իր պաշտպանյալի կողմից հոկտեմբերի 16-ին իր արտադրամասի մուտքի մոտ քարեր և գերաններ շարելու փաստին. «Այո, բարիկադներ է ստեղծել, խոչընդոտներ, որպեսզի իրեն չմոտենան: Իր հարձակվելու նպատակով չի դրել, պաշտպանվելու նպատակով է դրել»,- բացատրեց  Արսենյանը:

Նախաքննող մարմնի կողմից անընդհատ շահարկվել է, որ Ռոբերտ Մոսինյանը պառկած դիրքից է վնասվածք ստացել. «Պատահական չէ, որ ես դատարանում միջնորդեցի պաշտպանության տակ վերցրած վկաներին դատարան ներկայանալ, կուզենայի  անձամբ Սերոբ Մկրտչյանին ընդամենը մեկ հարց տալ: Վկան ցուցմունք է տվել, որ պատի անցքից տեսել է, թե ինչպես դեպքը տեղի ունեցավ, թե ինչպես Շահվերդյանը խլեց հրացանը և գետնին կրակեց: Ընդամենը մի հարց էր ինձ հետաքրքրում, թե քանի մետր հեռավորության վրա էր փախչողը, երբ Շահվերդյանը կրակեց»,- ասաց Արսենյանը: Նա  գտնում էր որ եթե իր պաշտպանյալը 15 մետրից լիներ կրակած, միանշանակ այդ հետևանքը կառաջացներ, այդ ժամանակ տուժողի դիրքը առավել ևս պետք է լիներ կանգնած վիճակում, թեկուզ կքանստած լիներ, շարժվելիս լիներ, բայց ոչ երբեք պառկած վիճակում:

Հովիկ Արսենյանը իր ճառում հանգամանալից վերլուծության ենթարկեց քրգործում իր պաշտպանյալի մեղադրանքի հետ առնչվող այլ հանգամանքներ: Մեղադրական ճառում մեղադրողը իր եզրակացությունները կապում է պաշտպանության տակ վերցրած վկա Պողոս Պողոսյանի ցուցմունքի հետ. «Դուք չկարողացաք պաշտպանության տակ վերցրված այդ 3 վկաներից որևէ մեկին դատարան ներկայացնել»,-մեղադրող Արմեն Շիրոյանին նախատեց Արսենյանը: «Այն դեպքում, երբ բոլոր պայմանների հետ  դատարանը համաձայնություն տվեց»,- ռեպլիկ արեց դատավոր Մարինե Մելքոնյանը:

Պաշտպան Արսենյանը խնդրեց դատարանին իր պաշտպանյալի գործողություններին ճիշտ քրեաիրավական որակումներ տալ:  Մեղադրող Արմեն Շիրոյանը հայտնվել էր շոկի մեջ: Նա հրաժարվեց ռեպլիկի կարգով իր ելույթից  և պաշտպանին հակափաստարկներ չներկայացրեց: Դատարանում իրենց խոսքի իրավունքից հրաժարվեցին ամբաստանյալներ Վրույր Էվոյանը և Ռոմիկ Մոսինյանը: Ամբաստանյալ Կամո Շահվերդյանը դատարանից խնդրեց արդարություն:  Դատական նիստը հետաձգվեց դատարանի  խորհրդակցական սենյակ գնալու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին: 

Լուսանկարում փաստաբան Հովիկ Արսենյանն է

Մեկնաբանություններ (2)

Gor
SHAT SHNORHAKALUTYUN,,,
M M M
ANKAX NRANIC TE DATAVORN INCH VCHIR KKAYACNI_ASTVAC KA VEREVUM U BOLORI ANMEXUTYAN CHAP@ GITI,VORQAN EL TUJOX KOXM@ HAKARAK CUCMUNQNER@ TAN,VORQAN EL PORCEN MEXADREL KAMOIN,IRENQ LAAAAAAAAAV GITEN VOR KAMON MEXAVOR CHI,UXAKI NENGABAR LRUM EN-LREQ ASVAC EL DZER VRA E LRELU_U ETE MI OR HARCNENQ ---TER ASTVAC VOR MEXQIS HAMAR-INDZ ES PATIJ@--?????? HISHEQ ES ORERN U ANMEX MARDKANC UM CAV EQ PATCHAREL.ARUyCNER@ MISHTEL ARQA EN ANTARUM TE VANDAKI MEJ.....................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter