HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հովհաննես Հովսեփյանը էլիտար բնակարանները զիջել է Հարություն Փամբուկյանին

Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների իրացման պապոյանական դրվագին անդրադառնալով՝ «Հետքը» «Խարդախության իրական զոհերը, կամ ինչպես են պաշտոնյաները համալրում իրենց ունեցվածքը» հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Արամի 72-80 հասցեի էլիտար նորակառույցում նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը իր եւ հարազատների անունով ձեռք է բերել ավելի քան 2 տասնյակ բնակարան:

Այսօր էլ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում կարելի է գտնել գնորդների (կնոջ, քենու, քրոջ, փեսայի, քրոջ սկեսուրի եւ այլն) բնակարաններին վերաբերող գործերը:

Սակայն պարզվում է, որ այս տարվա փետրվարի 29-ից հիշյալ շենքում հովսեփյանական կողմն իր ունեցածի մեծ մասը իրավունքների փոխանցման՝ պահանջների զիջման (ցեսիայի) միջոցով հետ է վերադարձրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին, ումից դեռևս 2009թ. փետրվար-մարտին Հովսեփյանի մոսկվայաբնակ եղբայրը ձեռք էր բերել  հիշյալ բնակարանները: Դեռեւս անավարտ նորակառույցում Հովհաննես Հովսեփյանն այժմ անձամբ իր անունով ունի 1 առեւտրային տարածք եւ 2 բնակարան: Նույն շենքում Հովսեփյանը 2 բնակարան էլ ունի քրոջ՝ Ջեննի Հովսեփյանի եւ Ջուլիետա Ջոկլինյանի անունով: Դրանց նախնական պայմանագրերը կնքվել են 2006թ. օգոստոսին:

Զիջված բնակարաններից 7-ը գրանցվել են Հարություն Փամբուկյանի որդու՝ Էդգար Փամբուկյանի անունով: Իսկ մնացած 11 տները նախկին պատգամավորը ձեւակերպել է ծանոթ-բարեկամների անուններով՝ Արման Ադջեմյան, Արթուր Հակոբյան եւ Կարեն Աբրահամյան: Հարություն Փամբուկյանը Արամի 72-80 հասցեի էլիտար շենքում ներդրել է 2 մլն ԱՄՆ դոլար:

Հ. Գ. Նախորդ հոդվածում «Հետքը» նշել էր, որ Արամի 72-80 շենքում Հովսեփյանի բնակարանների ընդհանուր թիվը 24 է, սակայն պարզվում է, որ Վահագն Ատոմյանն իրականում վերջինիս հետ կապ չունի: Այսինքն՝ նախագահի վերահսկողական ծառայության պետը մինչեւ ցեսիան ուներ 23 բնակարան եւ 1 բիզնես տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter