HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ոստիկանությունը հրաժարվում է վճարել նախկին ոստիկանի պահանջած հավելավճարները

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը հուլիսի 30-ին երկու դուստրերի հետ միասին հացադուլ էր հայտարարել ՀՀ ոստիկանության շենքի առջև' պահանջելով իր արտաժամյա ծառայության վճարները' մոտ 2,5 միլիոն դրամ:

Նշենք, որ Մխիթար Ալումյանի նախորդ հացադուլը հուլիսի 5-ին էր նախագահական նստավայրի դիմաց: Մխիթարին ընդունեցին ՀՀ նախագահի վերահսկաողական ծառայությունում, խոստացան լուծել աշխատանքի տեղավորման, ինչպես նաև դստեր' հաշմանդամություն ունեցող Կարինեի աչքերի վիրահատությունը պետպատվերի շրջանակներում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացնելու հարցը:

Ինչ վերաբերում է արտաժամյա ծառայության հավելավճարների փոխհատուցմանը, նախագահի վերահսկողական ծառայության Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այդ հարցին «հստակորեն» կանդրադառնան, բայց ոստիկանությունում:

Հուլիսի 30-ին Մխիթարի' ոստիկանության շենքի դիմաց հացադուլից հետո ոստիկանությունը հաղորդագրություն է ուղարկել. դրանում նշվում է, որ Մխիթար Ալումյանի հավելավճարները չեն տրվելու, քանի որ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Մ. Ալումյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 16.12.2011 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով' հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»: Քրեական գործի հարուցումը մերժելու համար, ըստ Մխիթար Ալումյանի, հիմք կա` իր գրած զեկուցագիրը, համաձայն որի` ինքը «պարտք ու պահանջ» չունի, բայց ինչպես նշել էր նա «Հետքի» հետ զրույցում, իրեն այդ զեկուցագիրը «ծեծելով են գրել տվել»: Հետաքրքիր է' ինչու հուլիսի 5-ին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից խոստացան «հստակորեն» անդրադառնալ հավելավճարների հարցին, եթե ոստիկանությունը մերժելու էր Մխիթարի պահանջը, և դրա համար հիմք էին հանդիսանալու ոչ թե նոր պարզված հանգամանքեր, այլ այն փաստը, որ 16.12.2011թ. քրեական գործի հարուցումը մերժվել է: Վերջինս մոտ 7 ամսվա վաղեմության փաստ է. ենթադրվում է, որ վերահսկողական ծառայությունում պետք է տեղյակ լինեին, որ Մխիթար Ալումյանի հավելավճարները չեն տրվելու, նամանավանդ որ նախկին ոստիկանը դրանից առաջ արել էր ինքահրկիզման փորձ և ևս մեկ հացադուլ` նույն պահանջով:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը. «Վերջին օրերին կրկին զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան (համակարգում ծառայել է 1998-2011 թթ.) Մխիթար Ալումյանը, որն ի թիվս բազմաթիվ այլ բողոք-պահանջների' ոստիկանությունից պահանջում է 4,5 միլիոն դրամ, ըստ իր հաշվարկների, ծառայության ընթացքում կատարած արտաժամյա աշխատանքի համար:

Այս պատմությունը նոր չէ, սկսվել է անձնական նախաձեռնությամբ, զեկուցագրի հիման վրա, 6.10.2011 թ. ոստիկանության համակարգից ազատված Մ. Ալումյանի' նույն տարվա դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումով, որտեղ նշված հանգամանքերով Պետական պահպանության գլխավոր վարչությունում նշանակվել և անցկացվել է ծառայողական քննություն:
Մ. Ալումյանը նմանատիպ դիմում էր ներկայացրել նաև Կոտայքի մարզի դատախազություն, ինչի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ծառայողական քննության ընթացքում տված բացատրության մեջ Մ. Ալումյանը նշել է, որ դիմումները գրել է խիստ հուզական վիճակում' խեղաթյուրելով փաստերը, և հաստատել, որ ծառայությունից ինքնակամ է ազատվել:

Ինչ վերաբերում է արտաժամյա ծառայության դիմաց չվճարվելու և այդ գումարները յուրացնելու մասին հայտարարությանը, ապա դրա իրավական գնահատականը տվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քանի որ համաձայն «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի' ծառայողական քննությունների ընթացքում քննարկվում են միայն ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու վարքագծին առնչվող հարցերը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Մ. Ալումյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 16.12.2011թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով' հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Ասել է թե' Մ. Ալումյանի դիմումում նշված հանգամանքները չեն հիմնավորվել:
Ինչ վերաբերում է պետական պահպանության գլխավոր վարչության կողմից Մ. Ալումյանին հատկացված 1.900000 դրամին, ապա այստեղ ևս իրականությունն այլ է:

2011 թ. դեկտեմբերի 29-ին պետական պահպանության գլխավոր վարչության պետի մոտ անցկացված օպերատիվ խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Մխիթար Ալումյանի' ՀՀ ոստիկանության պետին ուղղված' երեխայի բուժման նպատակով ֆինանսական օգնություն ցուցաբերելու դիմում-խնդրանքը: Գլխավոր վարչության պետը նշելով, որ վարչության տրամադրվելիք օգնությունը սահմանափակ է, առաջարկել է համակարգի ծառայողների ջանքերով, կամավորության սկզբունքով հանգանակություն կատարել' ֆինանսական ծանր պայմաններում հայտնված նախկին ծառայակցին օգնելու, նրա դստերը շուտափույթ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: 2012 թ. հունվարի 17-ին հանգանակված գումարը' 1.900000 դրամ, հանձնվել է Մխիթար Ալումյանին, որն ընդունել է գումարը' խորին շնորհակալություն հայտնելով պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավարությանը:

Փաստորեն, ո՛չ ոստիկանության պետին հասցեագրված դիմումում, ո՛չ ՊՊԳՎ պետի հանգանակության առաջարկում, ո՛չ էլ Ալումյանի խորին շնորհակալության մեջ տառ անգամ չկա հավելավճարի, ոստիկանության' նրան ունեցած պարտքի ու «մնացած գումարը մաս-մաս վճարելու» մասին: Կա նեղության մեջ հայտնված մերձավորին աջակցելու, գործընկերոջը (թեկուզև նախկին) հարեհաս լինելու, հիվանդ երեխային շուտափույթ օգնություն ցուցաբերելու պարզ' մարդու և քրիստոնյայի մղում, որը և գործ է դարձել: Իսկ թե Մխիթար Ալումյանը հետագայում ինչո՞ւ է այլափոխել իրողություններն ու այսօր կատարվածի միանգամայն այլ պատկեր է ներկայացնում՝ իր խղճի, գուցե նաև հիշողության խնդիրն է:

Ինչ վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներին, ապա այս իսկապե՛ս անհրաժեշտ պարզաբանումը հրապարակելով' կրկին կոչ ենք անում միակողմանի չլուսաբանել փաստերն ու հանգամանքները, լսել բոլոր կողմերին և միայն հանգամանալից ու մանրակրկիտ վերլուծության արդյունքներ հրապարակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter