HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորում քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ որոշումը ԲՀԿ-ն կփոխի՞

ԲՀԿ քաղխորհրդի որոշմամբ` առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցությունը Վանաձորի քաղաքապետի պաշտոնում սատարելու է նախկին մարզպետի տեղակալ, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանի թեկնածությունը: Ըստ քաղաքում շրջանառվող խոսակցությունների` քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մտադրություն ուներ Վանաձորի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Արմեն Այվազյանը: Խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ տարածքային գրասենյակներից մեկը նա էր ղեկավարում հոր` Լոռու երբեմնի մարզպետ Ստեփան Այվազյանի հետ:

Վանաձորում ԲՀԿ մյուս գրասենյակը ղեկավարում էր Էդիկ Կարախանյանը: Ըստ խոսակցությունների` խորհրդարանական ընտրություններում Արմեն Այվազյանը ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավն իրականացրել է իր ֆիանսական միջոցներով, ինչի դիմաց կուսակցությունը չի փոխհատուցել նրան ու համապատասխան գնահատանքի չի արժանացրել: Նա էլ, այս և առաջիկա քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չսատարելու պատճառով, կուսակցությունից դժգոհ մտադիր է ԲՀԿ-ից անկախ ինքնառաջադրվել քաղաքապետի պաշտոնի համար:

«Հետքի» հետ զրույցում Արմեն Այվազյանը հերքեց այս լուրերը: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամեն ինչ արվել է կուսակցության հիմնադրամի կողմից: Անձամբ ես որևէ դրամական ծախս չեմ կատարել: Որևէ ֆինանսական խնդիր, պարտքուպահանջ ես կուսակցության հետ չունեմ»,- նշեց Ա. Այվազյանը և ավելացրեց, որ այս պահին ԲՀԿ-ի շարքերը լքելու ցանկություն էլ չունի:

«Այդ լուրերի հիմքում այլ բան է ընկած, որի մասին ես ձեզ չեմ ցանկանա ասել: Ես չեմ ցանկացել կուսակցությանը դեմ դուրս գալ կամ ինքնառաջադրվել: Կուսակցությունում քննարկվել են տարբեր մարդկանց, թեկնածուների անուններ, նաև իմը: Միգուցե այդ խոսակցությունները դրանից են: Քաղաքական խորհրդի որոշմամբ արդեն որոշակիորեն պարզ է ԲՀԿ-ի թեկնածուն, բայց երբ որ առաջադրումների ժամկետը կլինի, մենք կտեսնենք, թե կուսակցության կողմից ով է պաշտոնապես գրանցվել: Այդ ժամանակ կիմանաք, թե ԲՀԿ-ն ում է առաջադրել քաղաքապետի թեկնածոււ»,- ասաց Ա. Այվազյանը:

Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն փոփոխի իր որոշումը է Կարախանյանի վերաբերյալ: Հարցին ի պատասխան՝ Այվազյանը նշեց. «Կուսակցությունը որոշում կայացրել է, բայց քանի դեռ պաշտոնապես գրանցում չի եղել, տեսականորեն հնարավոր է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter