Եկամուտների կատարողականը կազմել է 82.6 %. կայացել է ՀՀ ՏԿ նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին հանրապետության համայնքների բյուջեների 2012 թ. 7 ամիսների կատարողականի ցուցանիշները: Օգոստոսի 1-ի դրությամբ ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 82.6 տոկոս, անցած տարվա 7 ամսվա համեմատ աճը կազմել է 3 մլրդ 860 մլն 899 հազար դրամ: Սեփական եկամուտները, առանց պաշտոնական դրամաշնորհների, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են1 մլրդ 450 մլն 748 հազար դրամով. արձանագրվել է 83.7 տոկոս կատարողական:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանն անբավարար համարեց հողի հարկի հավաքագրման արդյունքները, ընդգծելով, որ հատկապես ցածր ցուցանիշներ ունեցող մարզերում չկան օբյեկտիվ պատճառներ նման արդյունքներ գրանցելու համար: 80 տոկոսից ցածր ցուցանիշներ են արձանագրվել Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում: Հանձնարարվեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին եւ փոխնախարար Արտաշես Բախշյանին շարունակել հետեւողական աշխատանքները` նշված մարզերում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
Սեփական եկամուտների հավաքագրման մեջ, անցած տարվա համեմատ, նվազում է գրանցվել նաեւ տեղական եւ պետական տուրքերի մասով: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ եւ առաջիկա երկու շաբաթում մարզերում վերլուծել տեղական տուրքերի հավաքագրման նվազման պատճառները:
Համայնքների սեփական եկամուտներում պետական տուրքերի հավաքագրման մակարդակն անցած տարվա համեմատ նվազել է 12.7 տոկոսով` 57 մլն 926 հազար դրամով: Ա. Գեւորգյանը հանձնարարեց ուսումնասիրել պետական տուրքերի նվազման օբյեկտիվ պատճառները, եւ հատկապես` նոտարական եւ անշարժ գույքի կադաստրի համակարգերում իրականացված բարեփոխումների ազդեցությունն այս գործընթացի վրա:
Ա. Գեւորգյանն առաջարկեց մարզպետների եւ համայնքների ղեկավարների ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները գործելու են մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:
Նիստում ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը տեղեկատվություն ներկայացրեց Ջերմուկ քաղաքում գյուղական համայնքների երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ «Հայաստանի համայնքների միություն» Իրավաբանական անձանց միության կողմից:
Գյուղական համայնքների համաժողովը Հայաստանում անց է կացվելու երկրորդ անգամ եւ նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը` երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 5-6-ը` Ջերմուկ քաղաքում: Համաժողովի ավարտին կանցկացվի Արենու ավանդական տոնավաճառը եւ գինու փառատոնը: Որոշվեց երկրորդ համաժողովում ձեւավորել 6 թեմատիկ աշխատանքային խմբեր, որտեղ կքննարկվեն հետեւյալ` «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության ձևավորում», «Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները` օրենսդրություն, հարկային փաթեթներ, նոր տեղական վճարներ եւ այլն», «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված՝ տեղական ինքնակառավարման մարմիններ - գործարար հարաբերությունների պարզեցում, հստակեցում եւ գործող ընթացակարգերի բարելավում», «Տարածքային համաչափ զարգացում, առաջանցիկ մեխանիզմների մշակում, հրատապ ծրագրերի ամփոփում», «Կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Հայաստանում» - ավարտված, ընթացիկ եւ պլանավորվող ծրագրեր` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, KfW բանկի, Ասիական զարգացման բանկի, «Թափոնների կառավարում–ԵՀԳԳ Արեւելք» տարածաշրջանային ծրագրի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում», «Տեղական ժողովրդավարություն, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն» թեմաները:
Կոլեգիայի նիստում «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մոնիտորինգի նպատակով ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության այցի, ինչպես նաեւ Ախթալայում սեպտեմբերին նախատեսվող «Միջմշակութային երկխոսություն եւ խորովածի փառատոնի» կազմակերպման մասին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել