HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսպես չի կարելի. հայ մարզասերին հարգել է պետք

69 կգ քաշային տղամարդկանց պայքարում բաղրամյանցի ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը համարվում էր Հայաստանի գլխավոր հույսերից մեկը: 2009 թ. Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի փոխչեմպիոնը չնայած ծանր վնասվածք էր ստացել՝ կոտրել էր ձեռքը, սակայն հասցրել էր վերականգվել, ոլորտի պատասխանատուները եւ ինքը՝ մարզիկը, վստահեցնում էին, որ հույսեր կան, եւ իսկապես դրանք մեծ էին: 

Պոկում վարժությունում Առաքելը միայն երկրորդ փորձից սանձեց 148 կգ ծանրաձողը, չնայած նախապես պատվիրել էր 155 կգ: Երրորդ փորձի ժամանակ էլ Միրզոյանը չբարձրացրեց 151 կգ-ը: Պոկում վարժությունում հայ ծանրորդին հավասար արդյունք էր ցույց տվել B խմբի առաջատար վենեսուելացի Սանչեսը, որը զուտ 60 գրամ թեթեւ լինելու արդյունքում առաջ անցավ Առաքելից՝ լինելով 4-րդը: 150 կգ պոկեց թուրք Մետե Բինայը, 152՝ ռումին Ռազվան Մարտինը, իսկ չինացի Քինգֆենգ Լին, բարձրացնելով 157 կգ եւ չձախողելով ոչ մի փորձ, բոլորին հասկանալ տվեց, որ հենց ինքն է չեմպիոնի գլխավոր հավակնորդը:

Փաստենք, որ օրը անհաջող էր այս քաշի «հնաբնակ» մի շարք մարզիկների համար, այդ թվում` ֆրանսիացի վետերան Դաբայայի եւ ադրբեջանցի Բայրամովի:

Հրում վարժությունում, ցավոք, նրանց շարքերը համալրեց նաեւ Առաքել Միրզոյանը, որը նախապես 180 կգ էր պատվիրել, հետո իջեցրեց մինչեւ 177, երկու անգամ ձախողեց ու գնաց վա-բանկ՝ բրոնզե մեդալի հետեւից՝ պատվիրելով 181 կգ: Սակայն դա էլ ձախողեց, ստացավ 0, ու ինչպես հետո պարզվեց, հաջողության դեպքում, միեւնույնն է, հայ ծանրորդը մեդալ չէր նվաճի, որովհետեւ ինդոնեզացի Տրիյատնո Տրիյատնոն հրեց 188 կգ ու երկամարտի 333 կգ-ով առաջ անցավ մինչ այդ երկրորդ տեղում ընթացող ռումին Մարտինից, ով երկամարտում ցույց էր տվել 332 կգ: Դե իսկ առաջատար Լին հրեց 187 կգ ու երկամարտի 344 կգ արդյունքով հերթական ոսկին բերեց Չինաստանին:

Առաքել Միրզոյանի անհաջողությունը կարծես կայծակ լիներ անամպ երկնքում: Սակայն հենց պոկում վարժությունում հայ ծանրորդի մի տեսակ անտրամադիր ելույթը հասկանալ տվեց, որ ամեն ինչ հարթ չէ: Պատահական չէ, որ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը փորձերից մեկի ժամանակ բղավեց. «Բոլորը քեզ են նայում, միացի»: Իսկապես, մարզիկը անջատված տեսք ու հայացք ուներ: Հրում վարժությունում դա լիովին տեսանելի էր, չկար մարզական չարություն, պայքար ծանրաձողի հետ, կայծ մարզիկի աչքերում: Սա հոգեբանական խնդիր պետք է համարել, ու տարօրինակ էր, որ Առաքելը ամեն անհաջող փորձից հետո բռնում էր գլուխը. ամեն ինչ արդեն պարզ էր: Նախանձել կարելի էր ինդոնեզացի Տրիյատնոյին, որը իսկական դաս տվեց պատանի ու մեծահասակ ծանրորդներին՝ կռիվ տալով ծանրաձողի հետ, պայքարելով մինչեւ վերջ ու գլխավերեւում պահելով 188 կգ-ը, որը վերջին պահին նրան արծաթ բերեց: 

Խաղերի մեկնարկից առաջ սպորտի ու երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը ասել էր, որ մեր պատվիրակների հետ լինելու են բժիշկ, մերսող ու հոգեբան: Հայտնել էր, որ «Այգ» հոգեբանական կենտրոնի հետ խորհուրդ են ստեղծել, որը աշխատելու է յուրաքանչյուր մարզիկի հետ: «Ես վստահեցնում եմ, որ մեզ անհրաժեշտ է միայն մարզական հաջողություն։ Մենք պատրաստ ենք թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Ամեն ինչ արված է մեր մարզիկների համար։ Ու այն մարդիկ, ովքեր պեսիմիստորեն են տրամադրված այս խաղերին կամ ակնկալում են ձախողում, այդ մարդիկ հաստատ խաղերի վերջում իրենց վատ կզգան»,- պերճախոս հայտարարություն էր արել նորանշանակ նախարարը:

Ի՞նչ տեսավ, սակայն, հայ մարզասերը. ձախողում, ի՞նչ զգաց հայ մարզասերը. հիասթափություն: Թող ոչ ոք չասի, թե մարզական բախտը Առաքելի կողմը չէր: Երբ մարզիկը պատրաստ է թե ֆիզիկապես, թե հոգեպես, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Խոսքերը, թե նախորդ օրվա դրությամբ Առաքելը պատրաստ էր, ու մնում էր, որ բախտը ժպտա, հօդս ցնդեցին: Այն, ինչ մարզասերը տեսավ Առաքելի հայացքում, մարզիչների զարմացած դեմքերին, բոլորովին կապ չունի բախտի հետ: Ի՞նչ է՝ մի՞թե բախտը միշտ չինացիներին է ժպտում: Ոչ, իհարկե: Պարզապես այդ երկրի մարզիկները լավ ֆիզիկական ու ամենակարեւորը՝ հոգեբանական պատրաստություն են անցնում: Նրանց ելույթում գրեթե չես տեսնի լարվածություն, հուզմունք, չինացիներին ու կորեացիներին բնորոշ են «երկաթե» նյարդերը, որովհետեւ նրանց հետ որակյալ աշխատանք է կատարվում, ինչը մեզանում չկա:

Հայ մարզասերը հերթական հիասթափությունը ապրեց: Մինչ այժմ ելույթ ունեցած 8 հայ մարզիկներից լավագույն արդյունքը եղել է ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանի 7-րդ տեղը: Արդարության համար, սակայն, փաստենք, որ հենց Առաքել Միրզոյանն էր առաջին մեծ հույսը, ինչը չարդարացավ: Հայ երկրպագուի հիասթափությունը կարելի է փարատել միայն մեկ ճանապարհով՝ նվաճած մեդալներով: Սակայն ամենամեծ սխալը այն կլինի, եթե պատասխանատուները փորձեն ինչ-ինչ պատճառներ բերել այն մարզիկների համար, որոնք մեդալների իրական հավակնորդներ են: Ի վերջո, եթե մարզիկն իրապես ուժեղ է տվյալ պահին, դա ակնհայտ երեւում է, ու նրան կանգնեցնելու, հաղթանակը նրանից խլելու փորձերը, այն էլ օլիմպիական խաղերում, կարելի է բացառել: Ուժեղ մարզիկը հասնում է իր նպատակին ցանկացած պարագայում, ինչպես որ չինացիները տարբեր մարզաձեւերում: 

Հետեւություն. մեծ խոստումներ տալուց առաջ պետք է լավ կշռադատել, այլապես կարելի է հայտնվել մի իրավիճակում, երբ ցանկացած արդարացում ծիծաղելի է թվում ու զայրացուցիչ: Պակաս տարօրինակ չէ այն, որ մեր պատվիրակությունը չի հասցրել վնասվածք ստացած Տիգրան Մարտիրոսյանի փոխարեն հայտավորել պահեստային Վանիկ Ավետիսյանին, որն ամբողջ ընթացքում մարզվում էր թիմի հետ, եւ ինչու չէ՝ սպասում իր հնարավորությանը: Ընդ որում՝ Վանիկը հանդես է գալիս հենց 69 կգ քաշային կարգում: Այսպիսով՝ Հայաստանը զրկվեց ոչ միայն Տիգրան Մարտիրոսյանից, այլեւ Վանիկ Ավետիսյանից: Մեր 4 տղամարդ ծանրորդներից միայն 3-ը ելույթ կունենան (արդեն 2-ը): Ո՞վ պետք է պատասխան տա այս բացթողման համար, ո՞վ պետք է պատասխան տա անհաջող ելույթների համար:

Ի վերջո, մենք ընդամենը 25 պատվիրակ ենք ներկայացրել, որոնցից մոտ 7-8-ն են մեդալի իրական հավակնորդ: Նրանց վրա հսկայական ֆինանսական միջոցներ են ծախսվում, պատասխանատուներն էլ խոստովանում են, որ ամեն ինչ արվում է: Իսկ արդյունքու՞մ... ոչինչ, միայն կորսված հույսեր: Հայ մարզասերին հարգել է պետք, ամեն մի մարզիկ նախեւառաջ ազգ է ներկայացնում, այն էլ խոշորագույն մարզական ստուգատեսում, ինչպիսիք են օլիմպիական խաղերը: Ոլորտի չինովնիկներն ու հոգեբանները պետք է լավ հիշեն այս մասին...   

Մեկնաբանություններ (10)

Susan
Ժողովրդի խոսքով ասած թասիբի հարցա ,թասիբով մրցիր թող ժողովուրդը տեսնի դա և հավատում եմ թեկուզ պարտվես էլ , մեկա կգնահատվես ,ոչ թե ծանրաձողը բռնի ու գցի և դրան ուղարկել ենք որպես ազգի ներկայացուցիչ : Շատ ափսոս:
Vni
Chnshume mer marzikneri vra SHAT mec e - anpajman haghtanak, hayrenik, tasib, Masis, turkeric lav .... Dra hamar el hogebanoren chen karoghanum kentronanal.
Ani
Da nranic e, vor poxanak kentronanalu irenc bun aneliqi vra, zbaxvac en sra-nra asacnery meknabanelov. Vaxenum eq dra jamanaky chga? Inch e? es erkirn aydqan harust e, vor dzer vra ahreli caxser ani-uxarki Olimpiaa, duq dzer havesov u ttamadrutyamb hartak barcranaq. Hiastapvac enq......shaaaat hiastapvac.......
Рубо
Pazor. Ahavor tuil e mer sport@, inchpes mer amboxch ptats, kasharakerneri ev poxamolneri bun, Haystan kochvats yerkir@
Vlad
es hamozvac em vor kan aveli arjanavor marzikner, bayc qani vor mer erkri annun e Hayastan, apa parz patcharnerov mijazgayin mrcumnerin zarmanali zugadiputyamb masnakcum en voch te arjanavorner@, ayl papayi balaner@ ev chinovnikneri sanikner@. ardyunq@ teseq bolort
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երևի սրանք էլ, 5000 դրամանոց «ընտրությունների» պես , խցկվել են հավաքական: Եթե սրանք են Հայաստանի «օլիմպիական» մարզիկները, պատկերացնում եմ թե մնացածները ինչ վիճակում պիտի լինեն: Լոնդոնից հետ գալուց ԲՈԼՈՐԻՆ մեկնդմիշտ որակազրկել ու ուղարկել կոլխոզ:
Aaron
Պետք է օլիմպիադա տանել այն մարզիկներին, ովքեր հոգեբանորեն պատրաստ են, պայքարող են: Երեկ մենք տեսանք ընկճված «մարզիկի»:
Դերենիկ
Եթե մի երկրի սպորտի ու երիտասարդության նախարարը Հրաչյա Ռոստոմյանը լինի այդ երկրի մարզիկների պատրաստվածության աստիճանն էլ այդպիսին պետքե լիներ. Մարզիկները անգամ մեկ տոկոս մեխք չունեն այս ձախողումների մեջ.մեխքը նրանց օլիմպիական խաղերին նախապատրաստող կառույցներինն է.
Աննա
Մեր մարզիկները շատ անկայուն են, շատ: Պակասում է հոգեբանական պատրաստվածությունը, անհասկանալի վախ կա, լարվածություն: Բավական է` մեկ սխալ թույլ տան և հետո չեն կարողանում հավաքել իրենց, չեն պայքարում: Նույն չինացիները, և ոչ միայն նրանք, կարծես ռոբոտ լինեն այն իմաստով, որ մարզիչը նրանց ծրագրավորում է կոնկրետ քաշի վրա, և նրանք դուրս են գալիս հարթակ և սառնասրտորեն բարձրացնում այն: Հետո փոխում են ծրագիրը, բարձրացնում քաշը, և մարզիկը դարձյալ առանց վախի և լարվածության նշույլի անգամ, մարտական տրամադրությամբ բարձրացնում է այն: Այ հենց սա է պակասում մեզ: Կարծում եմ, այստեղ չինացիներից սովորելու շատ բան ունենք... Որ հետո նույն քաշային կարգում մրցող թուրքերի ու ադրբեջանցիների առաջ ամոթով չմնանք: Մերոնք, փոխանակ անեն ամեն ինչ, որ նրանց հաղթեն, դեպքերի 90 տոկոսում նրանց առաջ են թողնում: Չեմ հավատում, որ նրանք մեզանից ուժեղ են, նրանց համակարգն է ավելի ուժեղ, ավելի շատ հոգեբանական գործոնն է կարևոր: Երեկվա այդ չարաբաստիկ մրցումների ընթացքում թուրք Մեթե Բինայը մի քանի մոտեցում ձախողելուց հետո այնուամենայնիվ կարողացավ հավաքել իրեն և պահպանել պատիվը: Ինչը որ հաճախ չեն կարողանում անել մեր մարզիկները: Առայժմ թուրքերը թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ տեղեկատվական ոլորտներում հաղթում են մեզ: Գոնե սպորտում չապացուցե՞նք, որ նրանցից ուժեղ ենք:
Samvel
Amboghj problem@ kayanum e nranum vor shat larvatc iravitchak e steghtcvum olimpiakanneri yntrutyan isk orvanic. es chem kaskatci vor henc et orvanic el iranc sksum en vaxecnel partutyan depqum iranc inch e spasvum. Hamemateq Miacyl Nahangneri sportmenneri demqerin, miayn jpita, isk meron demqeri vra yndhanrapes mimika chka, vorovhetev giden vor partvecin, enqan kqnnadaten u tuq u mur kstanan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter