HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

ԼՂՀ զբոսաշրջության վարչության պետն ասում է, որ Կաշենի հանքավայրը չի խանգարի տուրիզմին

Արցախի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է զբոսաշրջությունը ճանաչել որպես տնտեական գերակա ճյուղ: Շատ է խոսվում, որ Արցախում պետք է զարգացնել զբոսաշրջությունը և եվրոպական մի շարք երկրների օրինակով դարձնել պետության համար եկամտաբեր ճյուղ: 2011 թվականին նախորդ տարվա համեմատ Արցախում գրանցվել է զբոսաշրջիկների այցելության  43.3 տոկոս աճ: Դրանք այն օտարերկրյա քաղաքացիներն են, ովքեր Ղարաբաղ մուտք գործելու համար մուտքի արտոնագիր են ստացել:

Արցախում նաև զարգանում է հանքարդյունաբերությունը, հունիսին ԼՂՀ կառավարությունը հաստատեց Կաշենի հանքավայրի  շահագործման ծրագիրը, որն ավելի շատ հանքաքար կմշակի, քան Դրմբոնի կոմբինատը:

Մեզ հետ զրույցում ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հավաստիացնում է, որ շահագործվող ու շահագործման նախատեսվող հանքավայրերը զբոսաշրջային երթուղուց բավականին հեռու են գտնվում:

Պարոն Շահվերդյան, վերջին տարիներին զբոսաշրջության զարգացման ոլորտում ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ են արձանագրվել:

Նախ խոսենք ցուցանիշների մասին. երկու տարվա ընթացքում մենք արձանագրեցինք զբոսաշրջիկների այցելությունների աննախադեպ աճ, ինչը կազմում է 42 տոկոս, որն ինքնին խոսուն փաստ է: 2012 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշները նույնն են, 40 տոկոս աճ արձանագրվեց նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Ասեմ, որ նույն երկու տարիների ընթացքում Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների քանակով արձանագրեց ընդամենը 10-12 տոկոս աճ: Նման արդյունքները նաև զբոսաշրջության ոլորտում  պետության կողմից կատարված աշխատանքների շնորհիվ են: Մեր աշխատանքների հիմնական  երկու ուղղություններից մեկը տուրիստական ծառայությունների շուկայում Ղարաբաղը գրավիչ երկիր ներկայացնելու խնդիրն են, ինչն անում ենք միջազգային տուրիստական ցուցահանդեսների, անգլերենով հրատարակված բրոշյուրների ու գրքույկների միջոցով:

Իսկ երկրորդը, այցելած զբոսաշրջիկի համար հարմարավետ պայմանների ստեղծումն է, չնայած այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ կատարելուն, այնուամենայնիվ, դեռ ցանկալի արդյունքի չենք հասել:

Կկարևորեի վերջին տարիներին ստեղծված «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը, «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը և Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, որը զբոսաշրջիների համար հետաքրքիր վայր է:

Զբոսաշրջությունը խթանող հանգամանքներից են  պատմամշակութային հուշարձանների ոլորտում իրականացվող աշխատանքները, շրջանների վերականգնումը և Ստեփանակերտի բարեկարգումը: Նաև բավականին մեծ նշանակություն ունեցավ զբոսաշրջությանը վերաբերող օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտի կարգավորումը և հյուրանոցների հաշվառման պարտադիր համակարգի ու վերահսկման  մեխանիզմների ստեղծումը:

Այս աշխատանքների շնորհիվ մենք ունեցանք զբոսաշրջիկների այցելության մեծ աճ:

Բնապահպանները ասում են, որ ընդհանրապես  զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում է հանքարդյունաբերությունը: Մոտակա տարիներին Ղարաբաղում կսկսի գործել նոր հանքավայր (կամ կսկսեն գործել նոր հանքավայրեր): Սրա կապակցությամբ ի  նչ կասեք:

Այսօրվա դրությամբ շահագործվող և շահագործման նախատեսվող հանքերը զբոսաշրջային վայրերից բավականին հեռու են գտնվում: Իսկ ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, դա  ճիշտ կլինի թողնել համապատասխան մասնագետներին: Իհարկե, ամեն դեպքում հանքարդյունաբերությունը պետք է նաև նախատեսի տարածքների վերականգնում, լանդշաֆտների ռեկրեացիա և այլն, որպեսզի զբոսաշրջության զարգացման վրա բացասական ազդեցություն չունենա:

Երկու ճյուղերն էլ` հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը, գերակա են, հանքարդյունաբերությունն էլ իր հերթին այսօր  կենսական  անհրաժեշտություն է երկրի համար:

Շատ է խոսվում նաև անտառահատման մասին: Արցախը հարուստ է անտառներով, որն այս առումով նույնիսկ համեմատում են Շվեյցարիայի հետ: Արդյոք անտառահատումը նույնպե՞ս չի վնասելու զբոսաշրջության զարգացմանը:

Այս խնդիրները մեր իրավասություններից դուրս են, այդ խնդիրներով պիտի բնապահպանության վարչությունը զբաղվի: Համենայն դեպս, այն տարածքներում, որտեղ տուրիստական կարևոր վայրեր կան, այնտեղ անտառահատում չենք նկատել: Եթե մեր զբոսաշրջային երթուղիներում անտառահատման հետքեր նկատեինք, ապա այդ հարցով կզբաղվեինք:

Մի քանի օր առաջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել եք, որ Կաշենի հանքավայրի տարածքը երբևէ չի ուսումնասիրվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կաշենի հանքավայրի տարածքում հաշվառված են 110 հուշարձան-հուշարձանախմբեր, որոնք պարունակում են 2,5 հազարից ավել հուշարձաններ: Եթե այդ տարածքում իրոք կա նման քանակությամբ հուշարձան, ապա ինչպե՞ս պիտի լուծվի նրանց ճակատագիրը:

Կոնկրետ այն վայրում, որտեղ պիտի իրականացվի հանքահանում,  հուշարձաններ չկան: Ընդհանրապես Արցախում պատմական հուշարձանները դեռ ամբողջովին ուսումնասիրված չեն: Մենք Կաշենի հանքավայրում հուշարձանների վերաբերյալ միայն ունենք նախնական տվյալներ:  Հետագա անակնկալներից խուսափելու համար պետական հանձնաժողովից պահանջեցինք, որ հանքարդյունաբերական ընկերությունը` «Բեյզ Մեթալսը», հուշարձանների  հայտնաբերման  համալիր ուսումնասիրություն իրականացնելու համար ֆինանսավորում կատարի: Եվ մենք նրա ղեկավարից ստացանք տվյալ տարածքում ուսումնասիրություն իրականացնելու համար ֆինանսական աջակցության վստահությունը:

Մեզ կմնա միայն  հավաքել համապատասխան մասնագետների խումբ, ովքեր կտան հստակ պատասխան հանքահանման տարածքում գտնվող հուշարձանների վերաբերյալ: Եվ եթե լինեն, ապա պիտի որոշենք այդ հուշարձանների ապագան. եթե ստորգետնյա հնագիտական հուշարձան գտնվի, ապա դրանք ենթակա են պեղման, եթե դրանք լինեն ճարտարապետական հուշարձաններ, ապա  ենթակա են տեղափոխման: Եվ ես  վստահ եմ, որ այդ աշխատանքները  մենք օրենքով սահմանված կարգով կիրականացնենք:

Հուշարձանների պահպանության խնդիրը մեր պարտականությունն է, դա սերունդների համար է,  այդ աշխատանքները պիտի պատշաճ մակարդակով ու օրենքի սահմաններում իրագործենք:

Հնարավո՞ր է, որ հետագայում  արդյունահանման բուն աշխատանքները ընթանան ավելի մեծ տարածության վրա: Եվ եթե այս դեպքում առաջանան հուշարձանների տեղափոխման խնդիրներ, ապա ինչպե՞ս պիտի տեղափոխվեն, ասենք, Մելիք-Ալավերդյանների ու Մելիք-Իսրայելյանների  ապարանքները:

Դրանք հանքահանման գոտու մեջ  չեն մտնում: Հանքը դրանից լինելու մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Բայց ամեն դեպքում օրենքով սահմանված ընթացակարգ կա: Եթե նման բան լինի, ապա նաև խնդիր կառաջանա այդ հուշարձանի հետագա ճակատագրի լուծման համար: Այդպես չի լինում, որ հուշարձանը պարզապես վերցնեն ու քանդեն, նման դեպքերում նրանք պիտի համապատասխան մարմիններին դիմեն, ու այդ մարմինները ուսումնասիրեն, նախագծեն և այլն:  Դրանից հետո միայն կարելի է խոսել հանքի ընդլայնման մասին: Բայց այսօր նման խնդիր  չկա:

2007-2012 թթ. ԼՂՀ այցելած օտարեկրյա զբոսաշրջիկների թվաքանակը:  Օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր Ղարաբաղ մուտք գործելու համար պետք է մուտքի արտոնագիր (վիզա) ստանան:

Տարի

Նախորդ տարվա համեմատ թվաքանակի աճը (%)

2007

+86.0

2008

+15.0

2009

+3.3

2010

+42.8

2011

+43.3

2012 (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ)

+40.6

Մեկնաբանություններ (1)

Սահակ
ես որ անցյալ տարի գնացել էի Ղարաբաղ, ընկերներս որպես տեսարժան վայր խորհուրդ տվին այցելել նաև դրմբոնի ոսկու ֆաբրիկա: մթով եմ եմ տեսել, բայց իրոք շատ սիրուն էր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter