HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Հ1-ը, «Բանաձևը» և Սիրակ Եղիազարյանը պարտավոր են հրապարակային ներողություն խնդրել ԵՊՀ ամբիոնի վարիչից

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Թադևոսյանը մասնակի բավարարեց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի  և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝  պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի, Սիրակ Եղիազարյանի և Սոնա Հարությունյանի:

Դատարանը գտել է, որ իրավաբանական անձը չի կարող ունենալ պատիվ և արժանապատվություն, ուստի և չի կարող այդ իրավունքների ենթադրյալ խախտման պաշտպանության հայց ներկայացվել դատարան, այսինքն` Երևանի պետական համալսարանը պատշաճ հայցվոր չէ, և այս մասով հայցն անհիմն է և ենթակա է մերժման։

Դատարանը նաև գտել է, որ Սոնա Հարությունյանի նկատմամբ ներկայացված պահանջը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ, համաձայն Քաղ. օր.-ի 1087.1 հոդվածի, հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ տվյալ դեպքում հայցվորը քննարկվող հաղորդման մասին իմացել է 2011թ. մայիսի 28-ին, իսկ Սոնա Հարությունյանի մասով պահանջը ներկայացվել է 2011 թ. նոյեմբերի 29-ին` ավելի քան 6 ամիս հետո: Այսինքն, կողմը բաց է թողել դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը։

Դատարանը գտել է, որ Արա Գաբուզյանի մասով ներկայացված հայցը ենթակա է բավարարման: Համաձայն դատարանի վճռի՝ Սիրակ Եղիազարյանը, «Բանաձև» ՍՊԸ-ն, ինչպես նաև  Հ1-ը պարտավոր են հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հրապարակային բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից` տեղադրելով այդ տեսանյութը նաև «Ականատես» հաղորդաշարի ինտերնետային կայքում և www.youtube.com կայքում։

Սիրակ Եղիազարյանը պարտավոր է «Բանաձև» ՍՊԸ-ի կողմից պատրաստվող և Հ1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հերքել ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի վերաբերյալ զրպարտություն համարվող ստորև բերված փաստացի տվյալները` տեղադրելով այդ տեսանյութը նաև «Ականատես» հաղորդաշարի ինտերնետային կայքում և www.youtube.com կայքում. 

  • նրանք ասում են. «Մենք աշխատում ենք ծավալի վրա, մեզ բովանդակությունը չի կարևոր»,
  • «ըստ մասնագետների իմ գրավոր աշխատանքն ավելի քան հինգ միավոր էր և ավելի քան ութ միավոր էր»:

«Բանաձև» ՍՊԸ-ն պարտավոր է իր իսկ կողմից պատրաստվող և Հ1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հերքել ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի վերաբերյալ զրպարտություն համարվող ստորև բերված փաստացի տվյալները` տեղադրելով այդ տեսանյութը նաև «Ականատես» հաղորդաշարի ինտերնետային կայքում և www.youtube.com կայքում.

  • «Մայր բուհում դիմորդի գրավորը անբավարար են գնահատել առանց բովանդակությունը ստուգելու` միայն ծավալին նայելով»,
  • «քննության արդյունքի մասին բացատրություն ստանալու փոխարեն Սիրակը լսում է, «Կարևորը գրավորի ծավալն է, թե քանի էջ ես լցրել»,
  • «խնդրի լրջությունը գնահատականից հեռու է գնում. իրավաբաններն ակնհայտ կասկած ունեն, որ գործը կոռուպցիոն ռիսկեր ունի։ Դիմում են կրթության և գիտության նախարարություն, որ գործն ուսումնասիրեն և հավանական կոռուպցիան կանխեն..., թաքնված կոռուպցիայի կասկած հայտնում է ոչ թե սովորական մի երիտասարդ, այլ իրավաբանական մի ամբողջ խումբ..., Սխալներ գտնելու համար նախարարությունը նայեց ամեն տեղ բացի այնտեղից, որտեղ սխալներ հաստատ կգտներ»,
  • «պատմությունը մեկ դասախոսի կամ մեկ ամբիոնի սխալն է»,

«Բանաձև» ՍՊԸ-ն նաև պարտավոր է ինտերնետային կայքի սկզբի էջում երևացող մասում, ինչպես նաև http։//akanates.banadzev.com ինտերնետային կայքի սկզբի և 28.05.2011 թ. հաղորդման էջերում երևացող մասերում հրապարակել դատարանի վճիռը` նշումով. «ք. Երևան, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է «Բանաձև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Սիրակ Եղիազարյանին ներողություն խնդրել և հերքել ԵՊՀ «Քրեական իրավունքի» ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից և հերքել վերջինիս վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները «Իրավախախտ իրավագետը» հաղորդման ընթացքում հասցված վիրավորանքի և զրպարտության համար»։ 

Մեկնաբանություններ (2)

Գոհար Հակոբյան
Ես այս տարի եմ ավարտել իրավագիտության ֆակուլտետը և հավատացնում եմ, որ Ընկեր Գաբուզյանը ֆակուլտետի ամենալավ, պարկեշտ, ուսանողների մասին մտածող դասախոսներից է: Եվ ամոթ նրանց, ովքեր փորձում են զրպարտել այդ վաստակավոր դասախոսին և գիտնականին, պարզապես լավ մարդուն:
Vahagn
Գաբուզյանն իրոք որ լավ մասնագետ է և ոչ միայն քրեական իրավունքի բնագավառում, դրան զուգահեռ նաև օժտված է մարդուն բնորոշ բոլոր գնահատելի հատկանիշներով, այդ թվում՝ նաև հնարավոր, թվացյալ թերություններով հանդերձ: Զարմանում եմ, որ իր դեմ կամ իր կողմից նման հայցեր են քննվում դատարանում: Գաբուզյանը բացի այն, որ լավ մասնագետ է, նա նաև ուսանողին գնահատելուց էլ բավականին օբյեկտիվ էր ու բավականին անկախ, համենայն դեպս, լավ սովորող ուսանողների նկատմամբ, ուստի ես համարձակություն կունենամ ասելու, որ անկախ վերը նշված գործի հանգամանքներից ու դրան հիմք ծառայած փաստական կողմից, Գաբուզյանը արժանի է հարգանքի ու նրա պատվի և արժանապատվության դեմ ցանկացած ոտնձգությունը, համենայն դեպս, իմ կողմից ողջունելի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter