HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լավ առիթ` թերությունները շտկելու համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երեկվա ընկերական խաղը Վրաստանի թիմի հետ, որում մեր ընտրանին պարտվեց 1:2 հաշվով, մտորումների տեղիք տվեց: Բնականաբար, սա հույժ կարեւոր փորձամրցում էր մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ: Կարեւոր էր նաեւ, որ մեր թիմը մրցեց Վրաստանի հավաքականի հետ, որը, անկախ իր միջազգային վարկանիշից, միշտ էլ միջին կարգի ամուր թիմ է եղել: Խաղը լավ առիթ էր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար` պարզելու հավաքականում առկա թերություններն ու մինչեւ մարտի 26-ը վերացնելու դրանք:

Խաղը եւ հատկապես առաջին խաղակեսը ընդգծեց պաշտպանության բացերը: Վրացիները երկու գոլն էլ խփեցին դարպասապահի ու պաշտպանների սխալների արդյունքում: Առաջինի դեպքում տուգանայինի կենտրոնական հատվածում երկու պաշտպանների թիկունքից Իաշվիլին անարգել նետվեց դեպի Կասպարովը, որը զարմալիորեն ավելի ուշ հասավ գնդակին, քան հակառակորդը: Ընդգծենք նաեւ, որ լայնակի փոխանցումը դեպի Իաշվիլին կատարվեց մեր պաշտպանության ձախ եզրից: Երկրորդ գոլի դեպքում նույնպես մեր խաղացողները թերացան, երբ փոքրամարմին Անանիձեն, ընկնելով հանդերձ, կարողացավ ճակատային գծից գնդակը հետ ուղարկել, որին հաջորդեց վտանգավոր հարվածը: Շփոթված Կասպարովին օգնության հասավ Մկոյանը, սակայն դարպասի գծի մոտից նա գնդակը հեռացրեց ուղիղ իր դիմաց` «նվեր» մատուցելով Սիրաձեին, ով օգտվեց առիթից: Ահա այսպես. չնայած մեր թիմը ոչ պակաս ակտիվ էր առաջին կեսում, բայց մեծ էր փոխանցումների խոտանը, համակցվածությունը, տղաները կարծես  մի տեսակ նիրհի մեջ էին: Իսկ վրացիների օգտակար գործողության գործակիցը բարձր էր. նրանք օգտագործեցին իրենց պահերը եւ երկրորդ կեսում առանձնապես քրտինք թափելու խնդիր չէին տեսնում:

Երկրորդ կեսում Մինասյանի սաներն ակտիվացան, ու դա տվեց իր արդյունքը. Մխիթարյանն արեց իր գործը` վաստակելով 11 մ-ոց, որն էլ անվրեպ իրացրեց Էդգար Մանուչարյանը: Ի դեպ, սա Էդգարի 6-րդ գոլն էր ազգային թիմում: Այս ցուցանիշով նա զիջում է միայն 7 գոլ խփած Արա Հակոբյանին եւ գլխավոր ռմբարկու Արթուր Պետրոսյանին (11 գոլ): Սակայն երկրորդ կեսում էլ մեր թիմի բացթողումներից հիշատակվեց Կասպարովի չափից շատ ինքնավստահ խաղը, որը քիչ մնաց չար կատակ խաղար ամբողջ թիմի համար: Խաղի 1:2 վերջնահաշիվը գուցեեւ չի արտացոլում ողջ իրականությունը, սակայն փաստը մնում է փաստ: Միանշանակ անտրամաբանական է այն մոտեցումը, թե ընկերական խաղերում կարեւորը ոչ թե հաշիվն է, այլ խաղացողների որակների ստուգումը: Չմոռանանք, որ հենց այսպիսի հաշիվներն են ազդում հավաքականների վարկանիշների վրա, որոնք էլ արտացոլվում են աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ընտրական խմբերի կազմման գործընթացում: Եվ այսպես` Հայաստանը պարտությամբ սկսեց մրցաշրջան-2011-ը ու 3-րդ պարտությունը կրեց Վրաստանի հետ խաղերում (փոխարենն ունենալով 1-ական հաղթանակ եւ ոչ-ոքի):

Կարելի է պատճառաբանել, որ մեր հավաքականից բացակայում էին առանցքային խաղացողներ Ռոման Բերեզովսկին, Յուրա Մովսիսյանը, Կառլեն Մկրտչյանն ու Ռոբերտ Արզումանյանը, ինչն, անշուշտ, իր ազդեցությունն ունեցավ խաղի վրա: Մյուս կողմից` մեր ընտրանու կազմում խաղում էին հիմնականում ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ, որոնք առայժմ նախապատրաստվում են նոր մրցաշրջանին, իսկ վրացիները ոչ միայն առավելապես արտասահմանում են խաղում, այլեւ իրենց ներքին առաջնությունն են անցկացնում աշուն-գարուն մրցակարգով, ինչի շնորհիվ նաեւ տեղացի մարզիկներն են պահպանել իրենց գործնական որակները:

Այդուհանդերձ, չի կարելի ամեն ինչ բարդել վերոնշյալ հանգամանքների վրա ու ասել, թե այլ պարագայում մերոնք հաստատ կհաղթեին: Մակեդոնիայի, Սլովակիայի ու Անդորրայի  դեմ հաջող խաղերից հետո չեն դադարում քննարկումները Հայաստան-Ռուսաստան խաղի շուրջ: Բայց բանը հասել է նրան, որ շատերը կամա թե ակամա շիկացնում են հոգեբանական  մթնոլորտը: Ոմանք ասում են, թե ոչ-ոքին Ռուսաստանի հետ հավասար կլինի պարտության: Առնվազն տարօրինակ է. 2-3 խաղ լավ անցկացրած թիմից արդեն պահանջում են հաղթել Ռուսաստանի նման հզոր հավաքականի: Պահանջելու մեջ վատ բան չկա, դա բնական է, բայց ամեն ինչին էլ չափ կա: Ուրեմն եթե Հայաստան-Ռուսաստան խաղը ոչ-ոքի ավարտվի, պիտի քարկոծե՞նք թիմին… Հայտնի խոսք կա` քչից սկսիր, որ շատին հասնես: 2-3 լավ խաղը դեռ կայունության հիմնարար երաշխիք չէ. եթե մերոնք ընտրական խմբում գրավեն 3-րդ տեղը, դա էլ վատ արդյունք չի լինի. հենց նման թեկուզեւ ոչ մեծ, բայց հաստատ քայլերով պետք է առաջ գնալ, ոչ թե շեփորահարել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու մասին: Այդ մակարդակին դեռ հասնել է պետք:

Հ.Գ. Հայաստանի մրցակիցներից Ռուսաստանը երեկ 0:1 հաշվով զիջել է Իրանին, Անդորրան` Մոլդովային (1:2), Մակեդոնիան` Կամերունին (0:1), Սլովակիան` Լյուքսեմբուրգին (1:2):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter