HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պետական աջակցությունից զուրկ ֆուտբոլ

1 միավոր 6 հնարավորից: Սա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի արդյունքն է «Եվրո-2012»-ի առաջին երկու խաղերում: Առաջին հայացքից` դա կարող է բավարար արդյունք համարվել` հաշվի առնելով, որ մրցակիցները` Իռլանդիան ու Մակեդոնիան, վարկանիշով բարձր են Հայաստանի ընտրանուց: Սակայն այդ հանդիպումներում հավաքականի ցույց տված խաղը հակառակի մասին է խոսում: Իռլանդացիների հետ երեւանյան ու մակեդոնացիների հետ արտագնա մրցավեճերում հայ ֆուտբոլիստները պետք է որ 3-4 միավոր հավաքեին:

Եթե երեւանյան խաղում առաջին հերթին բրիտանացիների վարպետության ու լավ խաղի պատճառով մերոնք չկարողացան թեկուզ ոչ-ոքի անել եւ 1 միավոր վաստակել, ապա բալկանցիների հետ խաղում Վարդան Մինասյանի սաները իրենք իրենց սխալների պատճառով զրկվեցին հաղթանակից ու 3 միավորից` բավարարվելով ոչ-ոքիով: Չիրացված գրեթե 100 տոկոսանոց գոլային պահերն ու վերջին վայրկյաններին Առաքելյանի անիմաստ ձեռքով խաղը տուգանային հրապարակում թանկ նստեցին թիմի վրա, մյուս կողմից` ջրի երես հանելով կոլեկտիվում առկա հին ու առաջին հերթին` նոր խնդիրները:

Մինասյանին «Եվրո-2012»-ի մեկնարկից առաջ, ըստ էության, հաջողվել է լուծել թիմում եղած որոշ խնդիրներ` առավելապես կարգապահական ու հոգեբանական: Բայց բացեր, այնուամենայնիվ, կան: Դրանք երեւացին հատկապես Մակեդոնիա-Հայաստան խաղում: Նախեւառաջ` դեռեւս բարձր մակարդակի չէ թիմային արագությունը, որը բարձրակարգ հավաքականների հետ խաղերում հաջողության վճռորոշ գործոններից է: Որոշ ֆուտբոլիստներ էլ իրենց ներկա խաղամակարդակով չեն համապատասխանում հավաքականի չափանիշներին: Մյուս կողմից, սակայն, ունենք այն, ինչ ունենք: Ակնհայտ է, որ Մինասյանը նոր թիմ է կառուցում` շեշտը դնելով երիտասարդների վրա, որոնք դեռ աճելու շատ տեղ ունեն:

Բայց այստեղ առաջ է գալիս մի հարց, որն ամենագլխավորն է այսօրվա հայկական ֆուտբոլում: Աճելու տեղ ունեցող այդ երիտասարդները գերազանցապես խաղում են Հայաստանի առաջնությունում: Բայց մեր ներքին առաջնությունում շնորհալի պատանիներն ու երիտասարդները հասնում են մի կետի, որից այն կողմ սովորելու, աճելու տեղ չունեն: Առաջնության ցածր մակարդակը, անհրաժեշտ մրցակցության բացակայությունը այլեւս ստիպում են կամ տեղափոխվել արտերկիր, կամ մնալ Հայաստանում ու դոփել տեղում, ավելին` նման կերպ կորցնել նախկին խաղամակարդակը:

Իսկ ներքին առաջնությունը ցածր մակարդակի կլինի այնքան ժամանակ, մինչեւ հայկական ֆուտբոլում պետությունն ու առանձին մեծահարուստները, գործարարները գումարներ չներդնեն, նոր թիմեր ու մարզական ենթակառուցվածքներ չհիմնեն (կամ հիմնանորոգեն եղած հները): Եթե անհատները, սեփական նախասիրություններից ու հետաքրքրություններից դրդված կամ այլ նպատակներով, ինչ-որ բան անում են այս ոլորտում, ապա պետության քայլերը (պետության կողմից մշակված քաղաքականություն, պետական անմիջական աջակցություն մարզաձեւին, ֆուտբոլային ենթակառուցվածքների (առաջին հերթին` մարզերում գտնվող)` դպրոցների, մարզադաշտերի եւն, վերակենդանացում) ուղղակի բացակայում են: Կառավարությունը 2010-ի պետբյուջեում թեկուզ ինչ-որ խորհրդանշական գումար չի հատկացրել ամենամասսայական այս մարզաձեւին` փոխարենը զարմանալիորեն տարբեր չափի միլիոններ բաժանելով, ասենք, ռեգբիին, կանոեին, գեղալողին, ուշուին ու էլի մի քանի այնպիսի մարզեւերի, որոնք չեն կարող «ոտք գցել» ֆուտբոլի հետ: Կառավարությունում երեւի մտածել են, որ պետք է սատարել «փոքրերին», իսկ ֆուտբոլը առանձին անհատների հաշվին կարող է յոլա գնալ: Այսքանից հետո հետաքրքիր է, թե, ազգային հավաքականի խաղերն «իր ներկայությամբ պատվելով», հայկական ֆուտբոլի դիմագիծը ներկայացնող թիմից ինչ է ակնկալում նախագահ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter