Երեքշաբթի, 21 մայիսի

Վանաձորի քաղաքապետարանը չի կատարել կառավարության որոշումը

Ադրինե Թորոսյան


18:14, 3 օգոստոսի, 2012

Նախկինում Վանաձորի քիմիական գործարանի ենթակայության տակ գտնվող թիվ 3 հանրակացարանի շուրջ 40 ընտանիք արդեն 40 տարի ժամանակավոր գրանցումով (սկզբում տարին մեկ, այնուհետև 2 տարին մեկ վերագրանցվելով) ապրում է նշված հանրակացարանում:

90-ականների վերջերին, երբ Քիմգործարանը մասնավորեցվեց, ի տարբերություն գործարանին պատկանող թիվ 1 և թիվ 2 հանրակացարանների, որոնք սեփականացրին բնակիչները, թիվ 3 հանրակացարանը՝ որպես անշարժ գույք, մնաց գործարանի ենթակայության տակ:

Գործարանի ղեկավարությունը երկար ժամանակ հստակ պատասխաններ չէր տալիս բնակիչների բազմաթիվ հարցումներին, թե ինչ որոշում է կայացվել թիվ 3 հանրակացարանի ու դրա բնակիչների վերաբերյալ գործարանի մասնավորեցվելուց հետո, և ինչու այդ հանրակացարանն էլ, մյուս երկուսի պես, չսեփականացվեց բնակիչների կողմից:

«Ուզում ենք՝ սեփականության իրավունքով մեզ տրամադրեն այն սենյակները, որոնցում ապրում ենք: Մինչև ե՞րբ պետք է ապրենք անորոշության մեջ ժամանակավոր գրանցումներով՝ չհամարվելով ՀՀ լիարժեք քաղաքացիներ, որի հետևանքով սոցիալական, ֆինանսական ու տնտեսական շատ դժվարությունների ենք հանդիպում: Այստեղ ապրողներս տարիներ շարունակ աշխատել ենք գործարանում, շատերը կորցրել են իրենց առողջությունը, ունեցել են բնակարանային հերթեր, բայց այդպես էլ բնակարաններ չեն ստացել: Արդյոք վաղը մեր սեփականատերը մեզ պարզապես դուրս չի՞ հանի մեր սենյակներից»,- իրենց մտահոգությունն են հայտնում հանրակացարանի բնակիչները:

Գործարանի ու համայնքի ղեկավարությունները միայն վերջերս են սկսել պատասխանել բնակիչներին, որ նրանք չեն կարող սեփականաշնորհել հանրակացարանի իրենց սենյակները, քանի որ այդ շենքը սեփականության իրավունքով պատկանում է գործարանին: Իսկ սեփականատերը, փաստորեն, ցանկություն չունի այն հանձնելու բնակվողներին:

«Վանաձոր-Քիմպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ հանրակացարանը «Քիմպրոմի» սեփականությունն է: «Այսօր ես եմ տիրություն անում շենքին: Տարվա մեջ հանրակացարանի մոտ 1 միլիոն դրամի ջրի պարտքը ես եմ մուծում որպես իրավաբանական անձ: Ուրիշ հարց՝ եթե այդ շենքը վաճառեմ քաղաքին, քաղաքը իր հարցերը լուծի պետական մակարդակով»,- ասաց նա:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ իր հերթին հաստատեց, որ հանրակացարանը «Քիմպրոմինն» է: Նշեց, որ այդ շենքը ոչ մի անգամ չի հանձնվել համայնքին: «Թեպետ պիտի հանձնվեր: Բոլոր հանրակացարանները պետք է հանձնվեին, բայց դա մեզ չի հանձնվել: Պատճառը, որ ժամանակից շուտ իրենք սեփականաշնորհել են՝ հանրակացարանի շենքը հետը»,- ասաց նա:

Ճշգրտող հարցին՝ կառավարությո՞ւնն է սեփականաշնորհել, պատասխանեց. «Իհարկե, գործարանների սեփականաշնորհումը կառավարությունն է անում, ոչ թե համայնքը: Կառավարությունը պետք է բոլոր հանրակացարանները, մանկապարտեզները սեփականության չտրամադրեր, այլ տար համայնքին: Եվ ասենք՝ էդ մանկապարտեզները, էդ հանրակացարանները վաճառվել են կամ մնում եմ նախկին սեփականատիրոջ ձեռքին: Դե, երևի կոնկրետ էդ հանրակացարանի նկատմամբ կառավարության որոշում էլ չի կայացել»:

Չնայած «Հետքի» դիտարկմանը, որ կա կառավարության որոշումը, ըստ որի՝ հանրակացարանը հանձնվել է համայնքին, քաղաքապետը շարունակեց պնդել. «Եթե մեզ չի հանձնվել, մենք չենք ընդունել»:

Հանրակացարանի բնակիչները և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) հանրակացարանի սեփականության իրավունքի վերաբերյալ հարցումներ են ուղղել պատկան մարմիններին:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից հանրակացարանի բնակիչներին հայտնել են, որ համաձայն ՀՀ կառավարության 1997 թ. հունիսի 24-ի 195 որոշման 3-րդ կետի՝ որոշվել է «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ի կազմից առանձնացնել թիվ 32 մանկապարտեզը, կուլտուրայի և հանգստի այգին, «Լոռի» մարզական ակումբը, ինչպես նաև թիվ 2, 3, 4 հանրակացարանները և դրանք երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Վանաձորի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով: Նշված որոշման պատճենը նույնպես տրամադրվել է բնակիչներին:

Ի պատասխան ՀՔԱՎ-ի՝ հանրակացարանի սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները տրամադրելու հարցման՝ քաղաքապետ Դարբինյանը տրամադրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավարի տրամադրած տեղեկատվության պատճենը, ըստ որի՝ հանրակացարանը սեփականության իրավունքով գրանցված է «Վանաձոր-Քիմպրոմի» անվամբ: Եվ գույքի նկատմամբ իրավունքը գրանցվել է 1999 թ.՝ կառավարության թիվ 161 որոշման համաձայն:

Ստացվում է, որ 1997 թ. կառավարության որոշմամբ հանրակացարանը սեփականության իրավունքով հանձնվել է համայնքին: Քաղաքապետարանը փաստացի չի կատարել կառավարության որոշումը և շենքը չի գրանցել որպես համայնքային սեփականություն: Իսկ 1999-ին այն սեփականաշնորհել է «Քիմպրոմը»:

Լուս.՝ hraparak.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Էմին Երիցյան19:32 - 3 օգոստոսի, 2012
Հրապուրիչ է, բայց գոչուն ու անիմաստ վերնագրեր դնել պետք չէ։ Տեքստով փաստեր են շարադրվում՝ վերնագիրը թքած-կպցրած է։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»