HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Յուրաքանչյուր փառատոն պետք է իդեոլոգիա ունենա». Ժիրայր Դադասյան

Օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձորում  կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան «Pantomime Fest» մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնը:

Պատանի հանդիսատեսի թատրոնի ծառայողական մուտքից ներս եմ մտնում: Խորհրդային այս շենքի աստիճանները, ինչպես շատ այլ շենքերում, արդեն իսկ կլորացել են եւ վտանգավոր դարձել, բայց թատրոնը շարունակում է գոյատեւել:

Սեղանը, որի շուրջ էլ պետք է զրուցեմ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ, աշխատանքային ծանրաբեռնվածության տակ է: Մեկ հարկ ներքեւում բացվում են պոստերները, որոնք օրեր անց կամրացվեն համապատասխան վայրերում, իսկ մեկ այլ սենյակում աշխատում են փառատոնի կոորդինատորները :

«Pantomime Fest» փառատոնին մնացել են հաշված օրեր, եւ արդեն իսկ հաստատված են բոլոր այն խմբերը, որոնք մասնակցություն են ունենալու այս տարի: Բացի մնջախաղի հիմնական համարներից՝ այս տարի փառատոնի շրջանակներում կլինի կրակե շոու:

Կարեւորագույն իրադարձություններից մեկը Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացումն է. այն կտեղադրվի Ծաղկաձորի հրապարակում:

Տասնհինգ րոպե հետեւում եմ Ժիրայր Դադասյանին. ամբողջությամբ փառատոնային տրամադրությամբ եւ ոգեւորությամբ, մի կում սուրճ ըմպելուց հետո սկսում է խոսել:

Արդեն երրորդ անգամ նույն ոգեւորվածությամբ պատրաստվում եք փառատոնին: Այս տարի սակայն անակնկալները, մասնակիցները եւ փառատոնի հանդեպ ուշադրությունն այլ մակարդակում է:

Փառատոնն ունի երեք հիմնական մեխ. բացման արարողությունը, Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացումը եւ փակման արարողությունը: Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է:

Այս տարի ունենք մասնակիցներ վեց երկրներից` Ճապոնիայից, Թուրքիայից, Իտալիայից, Դանիայից, Լեհաստանից եւ Ղազախստանից, ինչպես նաեւ հատուկ հյուր` Սանկտ-Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Մարկովան: Բնականաբար, փառատոնին մասնակցելու են մնջախաղի մեր թատրոնները նույնպես, որոնք չորսն են:

Այս տարի փառատոնն առանձնանում է նաեւ նրանով, որ անմիջապես նախագահի բարձր հովանու ներքո է իրականացվելու: Փառատոնի աջակցման հարցում մեծ է եղել նաեւ Ծաղկաձորի քաղաքապետի դերը:  

Ինչու՞ փառատոնն ամենամյա չի դառնում:

Կարծում եմ` լավ է, որ երկու տարին մեկ է տեղի ունենում փառատոնը, քանի որ բարդ բան է պատրաստվելը. ժամանակ է հարկավոր: Ի վերջո, սպասում կա այդ երկու տարվա մեջ: Ընդհանրապես փառատոնը պետք է իդեոլոգիա ունենա. առանց դրա անիմաստ է:

Այս կերպ հանդիստեսն էլ իրեն խաբված չի զգա:

Լավ փառատոնը շատ լավ մտածված կոնցեպտի քայլ առ քայլ իրականացումը պետք է լինի: Կարեւորվում է` մենք ինչ գերխնդիր ենք դնում մեր առջեւ, ինչ ենք ուզում եւ ինչու ենք ի վերջո ձեռնարկել: Բացի դրանից՝ հենց փառատոնն իր կտրվածքի մեջ գերակա խնդիրներ պետք է ունենա. մասսայականացնի արվեստը:

Խոսեցինք փառատոնի իդեոլոգիայից. արդեն երկու անգամ հանդիստեսին տեսել եք փառատոնի շրջանակներում եւ բազմիցս`  ներկայացումների ժամանակ: Ինչպիսի՞ փոփոխություն եք նկատում:

Համենայդեպս մեր թատրոն հաճախողների թվի աճ ենք նկատել: Բացի դրանից՝ մարդիկ նաեւ սպասում են, թե երբ է լինելու փառատոնը: Կարեւորն արդեն աչքը տեսել է...

Հետաքրքիր պատմություն կա. 2008 թ.-ին Մոսկվայից մի խումբ էինք հրավիրել` «44 աշխարհ» էր կոչվում, որոնք կրակե շոու էին ներակայացնում: Հրաշալի ընդունվեց խումբը որպես շոու էլեմենտ: Այս խմբում մի աղջիկ կար` ազգությամբ հայ: Փառատոնից հետո վերադարձավ Հայաստան, որոշեց ապրել Եղեգնաձորում եւ հենց այնտեղ էլ խումբ ստեղծել: Այդ խումբն արդեն կա, հանդես է գալիս եւ այս տարի փառատոնի շրջանակներում իրենք են ներկայացնելու կրակե շոուն: Եղեգնաձորի կրակե շոուն ելույթ է ունենալու Ծաղկաձորում: Հետաքրքիր զարգացում է:

Ստացվում է` թատերական աշխարհի հետ մարդուն նորից կապելու համար թատրոնն արդեն դուրս է գալիս շենքային սահմաններից. այլ միջոցներո՞վ է դառնում հասանելի:

Փառատոնի գաղափարական հիմքում դա կա. եթե դու չես ուզում տոմս գնել, ժամանակին չես կարող գալ թատրոն, դա չի նշանակում, որ դու չես նայի ներկայացումը, հենց լավ էլ կնայես...

Փողոցով անցնում են եւ պատահական տեսնում ցուցադրությունը: Մարդիկ շարժվում են դրսում, գնում-գալիս: Մեկին դուր է գալիս իրադարձությունը, մյուսին` ոչ: Թողնում ես ազատ հանդիսատեսին, բայց բոլորը հնարավորություն ունենում են տեսնելու: Պայմանական խոչընդոտներ չկան այս պարագայում:

Եվ դրա՞ համար էր, որ փառատոնն ի սկզբանե մայրաքաղաքի շրջանակներից դուրս անցկացվեց:

Մտածեցի, որ ճիշտ կլինի փառատոնը շրջաններից մեկում անցկացնել: Տարբեր շրջաններում տեսա, թե ինչ է կատարվում: Ես ուզում էի այնպես անել, որ եւ քաղաքային, եւ շրջանի բնակչությունը հնարավորություն ունենա մասնակցելու մշակութային իրադարձությանը: Այս պարագայում Ծաղկաձորը ամենից հարմարն էր նաեւ զբոսաշրջության տեսանկյունից:

Հետաքրքիր ավանդույթ է, պարոն Դադասյան, որ փառատոնի շրջանակներում հաղթողներ չեն լինում: Այս տարի է՞լ է այդպես լինելու:

Արվեստում մրցություններին դեմ եմ: Չես կարող գնահատել չինացու ու, օրինակ, իտալացու արվեստը մեկ չափորոշիչով: Այդ իսկ պատճառով բոլոր մասնակիցներն էլ ստանալու են մեդալներ:

P.S. Միեւնույն աստիճաններով իջնելու ժամանակ արդեն զգացողությունները փոխվել էին. այն հարցին, թե արդյոք իրատեսական է մնջախաղի թատրոնի շենքի կառուցումը, Դադասյանը պատասխանեց, որ շուտով Հյուսիսային պողոտայում սկսվելու է թատրոնի շինարարությունը: Նախագիծն արդեն հաստատված է:

Մեկնաբանություններ (1)

Ամալի
Հիշեցի, երբ առաջին տարում ես էլ էի մասնակցում... սա իսկապես հրաշալի փառատոն է....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter