HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կտեսնենք Արա Խաչատրյանին եւ հեռացատկորդներին

Այսօր Լոնդոնում հայ մարզիկների ելույթներ նախատեսված չեն: Իսկ վաղը՝ Երեւանի ժամանակով 13:00-ին, լոնդոնյան հարթակ դուրս կգա 85 կգ քաշային գյումրեցի ծանրորդ Արա Խաչատրյանը: Մեր մարզիկն ընդգրկված է B խմբում, որում հանդես կգան 11 մարզիկներ: Արան համարվում է խմբի առաջատարը: Տեսականորեն նա մեդալի հավակնորդ է, եւ էական չէ, որ ընդգրկվել է կարգով ցածր խմբում: Այդուհանդերձ, A խմբում  բավական զորեղ կազմ է հավաքվել՝ հանձին իրանցիներ Ռոստամիի եւ Մորադիի, բելառուս Ռիբակովի, չինացի Լուի, ռուսաստանցի Աուխադովի եւ լեհ Զելինսկու: 

Արա Խաչատրյանը մեր թիմի հնաբնակներից է եւ Հայաստանի լավագույն ծանրորդներից մեկը, սակայն ճակատագիրը միշտ այնպես է դասավորվել, որ Արան եղել է երկրորդը կամ էլ շատ քիչ չի հերիքել՝ ոսկուն հասնելու համար: Ժամանակին, երբ նա հանդես էր գալիս 77 կգ քաշում, 2006 թ. դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: 2008-ին Եվրոպայի առաջնությունում Արան զիջեց մեկ այլ գյումրեցու՝ Գեւորգ Դավթյանին, ու զբաղեցրեց 2-րդ տեղը: 2008-ի պեկինյան խաղերում Գեւորգը 3-րդն էր, իսկ Արան՝ 7-րդը: 85 կգ քաշում Արայի առաջին հաջողությունը եղավ Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղը: Նույն տարի աշխարհի ստուգատեսում նա շատ մոտ էր ոսկուն, պոկում վարժությունում փոքր ոսկի նվաճեց, սակայն հրում ձեւում ձեռքի ծանր վնասվածք ստացավ ու դուրս մնաց պայքարից: 

Այժմ Արան, ինչպես ինքն է խոստովանել, լիովին ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է մեդալի համար ծանր մրցակցությանը: 

85 կգ քաշայինների A խումբը ելույթները կսկսի վաղը՝ Երեւանի ժամանակով 22:00-ին: 

Իսկ երեկ 77 կգ քաշայինների պայքարում, որտեղ, նախատեսված համաձայն, պիտի հանդես գար Տիգրան Մարտիրոսյանը, հերթական մեդալները նվաճեցին չինացիները: Առաջատար համարվող Քսիայուն Լուն արդարացրեց սպասելիքները, ավելին՝ պոկում ձեւում եւ երկամարտում աշխարհի ռեկորդ սահմանեց՝ 379 կգ: Երկրորդը նրա հայրենակից Հաոյե Լուն էր՝ 360 կգ արդյունքով: Բրոնզը նվաճեց կուբացի Իվան Ռոդրիգես Կամբարը: 

Վաղը՝ Երեւանի ժամանակով 22:50-ին, ասպարեզ դուրս կգան նաեւ հեռացատկորդներ երեւանցի Վարդան Փահլեւանյանն ու վանաձորցի Արսեն Սարգսյանը: Երկուսի լավագույն արդյունքն էլ 8 մ 20 սմ է, որը գրանցվել է այս մրցաշրջանում: Վարդանը ընդգրկված է առաջին ենթախմբում, Արսենը՝ երկրորդ:   

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Տեսանք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter