HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյո՞ք Սոտքի ոսկու հանքավայրը 15 տարվա կյանք ունի

«GeoProMining Gold» ընկերությունը հայտարարում է, որ Սոտքի ոսկու հանքավայրից արդեն արդյունահանում է աղքատ հանքաքար, եւ որ 15 տարի անց հանքավայրի պաշարները կսպառվեն: «Պարունակությունը կազմում է 0,8-ից 0,9 գրամ տոննայում»,- հայտարարեց «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի Շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովիկ Նիկողոսյանը: Այդ պատճառով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան սկսել է ֆլոտացիայի վերականգման  և նոր «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման աշխատանքները:

Աղքատ հանքաքարից ոսկու կորզման համար հանքավայրի մոտ` Սոտք գյուղի վարչական տարածքում, 2011թ. ընկերությունն առանց թույլատրող փաստաթղթերի տեղադրեց  ջարդման-տեսակավորման տեղամաս: Իսկ հետո տեղամասի օրինականացման համար օգտագործեց 1988թ. նախագծի փաստաթղթերը, որոնք իրավական ուժ չունեն` այդ նախագծի ժամկետանց լինելու եւ չգործարկվելու պատճառով:

Հուլիսի 30-ին` Սոտք գյուղում, տեղի ունեցան Սոտքի ոսկու բաց հանքի վերազինման ծրագրի, որտեղ ներառված է ջարդիչ-տեսակավորող  տեղամասը, հասարակական լսումները:

Նախագծի համաձայն` ջարդման հետեւանքով հանքաքարից երեք չափի հանքաքար է ստացվելու` +50մմ; -50+30մմ և  -30մմ:   +50մմ դասը տեղափոխվելու է լցակույտ,  -50+30մմ-ը  օգտագործվելու է որպես խիճ ճանապարհների համար, իսկ -30մմ-ը ուղարկվելու է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա: «Բնապահպանության նախարարի N 430-ն 25.12.2006թ. հրամանին կից ցանկում հանքաարդյունահանող արդյունաբերությունում առաջացած թափոնները բացակայում են, իսկ ՀՕ 20.12.06թ. N 1434 բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին (հոդված 3.ա) լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից ոչ վտանգավոր թափոնների դրույքաչափը - 0,0 դրամ է»,- գրված է նախագծում:   Այսինքն, հանքավայրից դուրս եկած հանքաքարի զգալի մասը, որն իր մեջ պարունակում է ծանր մետաղներ եւ տոքսիկ տարրեր,  մնալու է Սեւանա լճի ավազանում` ճանապարհի երկարությամբ, եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրելու:  Հիշեցնենք, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանը պաշտպանվում է օրենքով: 

Հովիկ Նիկողոսյանը  հասարակական լսումների ժամանակ ասաց, որ ջարդիչ կայանը կգործի ընդամենը 2 տարի, մինչեւ «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման ավարտը: 

Հիշեցնենք, որ արտադրամասի ապօրինի լինելու փաստի առթիվ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը դիմել է ՀՀ դատախազություն, սակայն հստակ պատասխան չի ստացել խնդրի առնչությամբ: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում Սանասարյանը հայտնեց, որ մտադիր է եւս մեկ անգամ դիմել դատախազություն: 

Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Կարինե Մովսիսյանն ասաց, որ  ջարդիչ կայանը 4 ամսից ավելի է, չի աշխատում Հակոբ Սանասարյանի դատախազություն դիմելու արդյունքում: 

Այժմ այն մասին, թե որքան հանքաքար է արդյունահանվելու տարեկան: Նախագծում հանդիպում են արդյունահանման վերաբերյալ տարբեր թվեր: Այսպիսով` նախագծի  6.4. կետում`      «Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների աղբյուրները» ենթաբաժնում գրված է. «Սոթքի հանքի  նախագծային հզորությունը  կազմում է 1 մլն տ/տարի, սակայն    ներկայիս  արտադրողականությունը  ըստ հանքաքարի կազմում է 840000 տ/տարի:  Վերազինման աշխատանքների արդյունքում   բացահանքը կհասնի իր նախագծային հզորությանը»:  Սակայն նույն կետի մեկ այլ հատվածում գրված է. «Ներկայումս տարեկան 2,1մլն.տ հանքաքար տեղափոխվում է ջարդման-տեսակավորման տեղամաս, իսկ վերազինումից հետո  այդ քանակը կկազմի տարեկան 1,1 մլն. տ»:

Ուշագրավ է նաեւ շրջակա միջավայրում կուտակվող դատարկ ապարների ծավալի մասին տեղեկատվությունը: Նախագծում գրված է. «Տարեկան առաջանում է 6760 հազար խմ դատարկ ապարներ,  որոնք  կուտակվում են լցակույտերում»: 

Հանքի շահագործումից հետո նախատեսվում է բաց հանքի տարածքը վերածել արհեստական լճի եւ ստեղծել հանգստյան գոտի: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»: 

Հասարակական լսումների մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=J8I1vXuCwxY  հասցեում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter