HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել են Օձունի տաճարի վերականգնման աշխատանքները

Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը: Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայոց առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և  «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև: Վերականգնումը կատարում  է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող:

Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը:

Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼևԳուկի» փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ և բանվորական ուժ կներգրավվեն Օձունի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների և ճարտարագետների:

«Մինչև տարեվերջ նախատեսում ենք վերականգնել երկկամար կոթող-հուշարձանը և անցնել եկեղեցու գմբեթին», - տեղեկացրեց  «ԼևԳուկ» ՓԲԸ  գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը: Ըստ նրան` բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է վերականգնումն ավարտել 18 աշխատանքային ամիսների ընթացքում`տարեկան վեց ամիս, երբ շրջակա օդի ջերմաստիճանը կգերազանցի 8 աստիճանը: Լ.Ղուկասյանն ընդգծեց, որ Օձունի վանքի վերականգնումը կընթանա խստագույնս համապատասխան նախագծի,  որը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի  և Հայ  առաքելական եկեղեցու հավանությանը, այնուհետև  հաստատվել  մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:

Վերականգնող կազմակերպությունն այս տարի կարող էր հասցնել ավելին, եթե չլինեին                 շինարարկան թույլտվության  ձևակերպումների  հետ կապված վարչարարական քաշքշուկները, որոնց պատճառով վերականգնման աշխատանքների համար արդյունավետ  հունիս և հուլիս  ամիսները կորստյան մատնվեցին:

Աշխատանքների հեղինակային հսկողությունն  իրականացնում է  «Սերվետ» ՍՊԸ-ն` նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյանի գլխավորությամբ, իսկ տեխնիկական վերահսկողությունը` «Շինսերտիֆիկատ» ընկերությունը:

Հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը պետության, Հայ  առաքելական եկեղեցու և մասնավոր ձեռներեցության համագործակցության առաջին նախադեպն է: 

Տեղեկանք. «ԼևԳուկ» ՓԲԸ 1999 թվականից իրականացրել է հետևյալ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները` Մարմաշենի Կաթողիկե, Աշտարակի Կարմրավոր, Օշականի 40 Մանկանց Սուրբ Սիոն, ՈՒշիի Սուրբ Սարգիս, Կոշի Սուրբ Ստեփանոս, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես, Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter