HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դրական խաղ, բացասական արդյունք

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2012»-ի շրջանակներում 0:1 հաշվով առաջին խաղում զիջեց Իռլանդիայի ընտրանուն: Ընտրական B խմբի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Անդորրա-Ռուսաստան` 0:2, Սլովակիա-Մակեդոնիա` 1:0:

Իռլանդիայի ուժի մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ այս թիմը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում այս պահին 36-րդն է, իսկ Հայաստանը 96-րդը: 60 կետի տարբերությունը ինքնին խոսուն ցուցանիշ է: Բայց վիճակագրությունը երկրորդական նշանակություն ունի կոնկրետ խաղի ֆոնին: Դա հաստատեց Հայաստանի հավաքականը, որը բավականին լավ խաղ ցուցադրեց, բայց, ցավոք, մեկ սխալի արդյունքում ֆուտբոլիստների աշխատանքը ջուրն ընկավ:

Խաղը, ամբողջությամբ վերցված, անցավ հետաքրքիր, փոխադարձ վտանգավոր պահերով հարուստ պայքարում: Երկու թիմերն էլ հաջողության հասնելու լավ հնարավորություններ կորցրին, բայց, ինչպես հետխաղյա ասուլիսում նկատել է իռլանդացիների աշխարհահռչակ մարզիչ Ջիովանի Տրապատոնին, հյուրերի առաջատար Ռոբի Քինը ավելի իրատեսական պահեր կորցրեց: Իսկապես, իռլանդացիներն իրենց փորձի ու արագության շնորհիվ գոլ խփելու ավելի լավ հնարավորություններ ունեին: Նույն Քինին մի անգամ նույնիսկ հաջողվեց գրավել Բերեզովսկու դարպասը, բայց նա խաղից դուրս վիճակում էր: Հետո հյուրերի ավագի հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում` հետ մղվելով դարպասաձողից:

Այնուամենայնիվ, մերոնք էլ փորձում էին հետ չմնալ: Յուրա Մովսիսյան-Հենրիկ Մխիթարյան տանդեմը մի շարք տհաճություններ պատճառեց դարպասապահ Շեյ Գիվենին ու պաշտպաններին: Դրվագներից մեկում իռլանդացիները քիչ մնաց գրավեին սեփական դարպասը: Սակայն նկատելի էր, որ եթե բարձրահասակ ու արագավազ իռլանդացիները բրիտանական ոճով մեկ-երկու փոխանցմամբ անցնում էին մերոնց կիսադաշտն ու եզրերից փոխանցում կատարում դեպի առաջ քաշված Ռոբի Քինին, ապա մերոնք իրենց գրոհներն առավելապես զարգացնում էին լայնակի կարճ ու միջին փոխանցումներով: Այսինքն` գրոհը կամ հակագրոհը սկսելով խորքից` Հայաստանի հավաքականը ձգտում էր նախ ամուր պահել թիկունքը, դրա համար էլ հապճեպ չէր նետվում առաջ, այլ մանր փոխանցումներով անցնում էր տակտիկական գրոհի, ինչը մյուս կողմից հնարավորություն էր տալիս իռլանդացիներին արագ հետ քաշվել ու հուսալիորեն պաշտպանվել: Ըստ էության` գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճիշտ տակտիկա էր ընտրել բրիտանական ֆուտբոլ խաղացող մրցակցի դեմ, պարզապես խնդիրը եզրափակիչ գոլային հարվածն էր:

Չնայած Յուրա Մովսիսյանն ընդամենը իր երկրորդ խաղն է անցկացնում ազգային թիմում, արդեն իսկ նկատելի է նրա մեծ ներուժը: Բարձրահասակ ու արագավազ, տակտիկապես ու տեխնիկապես լավ պատրաստված այս ֆուտբոլիստը մեծ ուժ է մեր թիմի համար, ինչն ապացուցեց այս խաղում: Ժամանակի ընթացքում պետք է որ ավելի ամրապնդվի նրա ու մեկ այլ առաջատար խաղացողի` Հենրիխ Մխիթարյանի համագործակցությունը հարձակման գծում:

Դրական է նաեւ այն, որ 76-րդ րոպեին Ֆեհիի գոլից հետո մերոնք չկորցրին իրենց, ընդհակառակը` նետվեցին խաղը փրկելու ու, դատելով խաղից, նվիրված խաղացին: Հենց սա եւ ամբողջ հանդիպման ընթացքում ցույց տված կոլեկտիվ, կարգապահ, մտածված ու կոռեկտ խաղն էր պատճառը, որ Վարդան Մինասյանը գոհունակություն հայտնեց ամբողջ թիմից` առանց բացառության: Շեշտվեց նաեւ երիտասարդական հավաքականի անդամների հաջող խաղը ազգային թիմում: Սա, բնականաբար, կարեւոր հանգամանք է, քանի որ մրցակցություն է ստեղծվում գլխավոր թիմում, ինչը միայն դրական արդյունք կարող է տալ:

Կարելի է ասել, որ Իրանի հետ վերջին ընկերական հանդիպումից հետո Մինասյանին հաջողվել է շտկել նախկինում առկա հոգեբանական, տակտիկական ու կարգապահական մի շարք թերություններ: Մակեդոնիայի հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք արտագնա խաղից առաջ սա հույս է ներշնչում, բայց պետք չէ մոռանալ, որ չնայած մակեդոնացիները իռլանդացիներ չեն, այնուամենայնիվ, միջակ ամուր թիմ ունեն ու խաղում են բալկանյան ֆուտբոլ, որը մեր թիմերի ու հավաքականների համար միշտ էլ անդուր է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter