HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ագարակը կունենա ինքնահոս ոռոգման ջուր». Մխիթար Զաքարյան

Հարցազրույց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ 

Ի՞նչ բնապահպանական խնդիրներ ունի քաղաքը:

Որպես արհեստականորեն ստեղծված բնակավայր Ագարակ քաղաքը ունի կանաչ տարածքների խնդիր: Առանց արհեստական ոռոգման, առանց հատուկ խնամքի Ագարակում բուսականության, կանաչ տարածքների առկայություն հնարավոր չէ, իսկ ոռոգման ջուրը մեզ մոտ առայժմ միայն մեխանիկական տարբերակով Արաքս գետից պոմպերով մղվում է, ու այն շատ թանկ ինքնարժեք ունի: Ճիշտ է, առայժմ կառավարությունը ամեն տարի 50%-ով սուբսիդավորում է վարձը, բայց կարծում ենք, որ դա ժամանակավոր է: Կա ծրագիր, որով  Մեղրու գետի ջրերը  Վարդանիձոր համայնքից խողովակաշարով կհասցվեն մեկը` դեպի Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր, մյուսը` դեպի Ագարակ: Քանի որ բողոքներ եղան Մեղրի քաղաքի բնակչությունից, ծրագիրը ներկայացվեց միջազգային բնապահպանական փորձաքննության, այժմ դրական եզրակացությունը եկել է, և հույս ունենք մոտ ապագայում այդ ծրագիրը տեսնել իրագործված: Դրա շնորհիվ Ագարակը կունենա ինքնահոս ոռոգման ջուր, որից հետո բոլորովին այլ պատկեր կլինի կանաչ տարածքների առումով:

Քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ բողոքում են ջրի որակից:  Ինչպիսի՞ն է այսօր ջրի որակը, վերջին անգամ երբ է ուսումնասիրվել քաղաքին մատակարարվող ջուրը: 

2009 թվականից լայնածավալ ծրագրեր են իրականացվել խմելու ջրի մատակարարման ոլորտում և ամբողջությամբ փոխվել է խողովակաշարի ներքին ցանցը:  Այժմ սկսվել են մաքրման կայանների վերանորոգման աշխատանքները և փոխվել է խողովակը` մոտ 7կմ: Մաքրման կայանը ամբողջությամբ վերանորոգվել և գերժամանակակից ֆրանսիական արտադրության ֆիլտրացիոն սարքեր են տեղադրվել: Բացի ջրահավաք ավազանում տեղադրված այդ հիմնական մաքրման կայանից, Ագարակի վերնամասում օրվա կարգավորիչ ջրամբարի շինարարություն է իրականացվել, որի շնորհիվ ջուրը կրկնակի ֆիլտրացման կենթարկվի: Ջրամբարը շահագործման կհանձնվի մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը: Իսկ ինչ վերաբերում է բողոքներին, ասեմ, որ ջրի որակի վատթարացման պատճառներն առաջացել են շինարարական աշխատանքների հետևանքներից:

Ի՞ նչ բնապապահպանական ծրագրեր ունի Ագարակի քաղաքապետարանը, ինչ նման ծրագրեր են արվել մինչև հիմա:

Ներկայումս տարվում են աշխատանքներ մանկապարտեզի և դպրոցի շրջակայքում կանաչ տարածքների ավելացման ուղղությամբ, կատարվել են ծառատնկումներ: Նաև նախատեսվում է զբոսայգու կառուցում Չարենցի 27 և 28 շենքերի միջնամասում: Նախահաշվային աշխատանքները պատրաստ են, ֆինանսական աղբյուրներ կան, պարզապես այդ տարածքում ապօրինի իրականացված շինարարություն կա և գործը գտնվում է դատական փուլում, որի ավարտից հետո կսկսվեն կառուցման աշխատանքները:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումները ի՞նչ ազդեցություն են թողնում Ագարակի բնապահպանական վիճակի վրա: Արդյոք բնակչությունը տեղեկացվում է կոմբինատի արտանետումների վտանգի մասին. Կարճևան գետի ափամերձ հատվածներում տարբեր խողովակաշարերով ջուր է  մղվում դեպի բնակիչների այգիներ: Այդ գետի մեջ պարբերաբար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոններն են արտանետվում:

Անկեղծ ասած, չեմ պատկերացնում ինչ արտանետումների մասին է խոսքը: Կառուցված է սելավատար վթարային ռեժիմներում թափոնների հոսքի համար: Մոտակա ամիսներին շահագործման կհանձնվի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի շրջանառու ջրամատակարարման համակարգը: Այն եզակի է Հայաստանում` հագեցած շատ թանկ սարքավորումներով: Համակարգի շահագործման արդյունքում նվազագույնի կհասցվի բնությանը պատճառվող վնասը: Հնարավոր չի գործարկել հանքարդյունաբերական ձեռնարկություն այդ մակարդակից ցածր բնությանը վնաս պատճառելով:

Ի՞նչ բնապահպանական  և այլ ծրագրեր է իրականացնում կոմբինատը Ագարակ քաղաքում:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը որպես տնտեսվարող սուբյեկտ պարտաճանաչորեն կատարում է բնօգտագործման և բնապահպանական վճարներ: Նաև բավականին ներդրումներ է կատարում Ագարակ քաղաքում: Համայնքի բյուջեի մոտ 20%-ը կազմված է կոմբինատի տրամադրած անհատույց փոխանցումներից: 2011թվականին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 30 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ է կատարել և այս տարի ևս նախատեսվում է իրականացնել ասֆալտապատման աշխատանքեր:

Ինչքանով են անվտանգ Ագարակ քաղաքի շրջակայքում գտնվող կոմբինատի երեք պոչամբարները. ինչ ազդեցություն են դրանք գործում շրջական միջավայրի վրա:

Նշված պոչամբարներից երկուսը գտնվում են Մեղրի համայնքի վարչական տարածքում և զուտ պաշտոնական տեսակետից Ագարակի քաղաքային համայնքը ոչ մի առնչություն չունի, բայց ինչ խոսք մոտիկ են Ագարակ քաղաքին և ռեկուլտիվացիան (մելիորացիա) անհրաժեշտ է:

Կոմբինատը հաշվետվություն տալի՞ս է քաղաքապետարանին իր գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվետվությունները ներկայացնում է Բնապահպանության նախարարությանը, իսկ Ագարակի համայնքին ներկայացնում է միայն հողի հարկի և գույքահարկի հաշվետվությունները:

Հարցազրույցը` Աննա Օհանջանյանի

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում' լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter