Մեդալի հույսով
Երեկ ուշ երեկոյան Հայաստանի ծանրամարտիկներից առաջին քիչ թե շատ դրական արդյունքը ցույց տվեց 94 կգ քաշային ծանրորդ Նորայր Վարդանյանը: Պոկելով 170 եւ հրելով 210 կգ (երկամարտում՝ 380 կգ)՝ հայ ծանրորդը բավարարվեց 11-րդ տեղով: Նկատենք, որ նա իրացրեց միայն իր առաջին փորձերը՝ ձախողելով 4-ը: Նորայրն ավելի ցածր դիրք գրավեց, քան B խմբի երկու լավագույն մարզիկները, սակայն Յուրի Վարդանյանի որդին դարձավ առաջին հայ ծանրորդը, որ խուսափեց 0-ից:
Իսկ չեմպիոն դարձավ Ղազախստանի հպատակ, ազգությամբ ռուս Իլյա Իլյինը, որը երկրորդ անգամ նվաճեց օլիմպիական ոսկին: Ավելին՝ գերազանց մարզավիճակում գտնվող Իլյինը աշխարհի ռեկորդ սահմանեց հրում ձեւում՝ 233 կգ, եւ երկամարտում՝ 418 կգ: 409 կգ արդյունքով երկրորդը ռուս Ալեքսանդր Իվանովն էր, իսկ երրորդը՝ մոլդովացի Անատոլի Կիրիկուն՝ 407 կգ: Վերջինս գրամներով թեթեւ էր մեկ այլ ռուսից՝ Անդրեյ Դեմանովից, ինչի շնորհիվ նույն արդյունքի դեպքում տիրացավ բրոնզին:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 18:30-ին, հարթակ դուրս կգա մեր ծանրորդներից վերջինը՝ գերծանրքաշային Հռիփսիմե Խուրշուդյանը: Նրա գլխավոր մրցակիցներն են չինուհի Լուլու Ժոուն եւ ռուս Տատյանա Կաշիրինան:
Այս պահին որակավորման է մասնակցում 50 մ ատրճանակի հրաձգությունում մեր ներկայացուցիչ Նորայր Բախտամյանը, իսկ ժամը 17:03-ին 74 կգ հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում կմրցի ղրղըզ Դանիյար Կոբոնովի հետ:
Այսօրվա մեր 3 պատվիրակներից էլ մեդալի հույսեր կան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել