HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խայտառակություն. հայ ֆուտբոլիստները խաղը նվիրեցին մրցակցին

Սա գուցե մի փոքր տարօրինակ ու կոպիտ հնչի, բայց դա իրականություն է: Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2012»-ի շրջանակներում Սկոպիեում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը մակեդոնացիների հետ: Սա այն դեպքում, երբ մերոնք նվազագույնը պիտի հաղթեին 2:1 հաշվով:

Գաղտնիք չէ, որ բալկանյան թիմերի դեմ մերոնք դժվարությամբ են խաղում հատկապես դրսում, որովհետեւ մրցակիցն իր արագությամբ, ֆիզիկական ուժով ու երկրպագուների բուռն աջակցությամբ կարողանում է խաղ թելադրել: Այս առումով մեծ հաշվով բացառություն չէր նաեւ Մակեդոնիա-Հայաստան խաղը: Տանտերերը պարզապես կատաղած սկսեցին հանդիպումը, ինչը միանգամայն սպասելի էր: Նրանց նպատակը արագ գոլ խփելն էր: Բայց Հայաստանի հավաքականի դարպասում կանգնած էր Ռոման Բերեզովսկին, ով այդ երեկո բառիս բուն իմաստով փչացրեց մակեդոնացի ֆուտբոլիստների ու երկրպագուների տրամադրությունը: Խաղի ընթացքում 36-ամյա դարպասապահը սլացիկ թռիչքներով այնպիսի «սեյվ»-եր անում, որ մրցակիցը ապշած դեպի երկինք էր պարզում ձեռքերը ու նույնիսկ խաչակնքվում` կարծես թե խնդրելով Աստծուց վերացնել մեր դարպասի կախարդանքը: Իսկ կախարդանք-հրաշքի անունը Բերեզովսկի էր:

Եթե մեր դարպասապահը փրկում էր իր թիմին 100 տոկոսանոց գոլային պահերից, ապա հայ հարձակվողները նման 100 տոկոսանոց պահեր էին նվիրում տանտերերին: Խաղի ընթացքում առաջին ամենաիրական պահն, այդուհանդերձ, ստեղծեցին մերոնք, երբ Հենրիխ Մխիթարյանը, հայտնվելով դարպասի անպաշտպան հատվածի դիմաց, համարձակվեց 14 մետրից շեղ հարվածել:

Թվաց, թե իրականություն է դառնալու ֆուտբոլային չգրված օրենքը` չես խփում դու, քեզ են խփում: Բայց այս միտքը գործեց տանտերերի դեմ, որոնք, խոստովանենք, առաջին կեսում շատ ավելի վտանգավոր էին գրոհում: Մակեդոնացիներին պատժեց Յուրա Մովսիսյանը, ով հավաքականում անցկացրած 3-րդ խաղում բացեց իր գոլերի հաշիվը: Այդ գոլը Լեւոն Պաչաջյանի, Հենրիխ Մխիթարյանի ու Յուրա Մովսիսյանի լավ խաղի արդյունքն էր: Պաչաջյանը իր համառության հաշվին մրցակցի անկյունայինի մոտ խլեց գնդակը, որն այնուհետ հայտնվեց Մխիթարյանի մոտ, իսկ վերջինիս վարպետական փոխանցումից հետո Մովսիսյանն առաջ նետվեց ու բարդ իրադրությունում սուր անկյան տակ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Դա կատարվեց 41-րդ րոպեին: Սակայն մերոնց ուրախությունը տեւեց մեկ րոպե: Հաջորդ իսկ գրոհի ժամանակ գերակտիվ Ջուրովսկին ուժեղ հարվածով գրավեց Բերեզովսկու դարպասը: Վերջինիս ցատկն այս անգամ չփրկեց: Շեշտենք, որ այս դրվագում թերացան այդ դիրքը հսկող պաշտպան Ռոբերտ Արզումանյանը եւ նրան փոխօգնության եկած կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:

Արզումանյանի խաղային պրակտիկայի պակասը զգացվում է: Դա երեւաց մակեդոնացիների առաջին գոլի եւ մի քանի այլ դրվագներում, երբ պաշտպանն անվստահ գործեց: Նկատելի է նաեւ, որ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը այսպիսի արագ ու ուժային կոշտ պայքարում չեն հասցնում մրցակցի հետեւից: Այս կիսապաշտպանների գործը դաշտի կենտրոնում վերահսկողություն հաստատելն էր, բայց նրանք հիմնականում վազում էին շատ արագ գրոհող մակեդոնացիների հետեւից: Աթլետիկ բալկանցիներին երիտասարդ ու փոքրամարմին Մանոյանն ու Մալաքյանը չկարողացան այդպես էլ լուրջ մրցակցություն ցույց տալ դաշտի կենտրոնում, ինչի հետեւանքն այն էր, որ տանտերերը հաճախ անարգել անցնում էին միջին գիծը:

Հաշվի արագ հավասարեցումը բալկանցիներին թույլ տվեց ընդմիջման գնալ մարտական տրամադրությամբ: Այդուհանդերձ, երկորդ կեսում էլ առաջին ամենաիրական պահը մերոնք ստեղծեցին: Յուրա Մովսիսյանն ինքն իրեն դուրս բերեց դարպասապահի դիմաց, բայց վերջին պահին կարծես թե խճճվեց, հապաղեց ու պաշտպանների աքցանի միջից կարողացավ հարվածել… ուղիղ դարպասապահի վրա: Մակեդոնացիներն ավելացրին տեմպը, բայց նորից գնդակի ճանապարհին կանգնում էր Բերեզովսկին: Տանտերերի սրընթաց ու կազմակերպված գրոհների ֆոնին երեւում էր մերոնց հախուռն խաղը: Գնդակը խլելուց հետո վերջիններս չէին կարողանում միանգամից առաջ պոկվել ու հակագրոհի ընթացքում քանակական առավելություն ստանալ մրցակցի դեմ: Այդպիսի միայն մի դրվագ եղավ, որը ձախողվեց: Հայաստան-Իռլանդիա խաղում մերոնք, թերեւս, ավելի կազմակերպված ու կարգապահ էին գործում, չկար հախուռն խաղ: Չնայած որ սրա բացատրությունն էլ կա: Մակեդոնացիների բարձր տեմպը բավականին էներգիա խլեց հայ ֆուտբոլիստներից, որոնք առավել կենտրոնացած էին տանտերերի գրոհները կասեցնելու վրա:

Բարձր տեմպից, սակայն, հոգնեցին նաեւ բալկանցիները: Արդյունքը եղավ այն, որ խաղավերջում Հայաստանի հավաքականն ակնհայտ առավելություն ստացավ: Տանտերերը կարծես ուժասպառ էին եղել, իսկ մերոնք հասկացել, որ կարելի է ու պետք է այս պարագայում 3 միավոր վաստակել: Յուրա Մովիսիյանը եւս մի հրաշալի պահ կորցրեց: Ընթացքից նրա հարվածը չստացվեց. Ֆուտբոլային լեզվով ասած` գնդակը ոտքին չնստեց: Նրա ու Մխիթարյանի ավելորդ շռայլությունը փոխհատուցեց Էդգար Մանուչարյանը, որը, ավելացված ժամանակի առաջին րոպեին միայնակ դուրս գալով դարպասապահ Նուրեդինովսկու դեմ, առանց ավելորդությունների ու դժվարության սառնասրտորեն հաշիվը դարձրեց 2:1:

Կարծես թե պիտի կրկնվեր Մակեդոնիա-Հայաստան առաջին խաղի պատմությունը: «Եվրո-96»-ի ընտրական փուլում մերոնք Սկոպիեում հաղթել էին 2:1 հաշվով: Դա պաշտոնական խաղերում Հայաստանի հավաքականի առաջին հաղթանական էր: Բայց խաղաղ երկնքում ամրպրոպ պայթեց: Օդային փոխանցմամբ տուգանային հրապարակ ուղարկված գնդակին ընդառաջ գնացին մի քանի ֆուտբոլիստ: Պաշտպան Արարատ Առաքելյանը չկարողացավ գլխով հասնել գնդակին ու շեղել դրա ուղղությունը: Առաքելյանի գլխի փոխարեն գնդակի ճանապարհը փակեց… ձեռքը: Խոստովանենք` սա ակնհայտ խախտում էր:  Ու չնայած նորվեգացի մրցավար Բերնտսենը որոշ դրվագներում կողմապահություն էր ցուցաբարել տանտերերի օգտին, սակայն այս դրվագում նույնիսկ ներեց Առաքելյանին: Վերջինիս խախտման մեջ միտում երեւաց, ինչը նվազագույնը պատժվում է դեղին քարտով: Բայց քանի որ Առաքելյանն արդեն վաստակել էր դեղին քարտ, ու նաեւ խաղի վերջին վայրկյաններն էին ընթանում, մրցավարը բավարարվեց 11 մետրոնոցով, որը մակեդոնացիները հստակ իրացրին:

Պետք չէ արդարացում փնտրել, թե իբր խղի ժամանակն արդեն սպառվել էր: 91-րդ րոպեին Մանուչարյանի գոլը նշելու համար մեր ֆուտբոլիստները որոշակի ժամանակ ծախսեցին, ինչը մրցավարը, բնականաբար, փոխհատուցեց: Երկրորդ` ոչ մի թիմ իրավունք չունի հույսը դնել մրցավարի վրա` մտածելով, թե ուր որ է նա կսուլի կամ չի հաշվի խախտումը: Ֆուտբոլում հայտնի են դեպքեր, երբ մրցավարը, ժամանակը ձգելով, պարտվող տանտերերին փրկվելու հնարավորություն է տվել: Հաղթող թիմն իր կազմակերպվածությամբ ու հոգեբանությամբ պետք է պատրաստ լինի նաեւ դրան: Մեր ֆուտբոլիստների, իսկ գուցեեւ նրանցից կոնկրետ մեկի խաղում, մենք հակառակին ականատես եղանք: Հետաքրքիր է` ի՞նչ էր մտածում Արարատ Առաքելյանն այդ խախտումը անելիս եւ դրանից հետո, երբ զարմացած տեսք ընդունելով` ուզում էր ցույց տալ, որ դա գնդակի պատահական հպում է եղել ձեռքին կամ գուցե ընդհանրապես չի եղել:

Փաստորեն, Առաքելյանը մի խախտումով ջուրը լցրեց ամբողջ թիմի աշխատանքը: Նման դեպքերում խաղային կարգապահությունը խախտած ֆուտբոլիստին անհրաժեշտ է պատժել: Սա դաս կլինի նաեւ մյուսների համար: Կարելի է ասել, թե Առաքելյանը պատահականորեն է դիպել գնդակին: Բայց մի՞թե դա արդարացում է: Ինչու՞ ֆուտբոլիստը չի փորձում առավելագույնս զգուշություն ցուցաբերել նման դրվագներում, երբ մրցակիցն ուղղակի երազում է այդպիսի նվերի մասին: Առաքելյանի խախտումը պարտադրված չէր, երբ, ասենք, նա կլիներ ուղիղ դարպասի առաջ ու դարպասն էլ անպաշտպան կլիներ: Բերեզովսկին իր դիրքում էր, մյուս պաշտպաններն էլ փոխօգնության կարող էին հասնել: Էլ ու՞մ էր պետք Առաքելյանի «Աստծո ձեռքը», որ փրկություն եղավ մակեդոնացիների համար…

Եթե Վարդան Մինասյանը շարունակելու է կիսապաշտպան Արարատ Առաքելյանին խաղացնել պաշտպանության կենտրոնում, ապա միգուցե ավելի օգտակար լինի թիմի համար, եթե այդ դիրքը վստահվի Հրայր Մկոյանին, ով ոչ արագությամբ, ոչ էլ ֆիզիկականով նվազագույնը չի զիջում Առաքելյանին: Վերջինս, անշուշտ, կարեւոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար, բայց այսպիսի միամիտ կամ միտումնավոր խախտումները ուղղակի աններելի են: Մինասյանի սաներին, ինչպես երեւաց, պակասում է թիմային արագությունը, մանր ու միջին փոխանցումների հստակությունը, առավելագույն կազմակերպվածությունն ու կարգապահությունը: Այս համատեքստում պետք է նշել, որ հավաքականի որոշ առաջատարներ չարաշահում են անհատական խաղը: Մասնավորապես, թիմի ավագ, աջ պաշտպան Սարգիս Հովսեփյանը նախորդ խաղի պես նետվում էր առաջ, ինչը մեծ ռիսկեր էր պարունակում: Իսկ Հենրիխ Մխիթարյանը նպաստավոր պահերին փոխանցում կատարելու փոխարեն զարմանալիորեն չարաշահում էր անհատական խաղը մրցակցի պաշտպանների դեմ պայքարում:

B խմբի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ռուսաստան-Սլովակիա` 0:1, Իռլանդիա-Անդորրա` 3:1:

Մեր թիմը հոկտեմբերի 8-ին Երեւանում կընդունի սլովակներին, իսկ չորս օր անց` անդորրացիներին: Մյուս հանդիպումները տեղի կունենան 2011-ին:

2 տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը:


Հաղթանակ Ոչ-ոքի Պարտություն Գոլեր Միավոր
Իռլանդիա 2 0 0 4-1 6
Սլովակիա 2 0 0 2-0 6
Ռուսաստան 1 0 1 2-1 3
Հայաստան 0 1 1 2-3 1
Մակեդոնիա 0 1 1 2-3 1
Անդորրա 0 0 2 1-5 0

Հ.Գ. Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011 թ. առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Թբիլիսիում 2:0 հաշվով հաղթեց վրացիներին, որոնց Երեւանում պարտվել էր 2:3:


Հաղթանակ Ոչ-ոքի Պարտություն Գոլեր Միավոր
Շվեյցարիա 6 2 2 15-8 20

Թուրքիա

5 1 4 13-11 16

Վրաստան

4 3 3 12-9 15

Հայաստան

4 1 5 18-19 13

Էստոնիա

3 3 4 9-16 12

Իռլանդիա

1 4 5 11-15 7

Եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել խմբերում առաջինը դարձած Ռումինիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Չեխիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Հունաստանի, Շոտլանդիայի հավաքականները: Լավագույն արդյունք ցույց տված 2-րդ տեղի 8 թիմ կվիճարկեն եւս 4 ուղեգիր: Այս 14 այնուհետ կմրցեն եզրափակիչ փուլի 7 ուղեգրերի համար, որոնց տերերը կմիանան կազմակերպիչ երկրի` Դանիայի թիմին ու կորոշեն Եվրոպայի լավագույնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter