HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուրդական վտանգը՝ թուրքական եւ ռուսական գոտիների միջեւ

Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական շարժումների տեսանելի բաժինները ամփոփվում են հիմնական մի քանի  ուղղության վրայ:

Նախ անշուշտ` հակաիշխանական զորքերին տրամադրված զինուժն ու տնտեսուժը ուղղակի եւ անուղղակի միջոցներով: Պարզ է, որ ամերիկյան այսուհետեւ «արտոնված» եւ նվիրականացած ռազմական օժանդակությունը թուրքական տարածքներից եւ կայաններից է անցնում՝ հասնելու համար Սիրիայի հակաիշխանական ուժերին: Եթե այս օժանդակությունը որոշ քողարկումներով  կամ կիսաբացահայտ ձեւով է կատարվում, ապա թուրքական աղբյուրներ իրե՛նք  են հայտարարում տեղվույն թյուրքմենները զինելու եւ ընդհանուր շարժումին զորակցելու աշխատանքների մասին: 

Զինական եւ ֆինանսական հոսքը Թուրքիայից Սիրիա ընդգծում է Անկարայի շահագրգռվածությունը սիրիական իրադարձություններին: Այստեղ հարկ չկա կեդրոնանալու հայտարարողական մակարդակի վրա կատարվող թատերականացումներին: Նախ մերձեցում, ժողովուրդների եղբայրացման մասին պաշտոնական ելույթներ, զերո խնդիրների արտաքին քաղաքականության վարքագծի շեփորում, բազմաոլորտ պայմնագրերի կնքում եւ մուտքի արտոնագրերի ջնջում. եւ ապա՝ հազիվ դեպքերը սկսված կեցուածքների 180 աստիճան տրամագծային փոփոխություն, ցեղապաշտական եւ արյունարբու վարչակարգի բնութագրումներ, թուրքական խորհուրդները անտեսած ըլլալու հիշեցումներ, սպառնալիքներ եւ մասամբ նորին:

Սիրիայի թուրքմենները զինելու բացահայտ դիրքորոշումը ուղղակի հակակշիռ քայլ է եւ կապվում է քրտական գործոնին նկատմամբ Անկարայի ունեցած գլխավոր մտավախության: Անվտանգության գոտիի ստեղծումը, Սիրիա-Թուրքիա սահմանային շրջանների երկայնքին թուրքական զորքերի կուտակումներն ու ցուցադրական զորավարժությունները եւս սերտորեն կապվում են Թուրքիայի թիվ մեկ խնդրին` քրտական թղթածրարին հետ: Թուրքիայի արտգործ նախարարին փութալը հյուսիսային Իրաքի քուրդական ինքնավար շրջան եւ տեսակցությունը նախագահ Պարզանիի հետ գլխավոր այդ մտավախությունից է բխում։ Մինչ, միջազգային մամուլի էջերին տարբեր դիտանկյուններից վերլուծվում է «քուրդական գարուն»-ի գալուստը, որ ի տարբերություն արաբական գարնանային եղանակներին իշխանափոխություններից ավելի նոր քուրդիստանի սահմանագծումին է վերաբերվում: Իսկ նոր Քուրդիստանը ամենից շատ կմտահոգի ապահովական գոտիների ձեւավորման ձեռնարկած Անկարայի վարիչներին:

Նայենք համապատկերին: Թուրքական տարածքներից Սիրիա են թափանցում ամերիկյան ծառայությունները իրենց ռազմարհեստագիտական սարքերով: Սիրիայի ծովափը տողանցում է ռուսական նավատորմը, որ հաջորդաբար կհամալրվի նոր ուժերով: Ծովեզերյա  Սիրիայի նկատմամբ կիրառվող ռուսական այս հոգատարությունն ու պաշտպանվածությունը թուրքական գոտիին դիմաց  ռուսական գոտի է ենթադրում։

Ռուս-ամերիկյան անուղղակի ընդհարումները նախանշում  գոտիների ձեւավորման հետեւելիք նոր սահմաններ: Նոր սահմանագծումներ առաջադրող աշխարհաքաղաքական այս վարքագիծը ներկա Սիրիայի սահմաններուն վերագծման չի վերաբերվում միայն: Տարածաշրջանային մակարդակ ու տարողություն ունի այն եւ հառաջիկա հանգրվանին կարող է ներառել Թուրքիան: Ճիշդ այստեղ է, որ կբազմապատկվի քուրտական գործոնին նշանակությունը: Հյուսիսային Իրաքի ինքնավար տարածքը մեկ մասնիկն է քուրտերի առաջադրած տարածքներին: Սիրիական տարածքից ավելի ներկա Թուրքիայի սահմաններում ապրող քուրտերի ինքնորոշման վտանգն է, որ սարսափի մատնած է անվտանգության գոտիներ որոնող Անկարային: Սիրիական դեպքերից պաշտպանվելուց առաջ համաքրդական միավորումի գործընթացները խոչընդոտելու են միտվում այդ գոտիների ստեղծման փորձերը, զորքերի կուտակումները, զորավարժությունների ցուցադրությունները:

Անվտանգության գոտի ստեղծել է ուզում վտանգվածը: Իրոք, Թուրքիան վտանգված է: Թվում է, թե մոտ է գարունը: Քուրդական գարունը:

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter