HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեւանյան «սառը ցնցուղ»` սլովակների համար

Չնայած Հայաստան-Սլովակիա ֆուտբոլային հանդիպումը սկսվեց անձրեւի ուղեկցությամբ, ինչը, թվում էր, խոչընդոտելու էր առավելապես շոգ եղանակին սովոր մեր թիմի խաղին, պարզվեց, որ այդ օրը ոչ թե անձրեւից, այլ մերոնց խաղից «սառը ցնցուղի» տակ պիտի հայտնվեին հյուրերը: Վերջիններս խաղից առաջ հայտարարել էին, որ չնայած գիտեն Հայաստանի հավաքականի ուժեղ կողմերը, բայց այստեղ են եկել 3 միավորի հետեւից:

Խաղասկզբում ավելի շատ ակտիվ էին մեր ֆուտբոլիստները: Հիշվեց հատկապես Մարկոսի հարվածը, որը փոքր-ինչ շեղ էր: Մի լավ հնարավորություն էլ ունեցան հյուրերը, բայց գլխով կատարած հարվածից հետո գնդակը հորիզոնական դարպասաձողից վերեւով ընթացավ: Նկատելի էր խաղից առաջ գլխավոր մարզիչ Մինասյանի ասածը, ըստ որի` մեր թիմի խաղաոճը նման է «Բարսելոնի» ու «Արսենալի» ոճին, ասել է թե` մերոնք խաղում են գետնամերձ կարճ ու միջին արագ փոխանցումներով: Այս ոճը մեր հավաքականի դեպքում (բարձրահասակ խաղացողների պակասը, տեխնիկական եւ արագ ու կոմբինացիոն, այլ ոչ թե ֆիզիկական պայքարի վրա հիմնված խաղը) լիովին արդարացված է: Այն նկատելի էր ընտրական փուլի Հայաստան-Իռլանդիա առաջին խաղից ու աստիճանաբար յուրացվում, կատարելագործվում է հավաքականի անդամների կողմից:

Առաջին գոլը ծնվեց 23-րդ րոպեին, երբ Մովսիսյանը շատ լավ փոխանցում ստացավ Մարկոսից: Այդ պահը շատ նման էր Մակեդոնիա-Հայաստան խաղում Մանուչարյանի անցմանը, որն ավարտվեց գոլով: Արագավազ Յուրա Մովսիսյանը ոչ մի հնարավորություն չթողեց պաշտպանին, իսկ դարպասապահ Մուխային, ֆուտբոլային լեզվով ասած, ծաղրեց` գնդակը ոտքերի արանքով անցկացնելով դարպասը` 1:0: Մովսիսյանը 3 պաշտոնական խաղում արդեն 2 գոլ է խփել. դժվար է հիշել մեր թիմում հանդես եկած նման ագրեսիվ ու մեծ պոտենցիալ ունեցող խաղացողի:

Այս գոլը ոգեւորեց մերոնց: Րոպեներ անց Մխիթարյանի տուգնային հուժկու հարվածը հազիվ շեղեց Մուխան: Սլովակների խնդիրը մինչեւ ընդմիջում գոլ խփելն էր, քանի որ հետո ավելի դժվար էր լինելու: Դա նրանց հաջողվեց: 37-րդ րոպեին մեր պաշտպանները «հորանջեցին», ու Վլադիմիր Վայսի անվանակից որդին, ազատվելով նրանցից, ուժեղ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Դրանից հետո խաղը հավասարվեց, հյուրերը ձգտում էին զարգացնել հաջողությունը, բայց մերոնք ուշադիր էին:

Ընդմիջումից հետո Պաչաջյանին փոխարինեց Մանուչարյանը: 50-րդ րոպեին հենց նրա` ձախ եզրից կատարած պտտվող, բարդ հարվածից հետո Մուխան դժվարությամբ շեղեց գնդակի ուղղությունը, բայց Գեւորգ Ղազարյանը տրամաբանական ավարտին հասցրեց գրոհը` 2:1: Ընդ որում` հյուրերի պաշտպաններից կրկին անհաջող գործեց Շկրտելը:

Այս գոլից հետո մերոնք սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել պաշտպանությանը` չմոռանալով հակագրոհների մասին: Սլովակները երկրորդ կեսում միայն մեկ անգամ իրապես անհանգստացրին Բերեզովսկուն, բայց վերջինս ցույց տվեց իր վարպետությունը: Իսկ Մովսիսյանի տուգանային հարվածից հետո, երբ Մուխան հետ մղեց գնդակը, վրա հասած Մանուչարյանը գլխով բարձր հարվածեց, չնայած, թերեւս, կարող էր կասեցնել գնդակը, նոր հարվածել: Երկրորդ կեսում հիշվեց նաեւ Մխիթարյանի անցումը, որը Մովսիսյանի հետ մեն-մենակ մնաց Մուխայի դեմ, բայց վերջին պահին, երբ Յուրան այլեւս խաղից դուրս չէր, նրան փոխանցում չկատարեց, այլ ինքը հարվածեց: Դարպասապահը նրա ուղղությամբ հետ մղեց գնդակը, բայց Մխիթարյանի հարվածին խոչընդոտեցին պաշտպանները: Այստեղ, ըստ էության, Մխիթարյանը ժլատություն արեց, բայց ահա 89-րդ րոպեին հետ բերեց կորցրածը: Ղազարյանի գրագետ փոխանցումից հետո Հենրիխը գնդակն ուղարկեց սլովակների դարպասի ստորին անկյունը. Մուխայի ցատկը չփրկեց հյուրերին:

Սա իսկական շոկ էր սլովակների համար, որոնք B խմբի առաջատարներից էին, հաղթել էին մակեդոնացիներին ու ռուսներին եւ գրեթե չէին կասկածում իրենց հաղթանակին: Հայաստանի ընտրանու մարզչական կազմի մարտավարությունն ու թիմի խաղը ստիպեցին սլովակներին խոստովանել, որ այդ օրը մեր թիմն իրենցից ուժեղ էր ու արժանիորեն հաղթեց:

Մեր խմբի մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները` Իռլանդիա-Ռուսաստան` 2:3, Անդորրա-Մակեդոնիա` 0:2: 3 տուրից հետո 6-ական միավոր ունեն Սլովակիան, Ռուսաստանը, Իռլանդիան, 4-ական` Հայաստանն ու Մակեդոնիան, Անդորրան միավոր չի վաստակել: Ամսի 12-ին տեղի կունենան Հայաստան-Անդորրա, Սլովակիա-Իռլանդիա, Մակեդոնիա-Ռուսաստան խաղերը: Մեր թիմը շատ լավ հնարավորություն ունի` հերթական 3 միավորը վաստակելու համար:

Հ.Գ. Խաղից առաջ, երբ Սլովակիայի հիմնից հետո պիտի հնչեր մեր հիմնը, «Հանրապետական» մարզադաշտում մի պահ ինչ-որ դիսկոտեկային երաժշտություն միացավ, ինչը առաջացրեց ֆուտբոլասերների զայրույթը: Նման անփութությունները պիտի ՀՖՖ-ի կողմից ուշադրության արժանան, ու մարզադաշտի տնօրինությունը պիտի պատասխանատվություն կրի թեկուզեւ անզգուշությամբ երկրի խորհրդանիշն աղավաղելու պատճառով: Երկրորդ. երբ խաղը հեռարձակող Առաջին ալիքի էկրանին հայտնվեց երկրների դրոշներով ազդագիրը, երեւաց, որ մեր եռագույնի փոխարեն Հայաստան բառի կողքին դրված է «Միկա» թիմի նշանը: Իռլանդիա-Հայաստան խաղի հեռարձակման ժամանակ էկրանին երեւում էր խաղի հաշիվն ու ժամանակը, բայց այս անգամ Հանրայինը կրկին վերադարձել էր հին տարբերակին: Նման միջոցներ ունեցող հեռուստատեսության համար այդ մանրուքի (էական մանրուքի) ապահովումը չպետք է որ դժվարություններ առաջացնի: Եվ երրորդ. խաղի ընթացքում Հանրայինի մեկնաբանը, խոսելով մեր թիմի մրցակիցներից ռուսների հնարավորությունների մասին, արեց հետեւյալ արտահայտությունը. «Աստված մի արասցե, եթե Ռուսաստանի հավաքականը պարտվի…»: Հետաքրքիր է` ռուսները նույնպե՞ս այդչափ մտահոգվում են մեզ համար: Ժամանակը չէ՞, որ մենք միայն մեր ու մեր ոչ քիչ խնդիրների մասին մտածենք…

Լուս.` uefa.com (Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter