HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վահե Ավետյան» շարժում. իշխանությունը փորձում է Հարսնաքարի մեղադրվողներին ապահովագրել արժանի պատժից

Օգոստոսի 2-ին ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանի ծննդյան օրն էր, նա պիտի դառնար 33 տարեկան: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի (հանրությանը հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ) թիկնազորի կողմից ծեծի միջոցով առանձնակի դաժանությամբ նրան սպանելու, իսկ նրա ծառայակից ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքը հերթական անգամ մերկացրեց քրեաօլիգարխիկ համակարգի կողմից հանրությանը սարսափով հնազանդեցնելու և իշխելու՝ «ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ» չհռչակված կարգախոսով բնութագրվող քաղաքականությունը:

Արդար քննության պարագայում Հարսնաքարի գործում արդեն պետք է տրված լինեին հիմնական հարցերի պատասխանները: Մինչդեռ դեպքից անցել է շուրջ մեկ ու կես ամիս, սակայն հանրությունը չունի քննությամբ պարզված որևէ համոզիչ պատկեր, թե ինչ է կատարվել Հարսնաքարում, և ովքեր են մեղավորները:

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանները հայտարարություն են տարածել, որ ոստիկանությունը միտումնավոր ձգձգում է գործի քննությունը:

Ուշագրավ է նաև «Մարտի 1-ի» մինչ օրս չբացահայտված գործում հմտացած ոստիկանության աշխատակցին՝ Վահագն Հարությունյանին, գործի քննությունը հանձնելը: Վերջին հանգամանքը, ինչպես նաև մինչ Վահե Ավետյանի մահվան արձանագրումը ներկայացված մեղադրանքը նրա մահվանից հետո վերաորակելիս ակնհայտորեն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը որպես այդպիսին որակելուց խուսափելը ծանրակշիռ հիմքեր են տալիս ենթադրելու, որ փորձ է արվում այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց:

Մյուս կողմից այս երևույթը վկայում է որ ռեժիմը չի կարողանում իր համար վստահելի և հուսալի կադրեր գտնել ոստիկանական համակարգում, հակառակ դեպքում ստիպված չէր լինի նման վարկաբեկված անձի հանձնարարել հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս գործի քննությունը: Պարզ է դառնում, որ ոչ ոք չի ցանկանում պաշտպանել այն իշխանությանը, որը կոծկում է ազգային բանակի սպայի սպանությունը. նույն այդ բանակն ու անգամ ոստիկանությունը պատրաստ չեն դրան:

Իշխանության հաշվարկը պարզ է. ժամանակ ձգել, մինչև հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի, և իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին, հերթական անգամ կկոծկի գործը և արժանի պատժից կազատի յուրայիններին:

Սակայն այդ մոտեցումը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ անցել են Պողոս Պողոսյանի սպանության ժամանակները: Հայաստանում ներկայումս առկա է գրագետ և երիտասարդ նոր սերունդ և ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը շատ լավ է հասկանում ու պատկերացնում վարչախմբի հաշվարկները և իր գործողություններում արդեն առաջնորդվում է ոչ թե սոսկ հաշվարկներով, այլ հիմնարար արժեքներով՝ արժանապատվություն, արդարություն, իրավունք, օրենք և այլն:

Նախաքննական մարմնի նման գործելաոճն ու նրա կողմից պարբերաբար խոչընդոտների հարուցումը հանրության համար միանշանակ լինելու են հասարակական ճնշումները մեծացնելու հրավեր:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս,վերահաստատում ենք, որ նախանձախնդիր ենք օրինազանց ու տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը տարբեր առիթներով ահաբեկած և այս արատավոր ու անհեռանկար համակարգի հետ սերտաճած հանցագործ անհատներին օրենքի իշխանությանը ենթարկելու և օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու հարցում, ուստի այլևս չենք հանդուրժելու պետության համապատասխան օղակների թողտվությունը: Ինքնակազմակերպվելով, քայլ առ քայլ և հետևողական գործողություններով մենք պետք է հասնենք Ռուբեն Հայրապետյանին և նրան ծնած ու սնուցող համակարգի սահմանազանց սպասավորներին Վահե Ավետյանի ընտանիքի, հասարակության և օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն:

Ինքնակազմակերպումն արդեն սկսվել է և աննախադեպ բազմազանություն ու աշխարհագրություն է դրսևորում: Անցած քառասուն օրվա ընթացքում մենք ականատեսը եղանք թե հայաստանյան և թե սփյուռքի ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության բազմաթիվ ակցիաների: Դրանցից պետք է թվարկել Երևանի Զեյթունի, Ավանի և Կենտրոնի թաղամասերում տեղի ունեցած իրազեկող երթերը, նախագահական նստավայրի, դատախազության, ոստիկանության, ինչպես նաև ՀՀ օտարերկրյա դիվանագիտական ներկայացչությունների առջև կազմակերպված պիկետները, մշտական գործող սոցիալական ցանցերի ձևավորումը, բազմահազար անձանց ստորագրահավաքները, հազարավոր լուսանկարները, հարյուրավոր հոդվածները և տեսահոլովակները, ծաղրանկարներն ու պլակատները, բաց նամակները՝ գրված կազմակերպությունների և քաղաքացիների, ներառյալ ՀՀ բանակի գործող փոխգնդապետի կողմից:

Վահե Ավետյանի մահվան քառասուն օրվա կապակցությամբ մոմավառությունն էլ ավելի կընդգծի բողոքի համահայկականությունը, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների հայության ներկայացուցիչներ:

Շարժման նախաձեռնող խումբը վերահաստատում է Ռուբեն Հայրապետյանին հասարակական պատասխանատվության կանչելու հաստատակամությունը: Դրա նպատակն է վերախմբագրել բռնության հակամշակույթի նկատմամբ կեղծ հանդուրժողականության իշխող պատկերացումը՝մերժելով կյանքի իրավունքի անքակտելիությունը ոտնահարողների նկատմամբ հանդուրժողականության բոլոր դրսևորումները, անիրավչությունն ու ուժի իրավունքը, որը մեր երկրում մենաշնորհել է գռեհիկ գիտակցությամբ և բարոյականությունից զուրկ փոքրաթիվ անձանց մի խումբ:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացիներին միանալ հանուն կյանքի իրավունքի և մարդկային արժանապատվության երաշխավորման, ինչպես նաև բռնության հակամշակույթը արմատախիլ անելու նպատակով ստեղծված «Վահե Ավետյան» հասարակական շարժմանը և ձեր մասնակցությունը բերել թե ամենօրյա բոյկոտին, թե այսուհետև նախատեսվող ամենշաբաթյա պիկետներին ու ամենամսյա երթերին:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ
ք. Երևան
3 օգոստոսի, 2012

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Այս հասարակական շարժման ղեկավարը պետք է լինի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ առաջինը նրան է պատկանում մեր երկրում օրինականության պահպանման պարտականությունը: Նախագահի բանակի սպային են հոշոտել, ով էլ եղած լիներ նա, ինչ էլ արած լիներ նա: Նախագահի ինքնասիրության հարցն է շոշափվում: Հույսով ենք, որ մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը, և այսուհետ հասարակության որոշ տարրեր կհասկանան, թե ով է բանակի սպան և ինչ նշանակություն ունի պետության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter