HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի խոշորագույն հաշվով հաղթանակը

Երեկ ֆուտբոլի մեր ազգային հավաքականը տարավ իր պատմության մեջ խոշորագույն հաշվով հաղթանակը` 4:0 հաշվով հաղթելով անդորրացիներին, որոնք մերոնց համար միշտ էլ հարմար մրցակից են եղել: Նախկինում 3:0 հաշվով մեր թիմը երկու անգամ հյուրընկալվելիս հաղթել էր հենց Ադորրային, իսկ մեկ անգամ Երեւանում` ալբանացիներին:

Ընդհանրապես, երեկվա խաղը արժանահիշատակ է մի քանի առումներով: Նախ` ինչպես նշվեց, սա մեր խոշորագույն հաշվով հաղթանակն էր: Երկրորդ` խփվեց մեր թիմի 100-րդ գոլը: Դրա հեղինակը Գեւորգ Ղազարյանն էր, որն արդեն 3 գոլ է խփել ազգային թիմում: Կարելի է ասել` Ղազարյանի հետ առողջ մրցակցության մեջ է Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս իր 4 գոլերից 3-ը խփել է այն խաղերում (Հայաստան-Էստոնիա, Հայաստան-Սլովակիա, Հայաստան-Անդորրա), որոնցում աչքի է ընկել նաեւ Ղազարյանը: Երրորդ` մեր թիմը ընտրական փուլերի մեկնարկում առաջին անգամ նման արդյունք ցույց տվեց. 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն եւ վաստակած 7 միավոր: 4 տուրից հետո հայկական ընտրանին «Եվրո-2012»-ի ընտրական B խմբում 3-րդն է:

Նույն խմբի թիմերից Ռուսաստանը նվազագույն հաշվով դրսում հաղթեց Մակեդոնիային, իսկ սլովակները տանը 1:1 խաղացին իռլանդացիների հետ: Այժմ 9 միավորով առաջատարը Ռուսաստանն է, Իռլանդիան, Հայաստանը եւ Սլովակիան ունեն 7-ական, Մակեդոնիան` 4 միավոր: Անդորրան միավոր չի վաստակել: Մենք 3-րդն ենք զուտ այն պատճառով, որ պարտվել են իռլանդացիներին, իսկ սլովակները պարտվել են մեզ:

Կրկին անդրադառնալով երեկվա խաղի առանձնահատկությանը` ասենք, որ դրա շնորհիվ այժմ մենք խմբում լավագույն ցուցանիշն ունենք խփած եւ բաց թողած գոլերի առումով` 9-4: Ընտրական խմբերում աշնանային շրջանից հետո մեր թիմն այս ցուցանիշով առաջատար երբեւէ չի եղել: Սա մեր թիմի արագ, կոմբինացիոն, գրագետ ու հարձակողական խաղի արդյունքն է, ինչին հայ երկրպագուները շատ են սպասել:

Երեկվա խաղը յուրահատուկ էր նաեւ իր բազում գոլային պահերով: Հենց առաջին րոպեներից մեր թիմը նետվեց առաջ` լավ հասկանալով, որ արագ գոլը կստիպի անդորրացիներին չամրանալ սեփական կիսադաշտում: Դժվար է մեկ առ մեկ թվարկել գոլային իրական այն պահերը, որ ստեղծեց մեր թիմը. դրանք անչափ շատ էին` հորիզոնական դարպասաձողից հետ մղված գնդակից ու առաջին գոլից մինչեւ երկրորդ խաղակեսում մեր թիմի ճեղքումները: Մխիթարյանը հավաքականում իր խփած 4-րդ գոլով ընդհուպ մոտեցավ թիմի գործող լավագույն ռմբարկուին` Մանուչարյանին, ում ակտիվում 5 գոլ կա: 4 գոլ է խփել նաեւ Ռոբերտ Արզումանյանը, 3-ական` Ղազարյանը եւ Մովսիսյանը: Վերջինս իր գերակտիվ խաղով հիացնում է. Ազգային թիմում անցկացրած ընդամենը 5 խաղում` արդեն 3 գոլ: Յուրա Մովիսյանը դեռ շատ դարպասապահների տրամադրություն է փչացնելու:

Երեկվա խաղի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ մեր թիմը բարձր նոտայով ավարտեց «Եվրո-2012»-ի ընտրական փուլի` 2010-ին նախատեսված շրջանը: Եվ ընդհանրապես այս տարի Վարդան Մինասյանի սաները տարել են 3 հաղթանակ (Հայաստան-Ուզբեկստան` 3:1, Հայաստան-Սլովակիա` 3:1, Հայաստան-Անդորրա` 4:0), 1 ոչ-ոքի խաղացել (Մակեդոնիա-Հայաստան` 2:2), 3 պարտություն կրել (Բելառուս-Հայաստան` 3:1, Հայաստան-Իրան` 1:3, Հայաստան-Իռլանդիա` 0:1): Փաստ է, որ մրցաշրջան-2010-ը խաղային ու ցուցանիշների առումով լավագույնն էր մեր թիմի համար, չնայած որ այն դեռ չի կարելի ավարտված համարել:

Իր գալիք պաշտոնական հանդիպումը ազգային ընտրանին կանցկացնի արդեն 2011-ի մարտի 26-ին` Երեւանում ընդունելով խմբի առաջատար ռուսներին:

Լուս.` Ավետիս Ղազանչյանի (uefa.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter