Բախտը չժպտաց Յուրի Պատրիկեեւին. նա հանդիպելու է իր հին ծանոթ Հասան Բարոեւին
Կարելի է ասել, որ բախտը չի ժպտացել հունահռոմեական ոճի գերծանրքաշային (120 կգ) Յուրի Պատրիկեեւին: Վաղը կայանալիք մրցաշարում մեր մարզիկը որակավորման փուլում մրցելու է իր վաղեմի հակառակորդ, նախկին թիմակից, ռուսաստանցի Հասան Բարոեւին, այնինչ շատ ավելի թույլ մարզիկներ ազատված են որակավորման փուլից:
Սա, իհարկե, չի նշանակում, թե Պատրիկեեւը, շանսեր չունեն: Ընդհակառակը, նա նաեւ հաղթել է Բարոեւին, պարզապես Հասանը անհարմար մրցակից է մեր ըմբիշի համար: Ինչեւէ, սպասենք վաղը՝ Երեւանի ժամանակով 16:00-ին կայանալիք մենամարտին: Պատրիկեեւին դժվար մարտ է սպասվում:
Պատրիկեեւը Եվրոպայի քառակի չեմպիոն է (2-ական Ռուսաստանի եւ Հայաստանի դրոշի տակ), աշխարհի արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր, պեկինյան խաղերի երրորդ մրցանակակիր: 2004-ի աթենքյան խաղերից առաջ Յուրին պարտվեց Հասանին, ու ՌԴ թիմում ընդգրկվեց հենց Հասանը: Պատրիկեեւը համաձայն չէր այս որոշման հետ, քանի որ Բարոեւը երկար ժամանակ ազատված էր հավաքներից ու կարող էր նպատակամղված մարզվել հենց այդ մրցամարտի համար: Այս հողի վրա նա վիճեց հավաքականի մարզչի հետ ու 2005-ին տեղափոխվեց Հայաստան: Բարոեւն իր հերթին Աթենքի խաղերի չեմպիոն է, պեկինյան խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն, բազմակի մրցանակակիր:
Լուս.՝ sport.news.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել