ՈՒրբաթ, 19 սեպտեմբերի

Սպորտ  |  

Յուրի Վարդանյանի 5 կետերը


15:28, 3 օգոստոսի, 2012

Օգոստոսի 1-ին ինձ դիմեց news.am-ի թղթակիցը Լոնդոնի օլիմպիադայում մեր երիտասարդ ծանրորդի անհաջողության պատճառները մեկնաբանելու խնդրանքով: Անշուշտ, թղթակիցն ինձ դիմել էր ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործչի, այլ որպես փորձագետի, պրոֆեսիոնալի, քանի որ բոլորն իրավասու են ինձ համարել պրոֆեսիոնալ այդ ոլորտում և սպորտում ընդհանրապես:

Ես զուտ մասնագիտական տեսակետից արտահայտեցի իմ կարծիքը, որին անդրադառնալն այժմ հարկ չեմ համարում: Սակայն իմ բարյացակամ խոսքը, այն էլ` ցավով արտահայտված, որոշ շրջանակներում այլ կերպ ընդունվեց, ավելին` անհիմն քաղաքականացվեց:

Որոշ երիտասարդներ, դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալով, իրենց գիտելիքներին, խելքին ու մակարդակին անհամապատասխան արտահայտություններ թույլ տվեցին, ընդհուպ այն, թե Վարդանյանը թող չգնար Ամերիկա, մնար էստեղ և երիտասարդներ դաստիարակեր, իսկ եթե գնացել է, ուրեմն խոսելու իրավունք չունի:

Նման մոտեցումները համարում եմ անթույլատրելի և այս կապակցությամբ ուզում եմ մի քանի նկատառում հայտնել:

Առաջին: Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:

Երկրորդ: Չի կարելի ցանկացած ոլորտի մասնագիտական բանավեճը տեղափոխել քաղաքական դաշտ:

Երրորդ: Անընդունելի է անհամաձայնությունը որևէ փորձագետի կարծիքի հետ օգտագործել որպես վիրավորանքի կամ այլ՝ անձնական բնույթի շահարկման պատրվակ, եթե անգամ այդ կարծիքի հետ դժվար է համաձայնել:

Չորրորդ: Հարիր չէ հայ երիտասարդներին չհարգել դիմացինի, տվյալ դեպքում ընդդիմախոսի տարիքն ու անցած ճանապարհը, էլ ավելի հարիր չէ այդ անցած ճանապարհում փնտրել մութ էջեր, մանավանդ երբ դրանք չկան (բազմիցս առիթ եմ ունեցել ներկայացնել հանրությանը թե իմ Ամերիկա մեկնելու, թե վերադառնալու պատճառները):

Հինգերորդ: Անթույլատրելի եմ համարում իմ մասնագիտական եզրակացությունն օգտագործել որպես անձնական-քաղաքական հարաբերությունները պարզելու մոտիվ. Գագիկ Ծառուկյանի հետ ես որևէ անձնական խնդիր կամ տարաձայնություն չունեմ, տարաձայնություն ունեմ և կունենամ իր ղեկավարած ոլորտի հարցերում, որոնց մեջ ես, ի տարբերություն նրա, պրոֆեսիոնալ եմ:

Յուրի Վարդանյան,
օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Հրաժեշտ 30-րդ ամառային օլիմպիական խաղերին
    Ահա եւ վերջ: Ավարտվեցին ամառային 30-րդ օլիմպիական խաղերը: Լոնդոնը խաղերի տանտիրոջ իրավունքը փոխանցում է Ռիո դե Ժանեյրոյին: Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կանցկացվեն նաեւ պարալիմպիկ խաղերը, որից հետո կարեւորագույն մարզական իրադարձությանը հարկ կլինի սպասել եւս 4 տարի՝ մինչեւ 2016 թ.: Իհարկե, այս ընթացքում՝ 2014-ին, կանցկացվեն պատանեկան եւ ձմեռային օլիմպիական խաղերը:
  • Հայաստանի օլիմպիական թիմը տուն կվերադառնա 1 արծաթով ու 2 բրոնզով
    66 կգ քաշային ազատոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը չի կարող պայքարել բրոնզե մեդալների համար, քանի որ նրան հաղթած ղազախ Տանտարովը կիսաեզրափակչում պարտվեց հնդիկ Սուշիլ Կումարին: Այսպիսով՝ Հայաստանի վերջին մասնակիցն էլ դուրս մնաց պայքարից, եւ ուրեմն օլիմպիական թիմը տուն կբերի 1 արծաթ եւ 2 բրոնզ:
  • Դավիթ Սաֆարյանը բրոնզի հույսեր է պահպանում
    Ազատոճային 66 կգ-ոց ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս մնաց ոսկե մեդալների համար պայքարից: Ղազախ ըմբիշի հետ գոտեմարտում նա միավորներով հաղթեց 8-6 հաշվով, սակայն մրցափուլերով հաղթեց ղազախը՝ 2-1: Վերջին՝ երրորդ մրցափուլում վիճահարույց դրվագ տեղի ունեցավ, եւ մրցավարները 2-1 տեսքով միավորներ բաշխեցին մարզիկներին, սակայն հետո ղազախին տվեցին ոչ թե 1, այլ 2 միավոր, եւ նա դուրս եկավ կիսաեզրափակիչ:
  • Դավիթ Սաֆարյանը 1/4-ում է
    Հայաստանի վերջին ներկայացուցիչը օլիմպիական խաղերում՝ 66 կգ քաշային ազատոճային Դավիթ Սաֆարյանը, 1/8-ում առանց գոտեմարտի անցավ հաջորդ փուլ, քանի որ նրա մրցակից եգիպտացի Օմար Ահմեդը դուրս չեկավ գորգ վնասվածքի պատճառով:
  • Հաջիմուրադը չի կարող պայքարել բրոնզի համար
    Հայաստանը ներկայացնող դաղստանցի 84 կգ ազատոճային ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը զրկվեց նաեւ բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունից, քանի որ նրան հաղթած իրանցի Լաշգարին կիսաեզրափակչում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Շարիֆովին:
... կարդացեք ավելին «Օլիմպիական խաղեր» թեմայով
Մեկնաբանություններ (1)
1. Mleh13:23 - 13 օգոստոսի, 2012
Ափսոս էր Յուրին...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»