88-կիլոգրամանոց Հռիփսիմեն 3-րդն է հսկաների մենամարտում. Հայաստանի առաջին մեդալը
Քասախցի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը 30-րդ օլիմպիական խաղերում նվաճեց Հայաստանի առաջին մեդալը՝ բրոնզի տեսքով: Միանգամից ասենք, որ մեր ծանրորդուհին գերծանր կանանց պայքարում ամենաթեթեւներից էր, այնինչ նրա հիմնական մրցակցիները 100 կգ-ից ավել էին կշռում: +75 քաշային կարգում սա, իհարկե, նորմալ երեւույթ է, 75-ից բարձր ցանկացած քաշ թույլատրվում է մարզիկներին, սակայն Խուրշուդյանը, 88 կգ լինելով, գերազանցեց բոլորին՝ բացի ռուս Կաշիրինայից եւ չինացի Ժոուից, որոնք իրար հետեւից ռեկորդներ էին սահմանում:
Պոկում ձեւում Խուրշուդյանը ցույց տվեց 128 կգ արդյունք եւ չորրորդն էր: Այս ձեւում առաջին տեղ զբաղեցրեց ռուս Տատյանա Կաշիրինան, որը աշխարհի ռեկորդ սահմանեց՝ 151 կգ: Հրում ձեւում Հռիփսիմեն բարձրացրեց 166 կգ, որը երրորդն էր թե ձեւում, թե երկամարտում, նրա հիմնական մրցակից նիգերիացի Մարիամ Ուսմանը այդ վարժությունում 0 ստացավ, իսկ նախորդ խաղերի օլիմպիական չեմպիոն հարավկորեացի Ջանգը ձախողեց վերջին փորձը, բավարարվեց 164 կգ-ով: Իր հերթին Ժոուն օլիմպիական ռեկորդ սահմանեց, հրելով 187 կգ, եւ երկամարտում թարմացրեց համաշխարհային ռեկորդը՝ 333 կգ: Տատյանա Կաշիրինան 332 կգ-ով երկրորդն էր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 294 կգ-ով երրորդը: Չորրորդ տեղը զբաղեցրած Ջանգը ցույց տվեց 289 կգ արդյունք:
Հռիփսիմեն մեր առաջին կին ծանրորդն է, որ օլիմպիական մեդալ նվաճեց, ավելին՝ նա առաջին կին մարզիկն է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մեդալ է նվաճել: Եվ բացի այդ՝ նա Հայաստանի 3-րդ կին մարզիկն է, որ պատմության մեջ բարձրացել է օլիմպիական հարթակին: 1972-ին մյունխենյան խաղերում սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը դարձավ օլիմպիական չեմպիոն, իսկ 1980-ին մոսկովյան օլիմպիադայում Սիրվարդ Էմիրզյանը երկրորդն էր ջրացատկում: Մի խոսքով՝ Հռիփսիմեն պատմություն կերտեց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել