HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյան

Թթու խնձորներ

Փողոց: Մեկական պայուսակ ձեռներին` այդքան ճանապարհը ոտքով են վերադարձել, երկուսն էլ հոգնած են: Երկար, անընդհատ օրվա արևը մայր մտնելուց հետոյի ժամանակն է` ոչ լույս, ոչ մութ: Միատարր, միապաղաղ երանգով, լուսնային կապտաճերմակ գույնով: Պաղ կապույտ: Ձայն` սկսվում է մոծակի բզզոցի տոնայնությունից: Միալար ձայն` ամեն տեղ կա: Աճում է, չպարզված գվվոց է դառնում հողի մեջ, օդի, տարածության... դեռևս չհստակեցված, շատ հեռու քառատրոփ է:

Ավտոբուսի վերջին կանգառում երկու պատանիներ` կարմիր գլխարկներով, դեմքները չձևավորված, միաժամանակ աղջնակ հիշեցնող: Նրանց հետ` երկուսը հեծանիվներով, մեկը իր եղբոր տղան է: Չորսով խնդրել էին նրան հեծանիվի դողեր բերել քաղաքից:

Նրանք հաղորդում են, որ իր երեքամսյա բացակայության ժամանակ բժիշկը նրանց տանը` իր մահճակալին էր քնում: Թռչում են, հեծանիվները նկատվում են, չեն նկատվում, վերացական են, հեռվից նիկելի փայլատակող ճերմակ, ոտնակների կողքից կողք ընկնելով` ավելի հեռվում են, միաժամանակ, չղջիկի թևերի թափահարում են հիշեցնում:

Նրանցից հետո` հեռագրասյունը:

Մինչև տուն նրանք ոտքով են գնում: Ցանկապատի դուռն են բացում, պայուսակները դնում են գետին, տեսնում է` կինը տան կտուրին է, ծառից թթու խնձորներ է պոկել, ուտում է, աչքերի խորքում պեծկըլտոց կա, այդ կայծերին հասնելը Մինասին անհնար է:

Նույն գույնով` անցումային տեսարան: Մինասը, տեսարանը: Ճանապարհին մի նորածին, հողե ճամփին` մեջքի վրա, նորածինը կնոջ երեխան է: Նախկին ձայնը: Աճող քառատրոփ, նրան համահավասար փնչոց` լեռները, հողի դողը, դղրդոցը, անդունդները, ցնցումը, փոշին, ճամփեզրին աստղափշերը դողում են` նրանց դողէրոցքը, նրանց չորի ցնցումը: Ժամանակը նույն ժամանակն է, անընդհատ օրվա արևը մայր մտնելուց հետոյի ժամանակն է` ոչ լույս, ոչ մութ:

Բայց դրանից առաջ ուժեղ շոգ է եղել` տոթ, տապ, քար է ճաքել, թռչունները դեռ բաց կտուցներով են շրջում, տերևները կրկված են: Հեռվում, շատ հեռվում կենտ մի գայլ, կարմիր լեզուն: Թեք անցնում է ճանապարհը:

Ձայնը և փոշու ամպ` աստիճանաբար աճում է հեռվի մեջ, չափավոր, շատ թույլ հիշեցնում է ատոմային ռումբի սնկին:

Սև, մանր կետեր: Հանկարծ` արջառների նախիրը: Շնչառությունը, քառատրոփը, գալիս են: Շատ են, համատարած դաշտերով գալիս են, անչափ շատ են, ամբողջ հորիզոնը բռնել են: Հողի գվվոցը, լեռները, անդունդները, ձորերը ցնցվում են: Ամենաբարձր լեռների գագաթներից իրենք իրենց գլաքարեր են պոկվում, կոբրա օձի ֆշշոցով սլանում են ցած:

Ինքը գիտե, որ մանուկը երեխան է, դրել են այդտեղով անցնող վայրի, խելահեղ արջառների ճանապարհին, որպեսզի նրանք ոտքերով ճզմեն:

Ձայնը, քառատրոփը, գալիս են, այս անգամ համատարած հորիզոնը բռնած, նրանց ծավալի մեջ հազիվ նշմարելի, որոշակի, մի քանի սպիտակ կետեր են նկատվում: (Մնացածը մուգ գույնի արջառներ են):

Նույն արագությունը, դմբդմբոցը, ոռնոցը շարունակվում է: Առջևից գալիս է սպիտակ ցուլը` չորս ոտքերի արանքում է պահում նորածնին, մութ` սև ցուլերի նախիրն անցնում է: Անցումը խավարի ծավալ է:

Սպիտակ ցուլը` կոտոշների հարվածից, անգամ միայն այդչափ անցողիկ հպումից, արյունաքամ է և’ գոլորշիանալու պես է, և’ տապալվելու նման է: Նորածինը նրա  չորս ոտքերի ու փորի տակ անընդհատ տարածվող կարմրի մեջ է, կարմիրը և հեղուկ է, և ծավալ: Ցուլը` կողին, հողի վրա է, ընկած է, տպավորությունը ոչ թե ընկածի է, այլ` ԱՆԿՅԱԼԻ:

Ընկած է, անկյալ է:

Վերացարկված նրա զանգվածը գեղեցիկ չէ: Ցլի աչքը: Աստղափշերի ֆոնին շատ որոշակի մի թռչուն է կանգնած` կարմրալանջիկ: Թռչում է` թևերի բացվելը տարածության մեջ: Ցլի ճերմակ գույնի երկինք համբառնելը: Ճերմակ գույնը հեծանվավոր սպիտակ չղջիկների երամ դարձած` միանում է երկնքին:

Հեռվում, շատ հեռվում` կենտ մի հեռագրասյունը:

Լուսանում է: Կողքին` քնի մեջ տնքում է կինը, դպրոցում բարձր դասարանցիները հոգնեցնում են նրան:

Ինքն ամբողջ գիշեր բաց աչքերով առաստաղին է նայել: Ուժասպառ է, այդքան ժամանակ մարտնչել է երեխայի փրկության համար:

Դրսի պղնձագույն աշունը, նրա կավագույնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter