16:31, 1 օգոստոսի, 2012Այսօր Լոռու մարզպետարանում «Հետքը» հանդիպեց մարզի Մեծ Պարնի, Լեջան և Գոգարան գյուղերի գյուղապետերին ու տեղեկություններ խնդրեց նրանց ղեկավարած համայնքների ցորենի և անասնակերի բերքահավաքի մասին:
Մեծ Պարնիի գյուղապետ Հրայր Յաղուբյանը հայտնեց, որ գյուղը 2100 բնակչություն ունի, գյուղի վարչական տարածքը կազմում են 7000 հա, որից 1600 հա վարելահողեր են, մոտ 5 000 հա-ը արոտավայրեր, 200 հա-ը՝ խոտհարքներ: «Որպես անասնակեր օգտագործում ենք հիմնականում ցանովի խոտաբույսերը: Այս տարին կարելի է ասել բացառիկ կատաստրոֆիկ տարիներից է` անասնակերի հարցով: Խոտ բացարձակապես չունենք»,- ասաց Հրայր Յաղուբյանը: Մեծ Պարնի գյուղը 1200 գլուխ խոշոր եղջրավոր անասուն և 200 գլուխ ոչխար ունի: Հրայր Յաղուբյանը հուսով էր, որ գյուղը խոշոր եղջրավորների անկում չի ունենա, քանի որ գյուղից նախկին տարիների նման անասնակերի արտահանում չի եղել: «Բացի այդ՝ մեր անասունների կերի պաշարը կլրացվի ծղոտով, և ճակնդեղի դաշտեր ունենք` ճակնդեղով: Տակից դուրս կգանք»,- ասաց նա:
Մեծ Պարնիում ավարտվել է խոտհավաքը: Հացահատիկի բերքահավաքը դեռ չի սկսվել: Գյուղացիների գյուղտեխնիկայի ապահովվածության մասին մեր հարցին Հրայր Յաղուբյանը պատասխանեց. «Դարն ապրած տեխնիկա ունենք, 6 կոմբայն ունենք, տրակտորներ կան, շարքացաններ ունենք»: Յաղուբյանը վստահություն հայտնեց, որ գյուղացիները իրենց դաշտերի մոտ մոլորված չեն կանգի գյուղմեխանիզացիա չլինելու պատճառով: «Էսա որ բերքահավաքը սկսվեց, մի 15 կոմբայն մեր դաշտերում լինելու է»,- պարծեցավ գյուղապետը:
Հեկտարից սպասվող հացահատիկի քանակի մասին մեր հարցին նա պատասխանեց. «Օ~, դա զոռ հարց ա: Նոր բերած էլիտար սերմացուներից լավ ակնկալիքներ չունենք, տեսնենք, էլի, ոնց կլինի: Խոտը ամեն տարվա 30 տոկոսի չափով ենք ստացել: Հացահատիկը երևի նախորդ տարվա ստացածի 50 տոկոսի չափով կլինի»:
Ստեփանավանի շրջանի Լեջանի գյուղապետ Սասուն Մարգարյանն ասաց, որ Լեջանը ղեկավարում է 10 տարի: «Դաշտավարությունից մենք ընդհանրապես ցուցանիշներ չունենք, քանի որ յուրաքանչյուր տարի մեր դաշտերը կարկտահարվում են: Գյուղացիներին ոչ մի փոխհատուցում չի տրվում»,- դժգոհեց գյուղապետը: Լեջանցիները զբաղվում են անասնապահությամբ: Այն էլ այս տարի, գյուղապետի տեղեկացմամբ, կանգնել են փակուղու առաջ: «Փակուղին այն է, որ անասնապահությունը ևս մեզ համար դառնում է վնասաբեր ճյուղ, և դրանով զբաղվելը Լեջանում դառնում է անիմաստ, քանի որ մի կողմից իջնում են կաթի իրացման գները, մյուս կողմից կաթ արտադրելու բոլոր պարագաները թանկացվում են: Եթե ՀՀ կառավարությունում, կամ չգիտեմ որտեղ, մտածում են, որ գյուղացիները հիմար են, սխալվում են»,- բացատրեց Սասուն Մարգարյանը և հավելեց, որ ստեղծված պայմաններում գյուղացիները կհրաժարվեն անասնապահությունից և կաթն ու անասնապահական մյուս մթերքներ կներկրեն դրսից:
Լեջանը 1400 գլուխ խոշոր եղջրավոր անասուն ունի: «Մենք խոտհարք ընդհանրապես չունենք: Մեր խոտի հիմնական մասը հավաքում ենք մեր վարելահողերից, քանի որ դաշտավարությամբ չենք զբաղվում»,- հայտնեց Սասուն Մարգարյանը: Վերջինս մեզ հետ խոսելու պահին տեղյակ չէր 1 հակ խոտի շուկայական արժեքին: Գյուղապետերից ասացին, որ 1 հակի գինը շուկայում ներկայում 1500-2000 դրամ է: Այս պայմաններում Սասուն Մարգարյանը Լեջանի անասնապահության մասին ոչ միայն վատատես էր. «Փաստը վկայում է այն, որ այսօրվա դրությամբ արդեն լեջանցիները կովեր են մորթում, 180.000- 220.000 դրամով մեր գյուղացիները կով են վաճառում, երբ կովի արժեքը 450.000-500.000-ից ոչ պակաս չի եղել»:
«ՀՀ կառավարությանը կտեղեկացնեի, որ Լեջանի գյուղացին լիտրը 100 դրամով կաթ է արտադրում, այսինքն՝ մեզանից մթերող կազմակերպությունները կաթը գնում են լիտրը 100 դրամով: Միայն մեզ մոտ չի վատ, բոլոր գյուղերում է այդպես: Եթե կառավարությունը կհիմնավորի, որ հնարավոր է 100 դրամով կաթ արտադրել, ու անասնապահությունը աշխատի շահույթով, ես գոհ կմնամ նրանից»,- ասաց Լեջանի գյուղապետը: Գյուղում այս տարի 60 հա ցորենի ցանքս է կատարվել: «Եթե հա-ից 0,5 տ ցորեն էլ ստանանք, գոհ կլինենք»,- ասաց գյուղապետ Մարգարյանը:
Գոգարանի գյուղապետ Արթուր Գալոյանն էլ ասաց, որ գյուղը 650 հա վարելահողեր և 75 հա խոտհարքեր ունի, 1400 բնակիչ: Գյուղապետարանում գրանցված է 600 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: «Գոգարանում անասնակերի վիճակը շատ վատ ա: Ամեն տարի հա-ից 100 հակից ավելի ենք հնձել, այս տարի հնձել ենք 25-40 հակ»,- ասաց գյուղապետը: Թե ստեղծված իրավիճակում գոգավանցիներին ինչպես է աջակցելու, համայնքապետը նշեց. «Ժողովրդի հույսը սարերի վրա է: Ճիշտն ասած՝ մեր գյուղում խոշորի անկում անպայման կլինի: Եթե մարզպետարանը գյուղացիների օգնելու հնարավորություն ունենա, կդիմեմ մարզպետարանին, ՀՀ կառավարությունն էլ ինչ անի, դա համատարած է: Օգնությունն այն կլինի, որ անասունը գյուղացիները պետք է մորթեն, գոնե շուկայական գնով էդ միսը ժողովրդից առնեն և հարևան պետությունների վրա վաճառեն: Այսինքն՝ գոնե սպասվող մորթի մսի իրացման խնդրում գյուղացիներին աջակցեն»:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղբաժնի պետ Վազգեն Օհանյանն էլ «Հետքին» հայտնեց, որ մարզի 105 գյուղական համայնքերում էլ, նախորդ տարիների հետ համեմատած, համատարած անչափ վատ է անասնակերի խնդիրը, հատկապես խոտի վիճակը, որովհետև անցած տարվա աշնանը երկար ժամանակ անձրևներ չեկան, և այս տարվա մարտ ապրիլին բարձր ջերմաստիճան գրանցվեց:
Վազգեն Օհանյանն ասաց, որ հացահատիկային մշակաբույսերից բերք սպասվում է միայն Ստեփանավանի շրջանի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Յաղդան, Կողես գյուղերում: Խոտը Ստեփանավանում նույն վիճակում է: Պրն Օհանյանը նաև հայտնեց, որ Լոռու մարզի 45.000 հա վարելահողերից այս տարի մշակվել է հազիվ 50 տոկոսը` 25.000 հա-ը: «Մարզում երևի կունենանք նախորդ տարիների արտադրած բերքի մոտ 30 տոկոսը` ոչ ավելի»,- հայտնեց մարզպետարանի գյուղբաժնի պետը:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3674 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3370 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 2839 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2183 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 1996 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
13.05.2013
դիտվել է 1754 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը