HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դրական արդյունք, ոչ միանշանակ խաղ

«Եվրո-2012»-ի ընտրական 2-րդ խմբի Հայաստան-Ռուսաստան խաղից (0-0) առաջ շատ հայ երկրպագուներ համոզված էին, որ մեր հավաքականը հաղթելու բավականին մեծ հնարավորություն ունի, եւ նույնիսկ փորձում էին հաշիվ կանխագուշակել` առավելապես տանտերերի օգտին: Բայց, ըստ էության, այս կանխատեսումները գլխավորապես հիմնված էին ցանկության վրա, այնինչ պետք էր հաշվի առնել երկու թիմերի իրական հնարավորությունները` բոլոր մանրուքներով հանդերձ: Խաղը ցույց տվեց, որ աշնանային հաջող հանդիպումներից հետո առաջացած ու աստիճանաբար ուժեղացող աժիոտաժը իր որոշակի բացասական ազդեցությունն ունեցավ մեր տղաների վրա, որոնք անչափ ուշադիր էին գործում պաշտպանությունում եւ երբեմն ավելորդ լարվածության հետեւանքով անտեղի գնդակ կորցնում:

Այդուհանդերձ չի կարելի ասել, թե մեր թիմը խաղը սկսեց երկրորդ համարով` պաշտպանվողի կարգավիճակով, ընդհակառակը` Հայաստանի հավաքականը իր ոճով խաղասկզբում անցավ բուռն գրոհների` ձգտելով արագ գոլ խփել: Սակայն ռուսները, դիմակայելով այդ ճնշմանը, աստիճանաբար հավասարեցրին խաղը եւ տիրեցին նախաձեռնությանը: Առաջին կեսի երկրորդ հատվածում եղավ մի պահ, երբ նրանք, ֆուտբոլային լեզվով ասած, նստել էին մեր կիսադաշտում, ավելի կոնկրետ` Բերեզովսկու տուգանային հրապարակում: Անկյունայինների տարափը մեր դարպասի ուղղությամբ, այդուհանդերձ, պաշտպաններն ու դարպասապահը հետ մղեցին: Ինչպես խաղից հետո նշեց գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այս ճնշումը ոչ թե մերոնց թույլ խաղի, այլ հյուրերի ուժի հետեւանք էր:

Պատկերը փոխվեց երկրորդ կեսում: Մալաքյանին ու Մարկոսին փոխարինած Մանուչարյանն ու Եդիգարյանը կարողացան թափ հաղորդել մերոնց հակագրոհներին: Ընդհանրապես, ուրախալի էր տեսնել երկուստեք արագ խաղ, երբ գնդակը դաշտի կենտրոնում չէր մնում, եւ հակագրոհները հաջորդում էին միմյանց: Տեսականորեն ռուսները ֆիզիկական պատրաստվածությամբ պետք է գերազանցեին մերոնց, քանի որ չնայած երկու երկրների առաջնություններն էլ նոր են մեկնարկել, սակայն հյուրերի կազմում հանդես էին գալիս ֆուտբոլիստներ, որոնք այս վերջին շրջանում իրենց ակումբներում մասնակցել են եվրագավաթների խաղարկություններին ու լավ մարզավիճակում են: Այսքանով հանդերձ` հայ ֆուտբոլիստները ֆիզիկական պայքարում փաստորեն չզիջեցին կարգով ավելի բարձր հյուրերին: Մերոնց խաղում պարզապես նկատելի էին տեխնիկական ու տակտիկական մի շարք սխալներ, երբ, օրինակ, գնդակը չէր հասնում հասցեատիրոջը, կամ ֆուտբոլիստներից որեւէ մեկը, չարաշահելով անհատական խաղը, ուշացնում էր փոխանցումը, կամ էլ առջեւի գծում չէր ստացվում վերջին դիպուկ հարվածը, երբեմն էլ կաղում էր համագործակցությունը հատկապես դաշտի կենտրոնում: Աշնանային հանդիպումների ֆոնին սա, իհարկե, երկրպագուների սպասած խաղը չէր, բայց, վերոնշյալ հանգամանքներից ելնելով, իրականում ավելին դժվար էր սպասել:

Բնականաբար, հունիսի 4-ին կայանալիք արտագնա խաղում ավելի դժվար է լինելու, սակայն եթե տղաները կարողանան այդ հանդիպմանը մոտենալ լավ մարզավիճակով, առանց վնասվածքների, մարզչական շտաբն էլ վերացնի այս խաղում առկա թերությունները, հայ երկրպագուները արդյունավետ ու դրական արդյունքով խաղի ականատես կարող են դառնալ: Մյուս կողմից` նույն երկրպագուները պետք է գիտակցեն, որ «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլ դուրս գալը այդքան էլ հեշտ խնդիր չէ, ու մեկ-երկու լավ խաղը չի կարող բերել նման արդյունքի: Անհրաժեշտ է, որպեսզի հավաքականը կայուն խաղամակարդակ ունենա մշտապես, ներկայիս խաղային ոճն ու թիմային ձեռագիրը «խոր արմատներ» գցեն: Այժմ թիմն այդ ճանապարհին է, սակայն բաղձալի նպատակին հասնելու համար դեռ ժամանակ է պետք: Այս պահին մեր թիմը 4-րդն է ընտրական խմբում (վերջին տուրում Անդորրան նվազագույն հաշվով պարտվել է Սլովակիային, իսկ Իռլանդիան 2-1 հաշվով հաղթել Մակեդոնիային): Երկրորդ շրջանում հայ ֆուտբոլիստները արտագնա հանդիպումներ կանցկացնեն Ռուսաստանում, Անդորրայում, Սլովակիայում եւ Իռլանդիայում, իսկ Երեւանում կհյուրընկալեն մակեդոնացիներին: Թիմերի դասավորությունը բավականին խիտ է, ինչը վկայում է առաջիկայում սպասվող թեժ պայքարի մասին: Հունիսի 4-ին կկայանան նաեւ Մակեդոնիա-Իռլանդիա, Սլովակիա-Անդորրա խաղերը:

 

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գոլեր

Միավոր

1

Սլովակիա

5

3

1

1

5-4

10

2

Ռուսաստան

5

3

1

1

6-3

10

3

Իռլանդիա

5

3

1

1

9-6

10

4

Հայաստան

5

2

2

1

9-4

8

5

Մակեդոնիա

5

1

1

3

5-7

4

6

Անդորրա

5

0

0

5

1-12

0

Մտորումներ խաղի շուրջ

Առաջին. Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, թվում էր, իր կազմակերպվածությամբ պիտի հաճելիորեն զարմացնի երկրպագուներին, հեռուստադիտողներին ու դրսից ժամանած հյուրերին: Հաճելի էր տեսնել երկրպագուների կողմից յուրահատուկ եռագույնի վերածված տրիբունաներն ու բուռն աջակցությունը: Սակայն կազմակերպիչները, չգիտես ինչու, մարզադաշտի բարձախոսը տվել էին երկու երիտասարդի, որոնք իրենց անհասկանալի հորդոր-հրահանգներով առաջացնում էին երկրպագուների ծիծաղն ու զայրույթը: Խաղասկզբում անընդհատ կրկնում էին, թե դրոշի երեք գույներով թերթիկները պետք է պարզել միայն հիմի ժամանակ ու հորդորում էին իջեցնել դրանք, հետո կարծես զայրացած կոչ էին անում արեւելյան տրիբունայում պարզված պաստառը չթափահարել, բայց ամենազավեշտալին ու սարսափելին այն էր, որ խաղի ընթացքում մեկ զուռնա-դհոլով էին եթեր մտնում, մեկ տարբեր երգերով, մեկ էլ, երբ ռուսներն էին գրոհում, ինչ-որ անհասկանալի ձայներ արձակելով: Անշուշտ, եվրոպական բարձրակարգ թիմերում ընդունված պրակտիկա է նաեւ բարձրախոսով երկրպագելն ու երգելը, բայց այնտեղ ամեն ինչ արվում է ճաշակով ու չափի մեջ: Բարձրախոսի մոտ նստած անձը մրցակցի գրոհի ժամանակ հաստատ «ու-ու-ու-ու…» չի գոռում: Դա կարող են անել տրիբունաներում նստածները, բայց ոչ երբեք մեկը, ում վստահել են ամբողջ մարզադաշտը վերահսկող բարձրախոսը: «Ես, իհարկե, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներից, սակայն պետք է նշեմ, որ բարձրախոսը մեզ մի փոքր խանգարում էր, քանի որ մարզադաշտը փոքր է, եւ մենք չէինք կարողանում լսել միմյանց»,- Armsport.am-ի հետ զրույցում ասել է Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես ասում են` երկրպագելը նույնպես արվեստ է. իսկ այդ մակարդակին մենք դեռ պետք է հասնենք:

Երկրորդ. Խաղից առաջ իշխանության կողմից հովանավորվող երիտասարդական «Միասին» շարժումն անցկացրեց «Կհաղթի բարեկամությունը» կարգախոսով ակցիա, որը արդարացիորեն առաջացրեց որոշ լրատվամիջոցների ու մեծաթիվ քաղաքացիների բողոքը: Սա ոչ ավել, ոչ պակաս ժեստ էր մեր իշխանություններից Կրեմլին: Բայց որքան էլ ասենք, որ ֆուտբոլն ու քաղաքականությունը մեր օրերում անբաժան էր իրարից, միեւնույնն է, ամեն ինչ ունի իր տեղն ու ժամանակը: Ինչու՞ էին այս անհարկի ու ավելորդ սեթեւեթանքները, սիրո եւ բարեկամության խոստովանությունը: Բոլորն էլ գիտեն, որ հայերն ու ռուսները դաշնակից ժողովուրդներ են, եւ համագործակցությունը նրանց միջեւ խոր արմատներ ունի, բայց այս ամենը ոչ մի աղերս չունի մարզական մրցակցության հետ, մրցակցություն, որի նպատակը դեպի Եվրոպայի առաջնություն տանող թանկարժեք 3 միավոր վաստակելն էր, ինչին հասնելու համար մի կողմը պատրաստ էր իր մարզիկներից յուրաքանչյուրին 40.000 եվրոյով պարգեւատրել, իսկ մյուս կողմի երկրպագուներն ընկել էին փողոցներն ու «բարեկամություն» էին քարոզում: «Կհաղթի բարեկամությունը» կարգախոսը տեղին կլիներ վետերանների կամ ինչ-որ հոբելյանական տոնական հանդիպման ժամանակ, բայց ոչ այսպիսի խաղում: Բոլորը տեսան, թե ինչպես են ընկալում ռուս երկրպագուներից ոմանք «բարեկամություն» բառը. խաղադաշտի ուղղությամբ նետված երկու ճայթռուկները, խաղը հարամելու պատրաստ մի քանի լկտիների պատճառով հյուրերի տրիբունայի մոտ հավաքված իրավապահներն ու հրշեջները, ինչպես նաեւ հյուսիսիային տրիբունայի մուտքի մոտ ոստիկանների կուտակումներն ու պաշտպանիչ վահաններով կազմած պատը դրա ապացույցն են: Այդ «բարեկամություն» քարոզողները կարծում են, թե Ռուսաստանում էլ մերոնց են նման ձեւ դիմավորելու՞… Հիշեցի մեր թիմի աշնանային հանդիպումներից մեկի ժամանակ «Հ1»-ի մեկնաբանի խոսքը ռուսների` նույն օրն ընթացող խաղի մասին. «Աստված չանի, եթե Ռուսաստանի հավաքականը պարտվի…»: Պետք է մի քիչ ինքնասիրություն ու ազգային արժանապատվության գիտակցում ունենալ, ոչ ավելին…

Երրորդ. Հայաստան-Ռուսաստան հանդիպումն ու մարզադաշտում տիրող մթնոլորտը տրիբունաներում հավաքվածների եւ էկրաններից դիտողների համար լրիվ տարբեր բաներ էին: Եթե տրիբունաներն այդ 2 ժամը բառիս բուն իմաստով ապրում էին խաղով, անընդհատ ոգեւորում ֆուտբոլիստներին, երգում, պարում, ալիք անում, ապա էկրաններից գերազանցապես երեւում էին խոտածածկն ու վազող ֆուտբոլիստները: Ռեժիսորական աշխատանքը այնքան վատ էր կազմակերպված, որ չկային խաղից դուրս վիճակի կրկնություններ, հայ եւ ռուս երկրպագուների ցնծության կամ հիասթափության դրվագներ, հետաքրքիր դեմքեր կամ պահեր: Պարզվում է` խաղը սովորականի նման նկարահանում էր ոչ թե «Հ1»-ը, այլ Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը (այս մասին հայտնեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը): Հայաստանի ազգային հավաքականի խաղերի հեռարձակման մենաշնորհային իրավունքը ֆուտբոլի ֆեդերացիան դեռ 2001-ին 10 տարով վաճառել է գերմանական մի ընկերության, որն էլ նկարահանման աշխատանքները պատվիրում է տեղական կամ որեւէ այլ հեռուստաընկերության ու այնուհետ հեռարձակման իրավունքը վերավաճառում այլ ալիքների: Վրացի նկարահանողները հայերին ու ռուսներին ցույց տալու փոխարեն գտել էին տրիբունայում իրենց ազգային դրոշը թափահարող (հավանաբար, իրենց հետ եկած) մեկին ու խոշոր պլանով ցուցադրում էին վերջինիս: Այ սա արդեն հստակ քաղաքականություն էր: Հետաքրքիր է, թե ինչու էին գերմանացիները ռուսների հետ խաղում նախընտրել վրացիներին, որոնք լարված հարաբերությունների մեջ են հյուսիսային հարեւանների հետ: Վրացիների հեռարձակման մեջ, ի տարբերություն «Հ1»-ի, միակ դրականն այն էր, որ էկրանին մշտապես երեւում էին հաշիվն ու ժամանակը, լուսագրերն էլ վատը չէին, չնայած մանր էին ու միայն անգլերեն: Հուսանք, որ այս տարի գերմանացիների հետ պայմանագրի ավարտից հետո նման ամոթալի փաստի առաջ այլեւս չենք կանգնի, իսկ «Հ1»-ն էլ հեռարձակումները կկազմակերպի շատ ավելի բարձր մակարդակով, քան անում է հիմա: Մանավանդ որ դրա հնարավորությունն ունի:

Չորրորդ. Որքան էլ որ խաղից առաջ խոսվում էր աննախադեպ միջոցառումների մասին, այնուամենայնիվ, շարքային հանդիսատեսներից շատերը մի քանի տհաճ պահեր ապրեցին մինչեւ մարզադաշտ մտնելը: Մինչեւ մարզադաշտին հարակից հրապարակ հասնելը անհրաժեշտ էր հաղթահարել երեք «արգելափակոցները», որտեղ անհամբեր երկրպագուները բառիս բուն իմաստով մամլում էին իրար` վայրկյան առաջ շուտ անցնելու համար: Ոստիկանները եւ հսկիչները քաղաքացիներին հերթական արգելափակոցից ներս թողնելիս մանրամասն չէին ստուգում նրանց: Մեր աչքի առաջ երկու երիտասարդի առանց տոմսի ներս թողեցին` ասելով, թե միեւնույնն է, առանց դրա տրիբունաներ չեն կարող մտնել: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ հիմները հնչելիս մեզ մոտեցավ մի տղամարդ եւ ցույց տվեց մեր տոմսերից մեկի կրկնօրինակը իր մոտ` հյուսիսային տրիբունա, 2-րդ սեկցիա, 17-րդ կարգ, 15-րդ տեղ: Նույնիսկ երիտասարդ կարգադրիչը զարմացած թոթվեց ուսերը` չիմանալով, թե ինչ պետք է անի: Ընդմիջման ժամանակ էլ մի տղամարդ բողոքում էր, թե դրսում շատերի մոտ տոմս կա, բայց չեն թողնում ներս մտնել: Այս ամենը առնվազն տարօրինակ է ձեռնարկվող աննախադեպ միջոցառումների մասին հայտարարությունների ֆոնին:

Լուս.` ffa.am-ի  եւ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter