Կիրակի, 20 ապրիլի

«Վահե Ավետյան» շարժում. իշխանությունը փորձում է Հարսնաքարի մեղադրվողներին ապահովագրել արժանի պատժից


14:32, 3 օգոստոսի, 2012

Օգոստոսի 2-ին ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանի ծննդյան օրն էր, նա պիտի դառնար 33 տարեկան: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի (հանրությանը հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ) թիկնազորի կողմից ծեծի միջոցով առանձնակի դաժանությամբ նրան սպանելու, իսկ նրա ծառայակից ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքը հերթական անգամ մերկացրեց քրեաօլիգարխիկ համակարգի կողմից հանրությանը սարսափով հնազանդեցնելու և իշխելու՝ «ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ» չհռչակված կարգախոսով բնութագրվող քաղաքականությունը:

Արդար քննության պարագայում Հարսնաքարի գործում արդեն պետք է տրված լինեին հիմնական հարցերի պատասխանները: Մինչդեռ դեպքից անցել է շուրջ մեկ ու կես ամիս, սակայն հանրությունը չունի քննությամբ պարզված որևէ համոզիչ պատկեր, թե ինչ է կատարվել Հարսնաքարում, և ովքեր են մեղավորները:

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանները հայտարարություն են տարածել, որ ոստիկանությունը միտումնավոր ձգձգում է գործի քննությունը:

Ուշագրավ է նաև «Մարտի 1-ի» մինչ օրս չբացահայտված գործում հմտացած ոստիկանության աշխատակցին՝ Վահագն Հարությունյանին, գործի քննությունը հանձնելը: Վերջին հանգամանքը, ինչպես նաև մինչ Վահե Ավետյանի մահվան արձանագրումը ներկայացված մեղադրանքը նրա մահվանից հետո վերաորակելիս ակնհայտորեն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը որպես այդպիսին որակելուց խուսափելը ծանրակշիռ հիմքեր են տալիս ենթադրելու, որ փորձ է արվում այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց:

Մյուս կողմից այս երևույթը վկայում է որ ռեժիմը չի կարողանում իր համար վստահելի և հուսալի կադրեր գտնել ոստիկանական համակարգում, հակառակ դեպքում ստիպված չէր լինի նման վարկաբեկված անձի հանձնարարել հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս գործի քննությունը: Պարզ է դառնում, որ ոչ ոք չի ցանկանում պաշտպանել այն իշխանությանը, որը կոծկում է ազգային բանակի սպայի սպանությունը. նույն այդ բանակն ու անգամ ոստիկանությունը պատրաստ չեն դրան:

Իշխանության հաշվարկը պարզ է. ժամանակ ձգել, մինչև հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի, և իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին, հերթական անգամ կկոծկի գործը և արժանի պատժից կազատի յուրայիններին:

Սակայն այդ մոտեցումը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ անցել են Պողոս Պողոսյանի սպանության ժամանակները: Հայաստանում ներկայումս առկա է գրագետ և երիտասարդ նոր սերունդ և ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը շատ լավ է հասկանում ու պատկերացնում վարչախմբի հաշվարկները և իր գործողություններում արդեն առաջնորդվում է ոչ թե սոսկ հաշվարկներով, այլ հիմնարար արժեքներով՝ արժանապատվություն, արդարություն, իրավունք, օրենք և այլն:

Նախաքննական մարմնի նման գործելաոճն ու նրա կողմից պարբերաբար խոչընդոտների հարուցումը հանրության համար միանշանակ լինելու են հասարակական ճնշումները մեծացնելու հրավեր:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս,վերահաստատում ենք, որ նախանձախնդիր ենք օրինազանց ու տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը տարբեր առիթներով ահաբեկած և այս արատավոր ու անհեռանկար համակարգի հետ սերտաճած հանցագործ անհատներին օրենքի իշխանությանը ենթարկելու և օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու հարցում, ուստի այլևս չենք հանդուրժելու պետության համապատասխան օղակների թողտվությունը: Ինքնակազմակերպվելով, քայլ առ քայլ և հետևողական գործողություններով մենք պետք է հասնենք Ռուբեն Հայրապետյանին և նրան ծնած ու սնուցող համակարգի սահմանազանց սպասավորներին Վահե Ավետյանի ընտանիքի, հասարակության և օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն:

Ինքնակազմակերպումն արդեն սկսվել է և աննախադեպ բազմազանություն ու աշխարհագրություն է դրսևորում: Անցած քառասուն օրվա ընթացքում մենք ականատեսը եղանք թե հայաստանյան և թե սփյուռքի ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության բազմաթիվ ակցիաների: Դրանցից պետք է թվարկել Երևանի Զեյթունի, Ավանի և Կենտրոնի թաղամասերում տեղի ունեցած իրազեկող երթերը, նախագահական նստավայրի, դատախազության, ոստիկանության, ինչպես նաև ՀՀ օտարերկրյա դիվանագիտական ներկայացչությունների առջև կազմակերպված պիկետները, մշտական գործող սոցիալական ցանցերի ձևավորումը, բազմահազար անձանց ստորագրահավաքները, հազարավոր լուսանկարները, հարյուրավոր հոդվածները և տեսահոլովակները, ծաղրանկարներն ու պլակատները, բաց նամակները՝ գրված կազմակերպությունների և քաղաքացիների, ներառյալ ՀՀ բանակի գործող փոխգնդապետի կողմից:

Վահե Ավետյանի մահվան քառասուն օրվա կապակցությամբ մոմավառությունն էլ ավելի կընդգծի բողոքի համահայկականությունը, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների հայության ներկայացուցիչներ:

Շարժման նախաձեռնող խումբը վերահաստատում է Ռուբեն Հայրապետյանին հասարակական պատասխանատվության կանչելու հաստատակամությունը: Դրա նպատակն է վերախմբագրել բռնության հակամշակույթի նկատմամբ կեղծ հանդուրժողականության իշխող պատկերացումը՝մերժելով կյանքի իրավունքի անքակտելիությունը ոտնահարողների նկատմամբ հանդուրժողականության բոլոր դրսևորումները, անիրավչությունն ու ուժի իրավունքը, որը մեր երկրում մենաշնորհել է գռեհիկ գիտակցությամբ և բարոյականությունից զուրկ փոքրաթիվ անձանց մի խումբ:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացիներին միանալ հանուն կյանքի իրավունքի և մարդկային արժանապատվության երաշխավորման, ինչպես նաև բռնության հակամշակույթը արմատախիլ անելու նպատակով ստեղծված «Վահե Ավետյան» հասարակական շարժմանը և ձեր մասնակցությունը բերել թե ամենօրյա բոյկոտին, թե այսուհետև նախատեսվող ամենշաբաթյա պիկետներին ու ամենամսյա երթերին:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ
ք. Երևան
3 օգոստոսի, 2012


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանություններ (2)
1. Ընթերցող16:40 - 3 օգոստոսի, 2012
Այս հասարակական շարժման ղեկավարը պետք է լինի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ առաջինը նրան է պատկանում մեր երկրում օրինականության պահպանման պարտականությունը: Նախագահի բանակի սպային են հոշոտել, ով էլ եղած լիներ նա, ինչ էլ արած լիներ նա: Նախագահի ինքնասիրության հարցն է շոշափվում: Հույսով ենք, որ մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը, և այսուհետ հասարակության որոշ տարրեր կհասկանան, թե ով է բանակի սպան և ինչ նշանակություն ունի պետության համար:
2. Գեւորգ09:22 - 4 օգոստոսի, 2012
Նախագահի աշխատակազմի ղեկավարին էլ ծեծեցին ....ու նախարարի պաշտոն ստացան: Մեկն էլ իր ենթակա, ծեր զինվորական սպային ծեծեց: Արդյունքում դատավորին (կամ դատախազին, չեմ հիշում) պատժեցին, իսկ իրեն ... վերջերս գեներալի տիտղոս շնորհեցին! (երեւի՝դատա-կատարողական նոր զորատեսակի!) Կնոջ էլ ծեծեցին օրը ցերեկով, հանդիսավոր պայմաններում, լրագրողի էլ ծեծեցին ոհմակով, երեխաների աչքի առջեւ եւ հենց իր վրա էլ գործը շրջեցին, ջահելների ծեծեցին, իրենց էլ դատեցին: Մի խոսքով՝ "Զորն ասեմ եւ զորը մոռանամ": Ես մտածեցի, որ եթե մի նման կեղտ հանկարծ ինձ կպչի, դժվար թե տանեմ: Թքեցի ու հեռացա այդ ախմախ երկրից, որտեղ կարող էս ակամա մարդասպան դառնալ, եթե ուզում ես արժանապատվությունդ պահպանել ....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»